Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը կընդլայնվի. շահառու կդառնա 400 կին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դայակների աշխատավարձի փոխհատուցման պիլոտային ծրագրով 2018 թվականին շահառու է դարձել մոտ 300 կին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը նշեց, որ 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցներով շահառու կդառնա 400 կին:

«Այն կանայք, ովքեր ծննդաբերել են ու գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ և հրաժարվում են երեխայի խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, կարող են օգտվել այս ծրագրից: Դայակի հետ կնքում են պայմանագիր, պետությունն էլ պատրաստ է նրա աշխատավարձի մինչև 55 հազար դրամի չափով ֆինանսավորել: Այսպես աջակցում ենք այդ կնոջը, որպեսզի նա ոչ թե 3 տարի գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ժամանակահատվածում ետ ընկնի մրցակցությունից, այլ վերադառնա աշխատանքի»,-ասաց Արսեն Մանուկյանը: Ի դեպ, երեխայի տատիկը, ով նույն հասցեում չի բնակվում, նույնպես կարող է դառնալ ծրագրի շահառու:

Դիմելու համար ընթացակարգը հետևյալն է. ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել զբաղվածության գրասենյակի տարածքային բաժիններ ըստ բնակության վայրի, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ գործատուի հետ աշխատանքի մեջ գտնվելու հանգամանքը և դիմումը:

Արսեն Մանուկյանը նշեց, որ տարվա ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում են եղել ծնունդների խրախուսման հետ կապված աշխատանքները: Այս տարվա ընթացքում բարձրացվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարի չափը՝ 50 հազարից դարձնելով 150 հազարի: Հոկտեմբերի 1-ից մինչ այժմ երկրորդ երեխայի միանվագ նպաստ՝ 150 հազար դրամ, ստացել է 1784  անձ: Նշենք, որ առաջին երեխայի դեպքում պետական բյուջեից տրամադրվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար տրվում է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար` 1.5 մլն դրամ։ Նպաստի գումարը կիսվում է երկու մասի, մի մասը տրվում է ծնողներին, և նրանք տնօրինում են այն, իսկ երկրորդ մասը փոխանցվում է երեխայի անունով բացված հատուկ բանկային հաշվին: Ծնողը կարող է ձեռք բերել այդ աջակցությունից  օգտվելու իրավունք մինչև երեխայի 18 տարին լրանալը: Արսեն Մանուկյանը նշեց, որ կառավարության նոր նախաձեռնությամբ, եթե ծնողը չի ուզում այդ գումարը թողնել, որ երեխան այն տնօրինի 18 տարեկանից հետո, ապա այժմ երեխայի ծնվելու հաջորդ իսկ օրվանից կարող են դրամագլխից ամեն ամիս ստանալ 50 հազար դրամ՝ նախկին 25 հազարի փոխարեն: Դրամագլխից ամեն ամիս որոշակի գումար ստանալու հնարավորությունը կար արդեն 3 տարի, սակայն կառավարությունն ամեն անգամ դրա համար որոշում էր ընդունում: Քանի որ պահանջարկը կա, հետևաբար կառավարությունը որոշեց այն դարձնել որպես հիմնական ուղղություն:

«Մենք շատ էինք ստանում դիմումներ այն մասին, որ լավ վիճակում չեն գտնվում, և նպատակ ունեն ներկայում ծախսելու, կառավարությունն էլ գնաց ընդառաջ»,-ասաց Արսեն Մանուկյանը:

Արսեն Մանուկյանը ներկայացրեց  նաև նպաստների հետ կապված փոփոխությունները: Հունվարի 1-ից փոփոխություններ կմտցվեն, համաձայն որոնց, բոլոր տեսակի նպաստները՝ ընտանեկան, անապահովության, սոցիալական, կերակրողին կորցնելու, հաշմանդամության, կվերանայվեն: Մասնավորապես, եթե հաշվարկված բանաձևով նպաստի չափը պակաս կկազմի 25 հազար 500 դրամից, ապա նրանք կստանան նպաստ 25 հազար 500 դրամի չափով: Նրա խոսքով՝ 2016 թվականին պետական վիճակագրական ծառայության հաշվարկներով Հայաստանում պարենային աղքատության գիծը կազմել է 23 հազար 300 դրամ, և յուրաքանչյուր տարի գնաճի 3 տոկոս հաշվարկները ցույց են տալիս, որ 2019 թվականին պարենային աղքատության գիծը կազմելու է 25 հազար 500 դրամ: Արսեն Մանուկյանն ընդգծեց, որ այս փոփոխությամբ ապահովվում է այն, որ Հայաստանում չլինի քաղաքացի, ում ստացած նպաստի չափը ցածր կլինի պարենային աղքատության գծից: Ընդհանուր շահառուների թիվը կազմելու է 85 հազար մարդ:

«Կենսաթոշակն էլ այդպես կլինի, պարզապես այդ մասով փոփոխության համար օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա: Երբ նոր խորհրդարան ձևավորվի, այդ փոփոխությունը կընդունվի, և մենք, անպայման, հետին ուժ կտանք, որ թոշակառուների վրա տարածվի 2019 թվականի հունվարի 1-ից սկսած»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Արսեն Մանուկյանը նշեց, որ շատ են կարևորում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Աշխատանքը առավել բարելավելու համար ավելի բաց են աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ, ունենալու են առավելագույն թափանցիկություն:

«Պետական բյուջեից մեզ հատկացվում է 438 մլրդ դրամի չափով գումար: Հասարակությունը պետք է իմանա, թե այդ միջոցները ոնց են ծախսվել, ինչ նպատակով, ինչ կապալառու կազմակերպությունների հետ ենք ունեցել պայմանագրեր: Բաց ենք լինելու, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե ուր են գնացել այդ միջոցները»,-ասաց նա:

Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ստեղծել են դիտորդական խումբ, որը մշտադիտարկում կիրականացնի խնամքի հաստատություններում: Այսօր գործում է 22 ՊՈԱԿ՝ գիշերօթիկ հաստատություններ, մանկատներ, տարեցների խնամքի համար հաստատություններ:

«Շատ շնորհակալ կլինենք, որ դիտորդական խումբն ակտիվորեն ուսումնասիրի մեր խնդիրները, վեր հանի, որպեսզի համատեղ արձագանքենք: Դիտորդական խմբում ներառված են 9 հասարակական կազմակերպություններ, դրանց տրվելու է մանդատ խնամքի հաստատություններ ազատ այցելելու համար»,-ավելացրեց Արսեն Մանուկյանը:

Նա նշեց, որ նախատեսում են խնամքի հաստատություններում ներգրավել նաև առևտրային կազմակերպություններին՝ որպես ծառայություն մատուցող գործընկերներ: Այդ դեպքում կլինի մրցակցություն, արդյունքում կմատուցվի առավել որակյալ ծառայություն:

Նյութը՝ lurer.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook