Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Թեթև քաղցը հագեցնող հինգ համեղ ու օգտակար մթերք շաքարային դիաբետով հիվանդների համար

Օրվա ընթացքում թեթև քաղցը հագեցնելու համար մարդիկ սովորաբար տարատեսակ թեթև ուտեստներ, քաղցրավենիք ու սնեքեր են կիրառում, սակայն շաքարային դիաբետով հիվանդների համար նման մթերքի օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումով բնորոշվող այս հիվանդությունը ենթադրում է սննդակարգի խիստ վերահսկողություն։ Այնուամենայնիվ կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար և կարող են հիանալի միջոց դառնալ օրվա ընթացքում թեթև քաղցը հագեցնելու համար։

Յոգուրտ

Ածխաջրերի ու կալորիաների ցածր պարունակությամբ այս մթերքը միևնույն ժամանակ հարուստ է սպիտակուցներով ու այլ սննդարար նյութերով, այդ թվում նաև կալցիումով, B խմբի վիտամիններով, ֆոլաթթվով, կալիումով, ֆոսֆորով ու ցինկով։ Ընդամենը կես բաժակ հասարակ յոգուրտին մի փոքր ելակ, մոշ, հապալաս, չամիչ կամ ընկուզեղեն ավելացնելու դեպքում կարելի է ստանալ շատ համեղ ու օգտակար ուտեստ թեթև քաղցից ազատվելու համար։

Նեխուր

Նեխուրը պարունակում է շատ քիչ կալորիա, ածխաջրեր, ճարպեր ու խոլեստերին, սակայն հարուստ է ջրով ու մանրաթելերով։ Բացի այդ, նեխուրը պարունակում է նաև այնպիսի կարևոր սննդարար նյութեր, ինչպիսին են վիտամինները, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, ֆոլաթթուն ու կալիումը։ Այս մթերքն ավելի հագեցնող դարձնելու համար այն կարելի է համադրել գետնանուշի յուղի կամ կաթնաշոռի հետ։

Խնձոր

Ցածր կալորիականություն ունեցող և լուծվող մանրաթելերով հարուստ այս միրգն օգնում է շատ արագ ազատվել թեթև քաղցից՝ բավական երկար պահպանելով հագեցածության զգացումը։ Բացի այդ, այն նաև հարուստ է վիտամին С-ով, բուսական սննդարար նյութերով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով ու կալցիումով, որոնք ևս շատ կարևոր են օրգանիզմի համար։ Այս միրգը ոչ միայն շատ համեղ է և հագեցնող, այլև հիանալի միջոց է քաղցր ուտելու պահանջը հագեցնելու համար, ուստի շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Պոպկորն

Շաքարային դիաբետով հիվանդների համար քաղցը հագեցնելու և միաժամանակ ավելորդ կալորիաներ չօգտագործելու հիանալի տարբերակ կարող է լինել նաև եգիպտացորենից պատրաստված այս տարածված ուտեստը։ Այն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ դրա գործածությունից հետո գլյուկոզան շատ դանդաղ է արտազատվում արյան մեջ։ Ավելին, պոպկորնը նաև հարուստ է մանրաթելերով ու պարունակում է որոշ վիտամիններ ու հանքանյութեր, ինչը նույնպես շատ կարևոր է։

Կաթնաշոռ

Կաթնաշոռը ոչ միայն համեղ է ու օգտակար, այլև հագեցնում է ու երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից։ Այն սպիտակուցների հիանալի աղբյուր է, պարունակում է ածխաջրեր ու կալորիաներ, ինչպես նաև հարուստ է մեծ քանակությամբ կալցիումով, վիտամին А-ով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալիումով, սելենով ու ցինկով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook