Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներSEO

Ամերիկացի բժիշկները «Արաբկիր» ԲԿ-ում հազվագյուտ պաթալոգիաներով երեխաների բարդ վիրահատություններ են կատարել

Ամերիկացի բժիշկները «Արաբկիր» ԲԿ վիրաբույժների հետ համատեղ հազվագյուտ ուրոլոգիական պաթալոգիաներ ունեցող երեխաների բարդ վիրահատություններ են կատարել։ Սիեթլի մանկական հիվանդանոցի ուրոլոգ Փոլ Մերգերյանն ու Մարգարիտ Շնորհավորյանը եւ Ֆրեզնոյից մանկական վիրաբույժ Դեւիդ Հոջը 2 շաբաթ շարունակ մոտ 50 երեխայի են հետազոտել եւ 22 վիրահատություն կատարել, այդ թվում՝ բնության մեջ հազվադեպ հանդիպող պաթոլոգիաների շտկման մի քանի վիրահատություն։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Արաբկիր» ԲԿ վիրաբուժական բաժնի փոխտնօրեն Սերգեյ Բաբլոյանը նշեց, որ բժիշկ Մերգերյանն արդեն 6 տարի՝ 2011 թվականից, աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում։ Ամեն տարի 20-30 հիվանդների ցուցակ է կազմվում, եւ Մերգերյանը մեկ կամ երկու շաբաթով արձակուրդի ժամանակ իր միջոցներով այցելում է «Արաբկիր» ԲԿ։ Այս անգամ նա Հայաստան է ժամանել բժիշկների մեծ խմբի հետ, որոնց հերթական անգամ հավաքել եւ այստեղ է բերել Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Բժիշկ Դեւիդ Հոջը նման պատվիրակության կազմում Հայաստան էր եկել 2015-ին։ Հենց նա էր Փոլ Մերգերյանին առաջարկել իրենց խմբի կազմում այցելել Հայաստան։

Բժիշկները միզապարկի եւ կոյանցքի էքստրոֆիայի 2 բարդագույն վիրահատություն են կատարել։ Սերգեյ Բաբլոյանի խոսքով՝ առաջին պաթոլոգիան հանդիպում է 50 000-ից մեկի մոտ, իսկ երկրորդը՝ 200 000-ից մեկի մոտ։ Միզապարկի էքստրոֆիայի դեպքում բացակայում է միզապարկի առաջնային պատը, եւ մեզը դուրս է հոսում, իսկ արտաքին սեռական օրգանը ճեղքված է։ «Կոյանցքի էքստրոֆիայի ժամանակ միզասեռական համակարգն ու աղիները բացվում են դեպի առաջնային որովայնապատը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ պաթոլոգիայի բուժումը մի քանի փուլով է ընթանում, եւ 6 տարեկան աղջկան արդեն բժիշկ Մերգերյանի մասնակցությամբ մի քանի վիրահատություն են կատարել։ Սա վերջին վիրահատությունն է եղել։

Երրորդ բարդ վիրահատությունը կատարել են առանց հետանցքի ծնված փոքրիկին։ Բժիշկներն առանձնացրել են միզուղին, հեշտոցն եւ աղիները եւ ձեւավորել հետանցք։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Փոլ Մերգերյանը նշեց, որ իր համար շատ հետաքրքիր էր հետեւել «Արաբկիր» ԲԿ-ում 6 տարվա ընթացքում կատարված փոփոխություններին եւ ինքը պետք է արձանագրի, որ այսօր սա լավ կազմակերպված հիվանդանոց է՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներով։ Ամերիկացի բժիշկը հավելեց, որ թվարկած վիրահատությունները թիմային մոտեցում էին պահանջում, եւ «Արաբկիր» ԲԿ թիմը լավ գլուխ հանեց այդ գործից։ Նա նաեւ ասաց, որ ինքը ոչ միայն սովորեցնում է տեղացի բժիշկներին, այլ նաեւ սովորում նրանցից։ Փոլ Մերգերյանի խոսքով՝ արտասահմանից եկած բժիշկներին շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի կարիքն իրոք ունեն հայ բժիշկները, եւ օգնել նրանց կոնկրետ դրանում, այլ ոչ թե ուղղակի սարքավորումներր բերել, որոնք իրենց նպատակին չեն ծառայի։

Պատասխանելով հարցին, թե ինչու է նա իր արձակուրդն Հայաստանում անցկացնում, այլ որ թե հանգստի մեկնում, Մերգերյանն ասաց,  որ իրեն 2 բան է դրդում դա անել․ առաջինը՝ ինքը հայ է եւ շատ է կապված Հայաստանին։ Երկրորդը՝ իրեն հաճույք է պատճառում երեխաներին բուժելը։ Թեկուզ իր աշխատանքը մի փոքր կաթիլ է, բայց կաթիլներից ծով է գոյանում։

Դեւիդ Հոջը, պատասխանելով հարցին, թե ինչն է նրան արդեն 2-րդ անգամ Հայաստան բերում, ասաց, որ ինքը նույնպես սիրում է բուժել երեխաներին, իսկ Հայաստանում իրեն զարմացրել է ծնողների ջերմությունն ու երախտագիտությունը։ ԱՄՆ-ում ծնողները քիչ են շփվում բժիշկների հետ։

Փոլ Մերգերյանը հավելեց, որ Հայաստանում հիվանդ երեխաների ծնողները, եթե անգամ շատ աղքատ են, փորձում են բժիշկներին որեւէ կերպ շնորհակալություն հայտնել․ քաղցրավենիք են բերում, տնական չրեր։ ԱՄՆ-ում նման ջերմություն չես հանդիպի։

Սերգեյ Բաբլոյանի խոսքով՝ բոլոր վիրահատությունները շատ թանկարժեք են եղել, դրանք արվել են կամ պետպատվերի շրջանակում կամ «Արաբկիր» ֆոնդի միջոցների հաշվին։ Ծնողները ոչինչ չեն վճարել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook