Ի՞նչ պատվաստումներ է անհրաժեշտ ստանալ նախքան ճամփորդելը

Երբ մարդ որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաև ենթարկվում է որևէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին:

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես ցեղի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի և վերջույթների մկանների ցավով, սրտխառնոցով և փսխումով, իսկ «դեղին» անվանումն առաջացել է հիվանդների մոտ զարգացող դեղնուկով։

Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են ժամանում:

Դեղին տենդի դեմ ճամփորդները պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետև պաշտպանական մեխանիզմները զարգանում են տասն օրվա ընթացքում:

Կան նաև խորհուրդ տրվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: Օրինակ Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում պատվաստվել հեպատիտ Ա-ի և որովայնային տիֆի դեմ: Մանավանդ եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հանրային սննդի վայրերից:

Իսկ ահա եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ:

Խորհուրդ է տրվում պատվաստվել պոլիոմելիտի դեմ, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան. այդ երկրները պոլիոմելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել 2 դեղաչափով, իսկ պոլիոմելիտի դեպքում 3 պատվաստում։ Հետեւաբար հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը պատվաստվի ուղևորությունից առնվազն մեկ ամիս առաջ:

Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:

Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս խորհրդատվություն և պատվաստում ստանալու նպատակով կարող են դիմել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և ճանապարհորդների սպասարկման կաբինետ (հեռախոս՝ +37410 55 06 01, հասցե՝ Դավիթ Մալյան 37)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook