ԱԺ-ն ընդունեց բժշկի կասկածի դեպքում պացիենտի մասին հաղորդում տալը պարտականություն սահմանող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որով առողջապահության ոլորտում հստակեցվում են մի  շարք հասկացություններ, սահմանվում հստակ լիազորություններ: «Արմենպրես»ի հաղորդմամբ` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի հասկացությունները լրացնել նոր սահմանումներով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պարտականություն սահմանվել է բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ՀՀ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, եթե ԲԿ տեղափոխված պացիենտը գիտակցությունը կորցրած վիճակում է կամ ունի որոշակի վնասվածքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել բռնի կամ հակաօրինական գործողություն: Բարեփոխման արդյունքում ԲԿ-ները հստակ կունենան այն ծավալը, որի դեպքում պետք է հաղորդում ներկայացնեն ոստիկանություն:

Սահմանվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը և գործունեության ապահովմանն ուղղված դրույթներ:

Հստակեցվել են «բժշկական գաղտնիք» հասկացության իրավական բովանդակությունը, դրա փոխանցմանը և մշակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես բժշկական գաղտնիքի փոխանցման պայմանները: Նախատեսվել է ստեղծել բուժաշխատողների ընդհանուր ռեգիստր, որի ստեղծման և վարման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Գործող օրենքի «Մարդու իրավունքները բժշկական օգնության և սպասարկման բնագավառում» գլուխը վերանվանվել է «Մարդու` պացիենտի իրավունքները և պարտականությունները` բժշկական օգնության և սպասարկման ոլորտում»: Այսպիսով, զերծ մնալով «հիվանդ» հասկացության օգտագործումից, օրենքում ներառել են «պացիենտ» հասկացությունը:  ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտներին առավել որակյալ, արագ և մատչելի սպասարկում կազմակերպելու նպատակով օրենքով ամրագրվել են հեռաբժշկություն ծառայության կազմակերպման վերաբերյալ դրույթներ: Ամրագրվել է լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ, ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել կարգավորելու լաբորատոր ցանցի համակարգի հետ կապված հարաբերությունները:

Նախագիծը նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 111 կողմ ձայն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook