Wednesday, April 24, 2024
Նորություններ

Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին` արձանագրելով նաև բուժհաստատություններից բժիշկների արտահոսքի փաստը․ «Կան բժշկական հաստատություններ, որոնք առավել նպաստավոր պայմաններում են «ծրարով աշխատավարձեր» վճարելու պատճառով, քան այլ բժշկական հաստատություններ, որոնք, «սպիտակ դաշտում» գործելով, վճարում են եկամտային հարկն ամբողջությամբ»։

Երկու կառույցների ղեկավարները նշել են, որ իրենց նպատակը ոլորտում թափանցիկ ու մրցակցային ճիշտ հարաբերություններ ստեղծելն է, և որ թափանցիկությունը բերելու է հարկային պարտավորությունների լիակատար ծավալով կատարմանը: Արդյունքում վճարված հարկերն ապագայում ոլորտին բյուջետային լրացուցիչ ծախսային հնարավորություն են տալու։

«Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտոններով չձևակերպելը»,-ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը գործընկերային մթնոլորտում ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը։

Նրանք հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը, իսկ օրինապահներն առավելություն են ստանալու: Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս Առողջապահության նախարարությունն առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող  և վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել են նաև ստեղծել սպիտակ շրջանառությամբ բուժհիմնարկների ակումբ։ Գաղափարը ողջունել են երկու գերատեսչությունների ղեկավարները։ Դավիթ Անանյանը կարևորել է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով ռիսկերի մասին բարձրաձայնելը և դրանց նվազեցման քայլերը հստակեցնելը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook