Երեք ախտանշան, որոնք հուշում են նստակյաց կենսակերպ վարելու մասին

Ժամանակակից մարդկանց կյանքի ռիթմը բավական արագ է ու ինտենսիվ, սակայն չնայած այդ ամենին մարդն օրվա մեծ մասը, որպես կանոն, նստած է անցկացնում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում առողջական վիճակի վրա։ Կոլումբիայի համալսարանի հոգեբան Էյմի Լեյթոնը ներկայացրել է երեք ախտանշան, որոնք հուշում են օրվա ընթացքում չափազանց երկար նստած անցկացնելու մասին։

Հաճախակի հոգնածության զգացում

Հոգնածությունը սովորաբար ասոցացվում է սթրեսի, սխալ սննդակարգի կամ հորմոնալ դիսբալանսի հետ, սակայն ֆիզիկական ակտիվության պակասը ևս կարող է դառնալ գերհոգնածության պատճառ։ Մասնագետի խոսքով՝ որքան շատ է մարդն օրվա ընթացքում նստած անցկացնում, այնքան ավելի ուժգին է լինում հոգնածության զգացումը։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական երեք անգամ 20 րոպե ֆիզիկական վարժություններ անելն արդյունավետ կերպով բարձրացնում է էներգիայի մակարդակը», – նշում է բժիշկ։

Վատ տրամադրություն

Նստակյաց կենսակերպի մասին հուշող մյուս ախտանշանը վատ տրամադրությունն է։ Մասնագետի խոսքով՝ շարժումները կապված են սերոտոնին նեյրոտրանսմիտերի արտազատման հետ, իսկ սա հայտնի է որպես երջանկության ու ուրախության հորմոն։ Ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է այս հորմոնի մակարդակի նվազման, ինչի հետևանքով էլ վատթարանում է մարդկանց հոգեկան վիճակն ու տրամադրությունը։

Մոռացկոտություն

Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է մարդու գլխուղեղի ու մկանների ակտիվության համար, ուստի զարմանալի չէ, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է նաև հիշողության վատթարացման։ PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սա պայմանավորված է նրանով, որ օրական մի քանի ժամ նստած անցկացնելը խիստ բացասաբար է անդրադառնում գլխուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի վրա։ Մասնագետի խոսքով՝ սա է պատճառը, որ նստակյաց կենսակերպ վարելու և քիչ մարզվելու դեպքում հիշողությունը կարող է վատթարանալ։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook