Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երիկամների սուր վնասում (ՍԵՎ), որը նախկինում կոչվում էր սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ)

Երիկամների սուր վնասում (ՍԵՎ), որը նախկինում կոչվում էր սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ), երիկամային ֆունկցիայի հանկարծակի կորուստն է, որը զարգանում է 7 օրվա ընթացքում։ Դրա պատճառները բազմաթիվ են։ Այն սովորաբար զարգանում է որևէ պատճառից (օրինակ՝ ցածր զարկերակային ճնշում) առաջացած երիկամների արյունահոսքի նվազման (երիկամներ իշեմիայի), երիկամները վնասող նյութերի, երիկամներում բորբոքային պրոցեսի կամ միզուղիների խցանման (օբստրուկցիայի) հետևանքով երիկամի հյուսվածքի վնասման արդյունքում։ ԵՍՎ-ը ախտորոշվում է՝ հիմնվելով լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա, ինչպիսիք են արյան մեջ ազոտի և կրեատինինի բարձրացումը, կամ երիկամների՝ բավարար քանակությամբ միզարտադրության անկարողությունը։ Այն բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով։Kidney_–_acute_cortical_necrosis

Երիկամների վնասման մակարդակից կախված տարբերում ենք ՍԵԱ-ի պրեռենալ (նախաերիկամային), ռենալ (երիկամային) և պոստռենալ (հետերիկամային) պատճառներ։

I. Պրեռենալ պատճառները առաջացնում են երիկամի արյունամատակարարման իջեցում (հիպոպերֆուզիա)։ Ամենահիմնական պատճառներն են.

  • Գաստրոէնտերիտները – փսխում, լուծ, հեղուկների քիչ ընդունում և այլն
  • Մեծ քանակով հեղուկների կորուստը մեզի միջոցով – օսմոտիկ դիուրետիկներ, դիաբեդ, միզամուղների օգտագործում, մակերիկամային անբավարարություն
  • Արյան կորուստը – ներքին և արտաքին արյունահոսություններ
  • Արտաբջջային հեղուկի տեղաբաշխումը – նեֆրոտիկ սինդրոմ, լյարդային հիվանդություններ, հիպոալբումինեմիա
  • Վազոդիլատացիան – սեպսիս, անաֆիլաքսիա
  • Կորուստներ մաշկի միջոցով – այրվածքներ, առատ քրտնարտադրություն
  • Սրտային դիսֆունկցիա – սրտի բնածին արատներ, կարդիոմիոպաթիա, առիթմիաներ, ձեռքբերովի փականային հիվանդություն, տամպոնադա
  • Երիկամային զարկերակի ստենոզ

II. Ռենալ պատճառներ, որոնք բերում են երիկամի պարենխիմայի վնասվածքի, անոթների սպազմի, ներանոթային մակարդման կամ միկրոանգիոպաթիաների հետևանքով։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն են.

  • Սուր գլոմերուլոնեֆրիտները կամ գլոմերուլների (երիկամների ֆիլտրացիոն համակարգը) պոստինֆեկցիոն կամ իմուն միջնորդավորված բորբոքումը։ Հիվանդությունները ներառում են ՀԿԳ (համակարգային կարմիր գայլախտ), Վեգեների գրանուլոմատոզ, Գուդպաստչերի հիվանդություն և այլն
  • Ներերիկամային անոթային հիվանդություններ – հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմ, վասկուլիտներ
  • Նեֆրոտոքսիկ դեղորայքի օգտագործում – ոչ ստերոիդ հակաբորբոքայինդեղամիջոցներ (իբուպրոֆեն, նապրոքսեն), հակաբիոտիկներ՝ հիմնականում ամինոգլիկոզիդներ (գենտամիցին, տոբրամիցին), լիթիումի պրեպարատներ, յոդ պարունակող պրեպարատներ, որոնք օգտագործվում են ռադիոլոգիական հետազոտությունների ժամանակ
  • Պիգմենտային ախտահարումը – հեմոգլոբինը զանգվածային հեմոլիզի ժամանակ (օրինակ՝ անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում), միոգլոբինը՝ ռաբդոմիոլիզի ժամանակ։ Սա մի վիճակ է, երբ տեղի է ունենում մկանների նշանակալի քայքայում և վնասված մկանաթելերը խցանում են երիկամների ֆիլտրացիոն համակարգը։ Հանդիպում է տրավմաների, քրաշ սինդրոմի (crush szndrome), այրվածքների ժամանակ

III. Պոստռենալ պատճառներ, որոնք ներառում են երիկամներից մեզի արտահոսքի վրա ազդող գործոններ։ Լինում են բնածին և ձեռքբերովի

• Միզածորանների կամ միզապարկի օբստրուկցիան (խցանում), որը առաջացնում է հետադարձ ճնշում, քանի որ երիկամները շարունակում են միզարտադրությունը, սակայն օբստրուկցիան արգելակում է մեզի հոսքը և մեզը հետ է վերադառնում դեպի երիկամներ։ Երբ ճնշումը երիկամներում բավականին մեծանում է, վերջիններս վնասվում են

• Շագանակագեղձի հիպերտրոֆիա և ուռուցք

• Որովայնի խոռոչում առկա ուռուցքը, որը սեղմում է միզուղիները

• Երիկամային քարեր

I.Պրոդրոմալ կամ առաջին փուլում դիտվող ախտանիշերը պայմանավորված են հիմնական հիվանդությամբ, որի ֆոնի վրա զարգացել է ՍԵԱ-ն

II. Օլիգոանուրիայի շրջանում երիկամի ֆունկցիայի իջեցմանը զուգահեռ ի հայտ են գալիս հետևյալ սիմպտոմները՝

  • Արյան մեջ միզանյութի մակարդակի բարձրացումը (ուրեմիա) կարող է ախտահարել մի քանի օրգաններ։ Հիվանդների մոտ առաջանում է նողկանք, սրտխառնոց, փսխումներ, հաճախ զարգանում է դիարեա, կարող են դիտվել աղեստամոքսային արյունահոսություններ։ Ուղեղի ախտահարումը (էնցեֆալոպաթիա) արտահայտվում է քնկոտությամբ, գիտակցության խանգարումներով՝ արգելակվածությունից ընդհուպ մինչև կոմա, ցնցումներով։ Սրտի վրա ազդեցությունը կարող է արտահայտվել ուրեմիկ պերիկարդիտով։ Իջնում է մկանների ֆունկցիան կալցիումի մակարդակի իջեցման հետևանքով
  • Հիպերկալեմիան արտահայտվում է մկանային թուլությամբ, պարէսթեզիաներով, ԷԿԳ փոփոխություններով՝ մեծ, բարձր T ատամիկ, առիթմիաներով՝ վերփորոքային տախիկարդիա, ֆիբրիլյացիա
  • Մետաբոլիկ ացիդոզը՝ կապված բիկարբոնատների առաջացման իջեցման հետ։ Որպես կոմպենսատոր մեխանիզմ ի հայտ է գալիս հևոցը, քանի որ թոքերը՝ որպես բուֆեր, հեռացնելով ածխաթթու գազը, փորձում են իջեցնել թթվայնությունը
  • Անեմիան, որը արտահայտվում է թուլությամբ, հևոցով, գունատությամբ։ Կարմիր բջիջների քանակի իջեցումը՝ կապված հեմոլիզի և էրիթրոպոետինի արտադրության նվազման հետ, բերում է արյան թթվածնի տարողունակության իջեցման, բջիջներին թթվածնի մատակարարման իջեցման, որի հետևանքով ակտիվանում է անաէրոբ մետաբոլիզմը, որը բերում է թթվային նյութերի հավելյալ կուտակմանը
  • Հիպերտենզիան, որը հիմնականում պայմանավորված է օրգանիզմում առկա հավելյալ հեղուկով

III. Միջարտադրության վերականգման շրջանը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի

  • Միզարտադրության վերականգման սկզբնական փուլ
  • Պոլիուրիայի փուլ

Այս շրջանում հիվանդի վիճակի կլինիկական բարելավվումը ակնհայտ չէ։ Մեզի քանակի արագ ավելացումը կարող է բերել դեհիդրատացիայի՝ նատրիումի և կալիումի առատ արտազատմամբ։ Այս փուլում վտանգավոր են ինֆեկցիոն բարդությունները

IV. Առողջացման շրջան։ Ամենաերկարատևն է, սկսվում է երբ միզանյութի մակարդակը կարգավորվում է, տևում է 3-6 ամիս, մինչև երիկամների ֆունկցիայի լրիվ վերականգնումը։ Որոշակի դեպքերում երիկամների ֆունկցիան վերականգնվում է մասնակիորեն կամ չի վերականգնվում լիովին և ՍԵԱ-ն անցնում է խրոնիկական երիկամային անբավարարության։

ՍԵԱ-ը կասկածվում է երբ առկա է միզարտադրության նվազում, արյան մեջ միզանյութի և կրեատինինի մակարդակների բարձրացում։ Ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է որոշել ՍԵԱ-ի առկայությունը և ձևը, փնտրել պատճառը։

Ախտորոշումը հիմնված է՝

I. Անամնեստիկ տվյալների

II. Օբյեկտիվ զննման

III. Լաբորատոր հետազոտությունների վրա

  • Արյան ընդհանուր քննություն
  • Արյան բիոքիմիական քննություն

IV. Գլոմերուլյար ֆիլտրացիոն արագության (GFR) որոշումը, որը լինում է իջած ՍԵԱ-ի դեպքում և հանդիսանում է հիմնական ախտորոշիչ թեստը։ GFR-ը միավոր ժամանակում երիկամներով անցնող արյան հոսքի արագությունն է, որը հաշվվում է ելնելով կրեատինինի մակարդակից, հիվանդի տարիքից, սեռից

V. Մեզի անալիզը ներառում է միկրոսկոպիկ անալիզը, մեզում նատրիումի և կրեատինինի մակարդակի որոշումը

VI. Որովայնի օրգանների սոնոգրաֆիան, որի միջոցով որոշվում է երիկամների չափսերը, պարենխիմայի վիճակը, հնարավոր օբստրուկցիայի առկայությունը։ Որոշակի դեպքերում կատարվում է երիկամի բիոպսիա։

Բժշկական հանրագիտարան-ՍԵԱ

.wikipedia.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook