Thursday, April 18, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ատամների ծկթումը երեխաների մոտ

Երեխայի առաջին ատամը կարեւոր իրադարձություն է ամբողջ ընտանիքի համար, սակայն երբեմն կարող է ցավոտ լինել հենց փոքրիկի համար:

Ե՞րբ սպասել առաջին ատամին

Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակահատվածը տատանվում է 6-7 ամսականը, սակայն լինում են նորմայից շեղումներ: Հինգ ամսականից մինչեւ երեք տարեկանը երեխայի մոտ ծկթում է 20 կաթնատամ:

Ատամների ծկթումը սովորաբար նկատելի է դառնում երեխայի պահվածքից: Փոքրիկը կարող է դառնալ գերզգայուն, ունենալ ակտիվ թքարտադրություն, հաճախ բռունցքները բերանը տանել եւ այլն: Կարող է նաեւ նկատվել ախորժակի թեթեւակի անկում եւ ջերմության բարձրացում մինչեւ 38.5° C:

Երեխայի ատամների ծկթումը ՉՊԵՏՔ Է ուղեկցվի՝

  • Լուծով
  • Սրտխառնոցով
  • Ախորժակի ամբողջական բացակայությամբ
  • Հազով
  • 39-40° C ջերմությամբ:

Այս եւ այլ ախտանիշների պարագայում հավանաբար կարող է այլ խնդիր լինել, ուստի լավ կլինի դիմել մանկաբույժի:

Ցավոք, չկա այնպիսի դեղամիջոց, որը կօգնի մեղմել երեխայի ատամների ծկթման ընթացքում առաջացող անհարմարությունը, սակայն մայրիկները կարող են պրոսեցը մի փոքր թեթեւացնել բալիկների համար: Ինչպե՞ս.
Երեխային տվեք դեղատներից հատուկ գնված խաղալիքներ, որոնք երեխան կարող է դնել բերանը: Երբ փոքրիկը ծծում է, նա ավելի հանգիստ է դառնում:
Միեւնույն ժամանակ, պետք չէ արհեստականորեն փորձել միջամտել երեխայի ատամների ծկթման պրոցեսին՝ փորձելով արագացնել այն: Պետք չէ բորբոքել երեխայի լնդերը՝ քերծելով շաքարավազի հատկիներով կամ գդալի ծայրով:  Պետք չէ նաեւ տալ երեխային կոշտ հացիկներ. դրանց փշուրները կարող են մնալ երեխայի կոկորդում:

Երեխայի ատամների հիգիենան

12-18 ամսականում երեխային պետք է զննության տանել ստոմատոլոգի մոտ: Մինչ այդ, մայրիկները պետք է լվանան երեխայի ատամները խոզանակով՝ առանց մածուկի օգտագործման:
Ֆտոր պարունակող ատամի մածուկները թույլատրվում են երկու տարեկանից հետո միայն, երբ երեխաները կարողանում են ողողում անել: Եթե երեխան դժվարանում է ողողումներ անել անգամ երկու տարեկանից հետո, եւ մածուկը կուլ տալու վտանգ կա, ապա պետք է ընտրել ֆտորի քիչ պարունակությամբ մածուկներ:

Պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացն անհատական է, սակայն մինչեւ մեկ տարեկանը երեխան գոնե մեկ ատամ պետք է ունենա, հակառակ դեպքում՝ դա կարող է խոսել երեխայի մոտ առողջական ինչ-ինչ խնդիրների մասին (օրինակ՝ ռախիտ, հիպոթերիոզ):

Երբեմն էլ առաջին ատամը կարող է զույգով ծկթել: Լինում է նաեւ, որ միանգամից չորս ատամ է ծկթում: Այս դեպքում անհանգստանալու կարիք չկա:

Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook