Երեք խորհուրդ մասնագետից, որոնք կօգնեն պահպանել աշխատունակությունն ամբողջ օրվա ընթացքում

Առավոտյան հանգստացած արթնանալն ու առույգ լինելը բավարար չէ օրվա ընթացքում այդ առույգությունն ու աշխատունակությունը պահպանելու համար: Ավելին՝ երբեմն աշխատունակության անկում է նկատվում անգամ հնարավորինս ճկուն օրակարգ կազմելու և ժամանակը ճիշտ տնօրինելու դեպքում, քանի որ որպես կանոն աշխատունակության պահպանման համար կարևորագույն գործոնը մարդու էներգիան է լինում:

Inc պորտալը ներկայացրել է երեք արդյունավետ խորհուրդ սննդաբան Բարբարա Մենդեզից, որոնք կօգնեն պահպանել աշխատունակությունն ամբողջ օրվա ընթացքում:

Ամեն օր նախաճաշել

Մարդիկ հաճախ են մոռանում առողջարար նախաճաշի մասին և գերադասում են առավոտյան սնվել միայն սուրճով ու փքաբլիթով կամ որևէ այլ քաղցրավենիքով, մինչդեռ չնախաճաշելու դեպքում էներգիան կբավարարի առավելագույնը երեք ժամ կենտրոնացած աշխատելու համար, իսկ փքաբլիքը, տորթերն ու առհասարակ քաղցրավենիքը ռաֆինացված ածխաջրերի աղբյուր են, որոնք կարող էն էներգիա ապահովել մի քանի ժամ աշխատելու համար:

Հարկ է հիշել, որ աշխատունակության անկումից խուսափելու համար հարկավոր է անպայման ճիշտ նախաճաշել, քանի որ առավոտյան առողջարար մթերքի գործածությունը կօգնի պահպանել աշխատունակությունն ու էներգիան շատ ավելի երկար:

Առողջ նախաճաշի հիանալի տարբերակ կարող է լինել լոլիկով ու կանաչեղենով ձվածեղը, քանի որ ձուն հարուստ է սպիտակուցներով, որոնք կարող են օրգանիզմի համար էներիգիայի կայուն աղբյուր լինել՝ նվազեցնելով քաղցր մթերք ուտելու ցանկությունը: Համեղ ու օգտակար նախաճաշի մեկ այլ տարբերակ կարող է լինել նաև դարչնով, նուշով, հունական ընկույզով ու կտավատի սերմերով վարսակի շիլան:

Չմոռանալ հետճաշիկի մասին

Ճաշից մի քանի ժամ հետո որևէ բան ուտելը կօգնի հավելյալ էներգիա ստանալ և խուսափել ուշ ժամերին սննդի չարաշահումից: Այս դեպքում հետճաշիկի հիանալի տարբերակ կարող են լինել խնձորը, հումուսը, գազարը կամ որևէ առողջարար սմուզին:

Առողջ քուն

Երեկոյան ուշ ժամերին սննդի չարաշահումը կամ քնելուց առաջ որևէ բան ուտելու սովորությունը բացասաբար են անդրադառնում քնի որակի վրա: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ընթրել քնելուց առնվազն երեք ժամ առաջ և ուտել բացառապես դյուրամարս մթերք:

Բացի այդ, լարված աշխատանքային օրվա վերջում հարկավոր է անպայման հանգստանալ ու քնելուց առաջ վերհիշել օրվա բոլոր ձեռքբերումների և կազմել հաջորդ օրվա օրակարգը՝ նշելով առնվազն երեք կետ: Նման «ծիսակարգը» նույնպես կօգնի կարգավորել քունը, բարելավել դրա որակն ու հանգստանալ ինչպես հարկն է:

Նյութը` med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook