Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ի՞նչ պետք է իմանա հայը, եթե որոշել է մեկնել Լեհաստան

Թեպետ զբոսաշրջային ամենաակտիվ շրջան համարվում են ամռան ամիսները, բայց փորձառու ճամփորդների համար սեզոնային սահմանափակումներ չկան: Յուրաքանչյուր ամիս էլ ճամփորդելու և բացահայտումներ անելու համար լավ է, եթե ուղղությունը տվյալ շրջանի համար ճիշտ են ընտրված, ճամփորդությունն էլ սկզբից մինչև վերջ գրագետ ծրագրված ու կազմակերպված: Sputnik Արմենիայի ճամփորդությունների գիտակ Մարիաննան պատմում է զբոսաշրջային ներուժի առումով ըստ արժանվույն չգնահատված եվրոպական երկրներից մեկի՝ Լեհաստանի մասին:

#Լեհաստանը շենգենյան երկրների ցանկում է, նշանակում է` մինչև մեկնելն անհրաժեշտ է վիզա: Հայաստանում գործում է Լեհաստանի դեսպանատուն, հետևաբար վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը հենց դեսպանություն պետք է ներկայացնել: Փաստաթղթերի ցանկը նույնն է, ինչ բոլոր շենգենյան երկրների համար՝ լրացված հարցաթերթիկ, անձնագիր, տեղեկանք աշխատավայրից, բանկից և այլն։ Հյուպատոսական վճարը 35 եվրո է: Ընթացակարգը ճշտելու, հարցազրույցի օր նշանակելու  համար պետք է դիմել դեսպանություն:

Երևանից Լեհաստանի մայրաքաղաք կարելի է հասնել շատ հարմար և մատչելի: Եթե լավ փնտրեք և ժամանակին գնեք, ապա Երևան-Վարշավա-Երևան ուղիղ թռիչքների արժեքը միջինում ընդամենը 200 եվրո է, դա է պատճառը, որ եվրոպական տարբեր երկրներ մեկնելիս Վարշավան հաճախ դիտարկվում է որպես տրանզիտային քաղաք: Այսպիսով` նստում եք օդանավ և մոտ 4 ժամ անց արդեն Վարշավայում եք: Օդանավակայանը քաղաքի կենտրոնից ընդամենը 10 կմ է հեռու: Նախապես տրանսֆեր պատվիրելու կարիք չկա: Լեհաստանն այն երկիրն է, որտեղ առանց ավելորդ գումարներ ծախսելու շատ բան կարող եք անել: Օդանավակայանից կենտրոն կարող եք հեշտությամբ հասնել ավտոբուսով կամ գնացքով:

Նկատի ունեցեք, որ ինչպես Չեխիայում, այնպես էլ Լեհաստանում, ազգային դրամային արժույթը եվրոն չէ, գրեթե 1 դար է՝ ազգային արժույթն այստեղ զլոտին է: Լեհաստանը եվրոպական ամենամատչելի երկիրն է:

Առհասարակ, Վարշավայում լավ է զարգացած տրանսպորտային ցանցը, այնպես որ շատ հեշտ է տեղափոխվել քաղաքի մի ծայրից մյուսը մետրոյով կամ ավտոբուսով: Ձեր կեցության վայրն ընտրելիս հաշվի առեք կանգառներին մոտ լինելու հանգամանքը: Այդպես կկարողանաք շրջել ոչ միայն ամբողջ քաղաքում, այլև Լեհաստանի այլ նշանավոր քաղաքներ այցելել:

Ե՞րբ գալ Լեհաստան. այստեղ կարելի է այցելել ամբողջ տարի: Ի տարբերություն եվրոպական մյուս երկրների՝ լիարժեք հանգիստ անցկացնելու համար մեծ գումարներ պետք չեն, բայց և կա ամեն բան, ինչը պետք է կատարյալ հանգստի համար: Օրինակ` ամռան ամիսներին մենք՝ ծով չունեցող հայերս ծովի կարոտով մշտապես ծովափնյա հանգիստ ենք փնտրում: Լեհաստանի ծովափի երկարությունը գրեթե 500 կմ է, թեպետ ոչ ամբողջ ծովափի երկայնքն է հարմարեցված օգտագործման համար: Այնուամենայնիվ, Բալթիկ ծովի ափին տեղակայված են լեհական մի շարք հայտնի կուրորտային քաղաքներ, ինչպես օրինակ Կոլոբրզեգ, Հել, Սոպոտ, Ուստկա, Սվիոնոուջսկիե  և մի շարք այլ դժվար  անուններով քաղաքներ:

Անգամ հուլիս-օգոստոս ամիսներին, որոնք համարվում են լողալու համար լավագույն տաք ամիսները, այստեղ զբոսաշրջիկների մեծ կուտակումներ չկան:

Гдыня
CC0 / K_DEGA / GDYNIA
Լեհաստանի լողափերում զբոսաշրջիկների մեծ կուտակումներ չեն լինում

Եթե Լեհաստան եք մեկնում պատմաճանաչողական տուրիզմի նպատակով, ապա երկրի բացահայտումը սկսեք սրտից՝ մայրաքաղաք Վարշավայից: Վարշավայի փողոցներով զբոսնելուց առաջ պիտի իմանաք, որ այս քաղաքը, որն իր նրբաճաշակ գեղեցկության համար անվանում էին արևելյան Փարիզ, գրեթե ամբողջությամբ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Варшава
Վարշավա այցելողներին առաջինը զարմացնում է այն, թե ինչպես է ճարտարապետներին ու շինարարներին հաջողվել ընդամենը մի քանի տասնամյակում հմտությամբ վերականգնել երբեմնի պատմական շենքերն ու թաղամասերը

Հիմա Վարշավա այցելող զբոսաշրջիկներին առաջինը զարմացնում է այն, թե ինչպես է ճարտարապետներին ու շինարարներին հաջողվել ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում այդպիսի հմտությամբ վերականգնել երբեմնի պատմական շենքերն ու թաղամասերը, որ տպավորություն է, թե դրանք դարերի պատմություն ունեն: Այս առումով ամենատպավորիչը պատմականորեն վերականգնված Հին քաղաքն է՝ Ստառուվկա կոչվող թաղամասն է: Նեղլիկ փողոցներ, միջնադարյան ոճով կառուցված տներ, փոքրիկ եկեղեցիներ…

Ինչպես եվրոպական մի շարք քաղաքներում, այստեղ ևս գործում են free walking tour-եր, այսինքն անվճար քայլարշավ-էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար: Դա հնարավորություն է տալիս շրջել քաղաքում, ծանոթանալ պատմաճարտարապետական հուշարձաններին առանց անգամ գումար ծախսելու:

Варшавский зоопарк
Վարշավայում գործում է նաև պատմական, հետաքրքիր կենդանաբանական այգի

Վարշավայում գործում է նաև պատմական, հետաքրքիր կենդանաբանական այգի, այն գրեթե 1 հարյուրամյակի պատմություն ունի: Ինչպես ամբողջ քաղաքը, այնպես էլ այգին իր բնակիչներով շատ է տուժել գերմանական օկուպացիայի ժամանակ: Այս վայրի մասին անգամ գեղարվեստական ֆիլմ կա՝ «Կենդանաբանական այգու վերակացուի կինը». այն պատմում է, թե ինչպես այգու աշխատակիցներին հաջողվեց փրկել կենդանիների մի մասը:Լեհաստանի երկրորդ կարևոր քաղաքը նախկին մայրաքաղաքն է՝ Կրակովը: Մինչև Կրակով հասնելը կանգառ կատարեք, եթե ունեք ամուր նյարդեր.  քաղաքից գրեթե 60 կմ հեռավորության վրա է գտնվում Աուշվից-Բիրկենաուն՝ երբեմնի հայտնի Օսվենցեմի ճամբարը:

Вход на территорию концлагеря Освенцим
© SPUTNIK / РИА НОВОСТИ
Օսվենցիմում ամեն բան պահպանված է այնպես, ինչպես եղել է ճամբարի գործելու տարիներին

Այստեղ ամեն բան պահպանված է այնպես, ինչպես եղել է ճամբարի գործելու տարիներին՝ գազախցիկներ, ճամբարում ապրածների անձնական իրեր, անգամ հագուստի ու մազերի մնացորդներ: Իրականում, սարսափելի ծանր տպավորություն է թողնում, անգամ ստույգ հայտնի չէ, թե քանի մարդու մահվան պատճառն է դարձել օսվենցեմը, ըստ տարբեր աղբյուրների՝ այդ թիվը միլիոնից պակաս չի եղել:

Վարշավայից Կրակով կարելի է հասնել ավտոբուսով, ճանապարհը կխլի մոտ 5 ժամ: Ի տարբերություն Վարշավայի՝ այստեղի պատմական կառույցները չեն ավերվել: Վիսլայի ափին գտնվող այս հրաշալի քաղաքում հաշվվում են գրեթե 5000-ից ավելի միջնադարյան կառույցներ: Կրակովի ամենահայտնի տուրիստական վայրը Թագավորական ճանապարհն է: Ժամանակին այդտեղով իսկապես անցել են արքաները, դրա համար էլ տիրակալների ճանապարհին կառուցել են ամենագեղեցիկ ու շքեղ շենքերը:

Краков
Անպայման պետք է լինել Կրակովում

Անպայման պետք է լինել Կրակովի շուկայի հրապարակում. հրապարակի տարածքում զբոսնելուց հետ պետք է հարցուփորձ անել և գտնել Լեհաստանի ամենահետաքրքիր պատմական վայրերից մեկը՝ ստորգետնյա քաղաքը: Բանն այն է, որ շուկայի պատմական տարածքի վերականգնման ժամանակ հայտնաբերվել է գրեթե 1 մետր խորության վրա գտնվող  մի ամբողջ քաղաք՝ փոքրիկ խանութներ, տնակներ, գերեզմանոց, հնագույն իրեր…

Որոշվել է այս տարածքում, այսպես ասած գետնի վրա և գետնի տակ ունենալ երկու պատմական վայրեր:

Гданск
Գդանսկ քաղաքը

Լեհաստանում իսկապես շատ տեսնելու բան կա, չմոռանանք նաև Գդանսկը, որտեղ կարելի է և՛ ծովափը վայելել, և՛ հիանալ քաղաքի ճարտարապետական գեղեցկությամբ: Իհարկե, Վարշավայի պես, Գդանսկի գրեթե ամբողջ կենտրոնը կրկին վերականգնված է, որովհետև այն ևս այրվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

Гданск
Գդանսկ քաղաքը

Անշուշտ, եթե Լեհաստանում եք՝ եվրոպական ամենամատչելի երկրներից մեկում, ուրեմն պիտի գնումներ կատարեք՝ մատչելի գին և բարձր որակ, այս հրաշալի համատեղությունը կգտնեք Լեհաստանում:

Գնումներ կատարելիս այստեղ ևս չմոռանաք Tax free կախարդական բառերն ասել, կտրոնը տրվում է 70 եվրոյից սկսած գնում կատարելիս, արդյունքում հայրենիք վերադառնալիս օդանավակայանում կվերադարձնեք ձեր կատարած գնումների ավելացված արժեքի հարկը:

Ինչ բերել որպես հիշողություն Լեհաստանից. այս շարքում թերևս առաջին տեղում սաթից (янтарь) զարդերն են և դրանով զարդարված տարբեր հուշանվերները:

Այսպես, բոլոր առումներով Լեհաստանը ճիշտ ընտրություն է և՛ այն դեպքում, երբ ուզում եք միանգամից մի քանի երկիր տեսնել, և՛ մյուս դեպքում, երբ ուզում եք մեկ երկրում լինել, բայց հագեցած հանգիստ ունենալ: Գարնանը, օրինակ, հնարավոր է ընդամենը 400-450 եվրոյով տեղավորվել ավիատոմսերի, հյուրանոցի և քաղաքային տրանսպորտի մեկշաբաթյա ծախսերի մեջ և վերադառնալ հայրենիք քիչ գումար ծախսած և շատ տպավորություններ ստացած:

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook