Tuesday, April 23, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ի՞նչու են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցներից մեկը անվանվել Հայոց թագավոր Լևոն V-ի անունով և ի՞նչու են մինչև հիմա Իսպանիացիները նրան անվանում Մադրիդի տիրակալ

Լեւոն Զ Լուսինյան. Կիլիկյան Հայաստանի վերջին արքան

1375 թ․ ապրիլի 16-ին մամլուքներն ու կարամանները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սսի միջնաբերդը։ Գերյալների թվում էին Լեւոն Զ Լուսինյանն ու նրա ընտանիքի անդամները, Պողոս Սսեցի կաթողիկոսն ու բազմաթիվ իշխաններ։ Վերոնշյալ տարեթիվն էլ համարվում է Կիլիկյան հայոց թագավորության անկման տարի։

Սսի անկումից հետո, սակայն, հայ նշանավոր իշխաններից Կոստանդինը հռչակվել է Հայոց թագավոր եւ շուրջ 50 տարի իշխել Լեռնային Կիլիկիայում։ Նա համառ մարտեր է մղել հայրենի բռնազավթված տարածքներն ազատագրելու համար։ 1424-ին Եգիպտոսի սուլթանին հաջողվել է հաղթել Կոստանդինին եւ իր տիրապետության տակ առնել ամբողջ Կիլիկիան։

Լեւոն Զ Լուսինյանն իր խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով եւ Կաստիլիայի Հովհան Ա (Դոն Խուան) ու Արագոնիայի Պեդրո Դ արքաների միջնորդությամբ 1382-ին ազատվել է եգիպտական գերությունից։ 1383-ին Լեւոնը դարձել է Իսպանիայի սենյոր։ Կաստիլիայի արքան նրան պարգեւել է Մադրիդ, Վիլյառեալ ու Անդուխտար քաղաքները (առանց ժառանգության իրավունքի)։

Հայտնի է, որ 1389-ի հոկտեմբերի 2-ին Լեւոնի վասալները՝ Մադրիդի ազնվականները, պահանջել են հաստատել իրենց նախկին իրավունքներն ու արտոնությունները։ Լեւոն Լուսինյանը 1389-ի հոկտեմբերի 19-ի շնորհագրով բավարարել է այդ պահանջները։ Շնորհագիրն սկսվում է հետեւյալ խոսքերով՝ «Don Leon, por la qracia de Dios req de Armenia e senor de Madrid, de Villareal e Andujar…» եւ ստորագրված է REY LEÓN (Լեւոն արքա):

Գահընկեց արված Հայոց արքան ութ տարի կառավարեց Մադրիդը։ Կյանքի վերջին տարիները Լեւոնն անցկացրեց Փարիզի Սեն Օուեն պալատում, որը նրան հատկացրել էր Ֆրանսիայի արքա Կարլոս Զ-ն։ Վերջինս հայոց արքային ամսական 500 ֆրանկ թոշակ էր նշանակել։

Լեւոնը մահացավ 1393-ին (Փարիզ) եւ թաղվեց Կղիստինյանց (Սուրբ Քրիստինե) վանքում։ Տապանաքարի վրա պառկած դիրքով դրված է նրա սպիտակ մարմարե արձանը (չորս հարյուր տարի անց՝ 1794-ին, այն փոխադրվեց Սեն-Դընի արքայական դամբարան)։

Ի դեպ, Կիլիկիայի Լուսինյան տոհմի վերջին արքայի շիրմաքարի հեղինակն անհայտ է։ Գերեզմանը դատարկ է, քանի որ ֆրանսիական հեղափոխության ժամանակ (1789) Ֆրանսիայի տիրակալների աճյունների նման Լևոն Զ-ի մասունքներն էլ պղծվել եւ դուրս են շպրտվել։

Գերեզմանաքարին գրված է. «Այստեղ հանգչում է ազնվաբարո ու հիասքանչ արքա Լևոն դը Լուսինյանը, լատինական Հայաստանի թագավորը, որը մահացել է Փարիզում 1393 թ. նոյեմբերի 29-րդ օրհնյալ օրը։ Աղոթեք նրա համար»։

Սսի անկումից հետո Կիպրոսի տիրակալները, որպես Լուսնյանների ազգականներ, մեկ դար շարունակ իրենց տիտղոսին ավելացնում էին «Հայաստանի թագավոր» տիտղոսը եւ այդ անվամբ էլ դրամ էին հատում։

«Հայաստանի թագավոր» տիտղոսը կրել են ՝ Հակոբ Ա-ն (1375-1395), Յանուս կամ Յոհան Ա-ն (1398-1432), Յոհան Բ-ն (1432-1458), Շառլոտան՝ Լյուդովիկոս Սավոյացու կինը (1458-1460), Հակոբ Բ-ն (1460-1473) եւ Եկատիրինա Գորնարան (1473-1489)։

XVII դարում «Հայաստանի թագավոր» տիտղոսն անցավ Վենետիկի հանրապետությանը։ Այդ տիտղոսն ընդունեցին նաեւ Պիեմոնտի թագավորները, քանի որ Սավոյան դինաստիայից մի կոմս ամուսնացել էր Լուսինյանների տոհմից սերված իշխանուհու հետ։ Մինչեւ 1946 թ. Իտալիայում իշխած Սավոյան արքայական տան ժառանգները կրել են «Հայաստանի թագավոր» տիտղոսը։

Լուսանկարում՝ Լեւոն Զ Լուսինյանի տապանաքարը Փարիզի Սեն-Դընի արքայական դամբարանում

Նյութը՝ պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook