Thursday, March 28, 2024
Նորություններ

Այսօր պացիենտի համաշխարհային օրն է

Փետրվարի 11-ին ամբողջ աշխարհում նշվում է պացիենտի համաշխարհային օրը. նպատակն է բոլորի ուշադրությունը սևեռել հիվանդություն ունեցող անձանց տարբեր խնդիրներին: Պացիենտի համաշխարհային օրը նշվում է 1993 թվականից` Հռոմի Պապ Իոանն Պավլ II-ի նախաձեռնությամբ, ով ուներ Պարկինսոնի հիվանդություն: Նա օրվա նպատակը բնութագրել է հետևյալ կերպ. «առողջապահական համակարգը, ողջ քաղաքացիական հասարակությունը պետք է գիտակցեն պացիենտներին լավագույն խնամքի ապահովման, տառապանքների թեթևացման անհրաժեշտությունը»:

Այս համատեքստում խիստ կարևորվում են «մարդակենտրոն» առողջապահական համակարգերի ձևավորմանն ուղղված մոտեցումները, որտեղ շահառուն անհատն է և իրականացվող միջոցառումները նախ և առաջ պետք է բարելավեն պացիենտի առողջական վիճակը, մարդու իրավունքների գերակայությունը, այդ թվում ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակին հասնելու իրավունքը:

Առողջապահության նախարարությունը ևս որդեգրել է այս մոտեցումները և շարունակաբար գործուն քայլեր է ձեռնարկում մարդակենտրոն, որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելու ուղղությամբ, մասնավորապես.

2019 թվականից բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված անձանց համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հասանելի են դարձել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարք բժշկական ծառայություններ:

Ընդլայնվել են պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները:

Նախորդ տարվա փետրվարից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով իրականացվում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագիրը, իսկ այժմ աշխատանքներ են տարվում ծրագրի աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ, որի արդյունքում նախատեսվում է 2021 թվականից այն ներդնել նաև ԱՆ «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» ԲԿ-ներում:

Ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրահատական բուժումը 2019 թվականի հունվարից, իսկ ճառագայթային բուժումը` հուլիսից իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

Այս տարվա մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Նախորդ տարի պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման նպատակով առաջին անգամ տեղադրվել է պետական պատվեր արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության գծով 2 բժշկական կազմակերպությունում, իսկ 2020-ին` 4, ընդ որում 1-ը` Երևանում, մնացածը Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում: Բացի այդ, այս տարի նախատեսվում է պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ ծավալել մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:

Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները:

Սեպտեմբերից մեկնարկել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին: Նաև շուրջ 400 անուն դեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքների համար` 2019-ի հուլիսից տրամադրվում են անվճար:

Իրականացվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ` սքրինինգային ծրագրեր. զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշում, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով ՊԱՊ թեստ, կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր` Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի կանանց համար, «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և «Բեռլին» պոլիկլինիկաներում և այլ:

Բոլոր այս և առաջիկայում իրականացվելիք առողջապահական միջոցառումներն ուղղված են պացիենտներին մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, մատչելիության և հասանելիության ապահովմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook