Երբ երեխան հրաժարվում է ուտելուց

Փոքրիկը հրաժարվում է սնվելուց, ամեն կերպ համոզում եք նրան ուտել, բայց նա համառորեն պնդում է, որ քաղցած չէ: Ո՞րն է պատճառը, և ե՞րբ անհանգստանալ:

Երեխան չունի ախորժակ. ծնողներն ունեն խնդիրներ

 Երեխայի՝ սննդից հրաժարվելու կամ քիչ սնվելու հանգամանքը անհանգստացնում է բոլոր մայրիկներին: Սովորաբար մայրիկներն ամեն բան անում են, որպեսզի փոքրիկը միշտ լինի տաք հագնված և կուշտ, շատ դեպքերում չգիտակցելով, որ անցնում են թույլատրելիի սահմանը:

Փոքրիկի մոտ ախորժակի անկումը մայրիկներին միանգամից ստիպում է մտածել, որ նա հիվանդ է կամ ունի խնդիրներ: Բայց եթե Ձեր փոքրիկը առույգ է և աշխույժ, չունի ոչ մի գանգատ, հասակի աճը նորմալ է ու միակ խնդիրը նրա վատ սնվելն է, ապա անհանգստանալու պատճառ չկա: Երբ փոքրիկը չի ցանկանում ուտել, ամենևին կարիք չկա նրան ստիպելու:

Սպասեք մինչև հաջորդ ուտելու ժամը: Միայն թե այդ ընթացքում երեխան պետք է միջանկյալ, թեթևակի սնունդ չընդունի: Հաճախ երեխայի վատ նախաճաշելու, ճաշելու ու ընթրելու պատճառն այն է, որ օրվա ընթացքում նա պարբերաբար ուտում է քաղցրավենիք, մրգեր կամ  խմում է տարբեր հյութեր:

Ի՞նչ անել, երբ երեխան ինքն է որոշում՝ ինչ ուտել

 Հաճախ 2-3 տարեկանից հետո երեխաների մոտ առաջանում է այսպես կոչված «ընտրողական ախորժակ»: Որպես կանոն՝ ուտելու ժամերին նրանք վատ են սնվում, իսկ ամբողջ օրվա ընթացքում ստիպում են մայրիկին իրենց քաղցրավենիք տալ:

Ժամանակի ընթացքում երեխայի այս նախասիրությունները դառնում են քմահաճույքներ և սկսում են անհարմարություններ պատճառել ծնողներին: Այս դեպքում ճիշտ լուծումը երեխային միշտ նույն ժամին կերակրելն է:

Եթե Ձեր փոքրիկը չի ուտում, պարզեք՝  նա չի ցանկանում ուտել, թե՝  չի կարողանում 

Միշտ չէ, որ մենք վստահորեն կարող ենք ասել, որ փոքրիկը չի ցանկանում ուտել: Հնարավոր է, որ Ձեր բալիկը չի կարողանում ուտել: Իսկ սրանք տարբեր բաներ են:

Երկու տարեկանից բարձր երեխաները, ուտել չցանկանալու դեպքում  մայրիկին կարող են պատմել այդ մասին, իսկ նորածինների ու ավելի փոքրահասակ երեխաների դեպքում ամեն ինչ ավելի դժվար է: Ձեր փոքրիկը չի ուտում, լաց է լինում, իսկ Դուք չեք  հասկանում՝ ո՞րն է խնդիրը:

Ամենից  հաճախ երեխաները չեն ուտում, եթե

1.կա խնդիր բերանի խոռոչում (օրինակ՝ ստոմատիտ),

2.կա խնդիր փոքրիկի աղեստամոքսային համակարգում (օրինակ՝ փորացավ, փորկապություն…),

3.փոքրիկն ունի քթով շնչելու խնդիրներ,

4.սնունդն ունի անսովոր համ ու ջերմաստիճան (շատ աղի, քաղցր, տաք կամ սառը սնունդը կարող է վանել Ձեր փոքրիկին):

Որքա՞ն սնունդ պետք է ընդունի երեխան օրվա ընթացքում.

 Այս հարցին միանշանակ պատասխան տալ բժիշկները դժվարանում են: Յուրաքանչյուր երեխայի օրգանիզմի պահանջները տարբեր են:

Հնարավոր է՝  երեխաներից մեկը բավարարվում է 100 գրամ սննդով, իսկ մյուսին 200-300 գրամ է անհրաժեշտ: Այս դեպքում մայրիկն  իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի արտաքին ախտանիշների վրա, որոնք էլ կօգնեն հասկանալ՝ երեխան ստանում է իր օրրգանիզմին բավարարող սննդի չափաբաժինը, թե՝ ոչ:

Պետք է դիմել  համապատասխան մասնագետի օգնությանը, եթե

1.երեխայի հասակի ու քաշի աճն  անհամապատասխան են տարիքին,

2.փոքրիկը մշտապես խնդիրներ ունի մաշկի, եղունգների ու մազերի հետ,

3. ունի շատ ցածր ակտիվություն, մշտական հոգնածություն:

Նյութը ՝ impoqrik.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook