Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ է վտանգավոր սեռական ակտը դաշտանի ժամանակ. խորհուրդներ այդ օրերին սեքսով զբաղվողներին

Հաճախ մարդիկ սեքսով են զբաղվում նույնիսկ դաշտանի ժամանակ, եթե, իհարկե, կնոջ ինքնազգացողությունն այդ օրերին չի վատանում և արտադրությունն էլ առատ չէ: Սակայն պարզվում է, որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելն այդքան էլ անվտանգ չէ և գինեկոլոգները խորհուրդ են տալիս նման դեպքերում ավելի զգույշ լինել և անպայման պահպանակներ օգտագործել: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Ինչով է վտանգավոր սեքսը դաշտանի ժամանակ

Դաշտանի ժամանակ արգանդի ներքին թաղանթը՝ էնդոմետրիումն անջատվում է, ուստի անոթները բաց են լինում, ինչով էլ պայմանավորված է արյունահոսությունը: Այդ ժամանակ արգանդի վզիկը մի փոքր լայնանում է, որպեսզի արտադրությունը չկուտակվի և ավելի արագ դուրս գա օրգանիզմից: Սա է պատճառը, որ սեքսն այդ օրերին կարող է բարձրացնել հեշտոցից արգանդ վարակների ներթափանցման հավանականությունը, ինչի հետևանքով էլ կարող են բորբոքումներ առաջանալ:

  Այդ օրերին հատկապես վտանգված են այն կանայք, որոնց առողջությունը թույլ է կամ փոքր կոնքի հատվածում կան քրոնիկ բորբոքումներ:

Համարվում է, որ դաշտանի օրերին հնարավոր չէ հղիանալ, ուստի հաճախ մարդիկ անտեսում են պահպանակները, ինչը շատ սխալ է: Եթե կինը չունի մշտական զուգընկեր, ապա պետք է հաշվի առնել այն փաստը, որ «այդ օրերին» նույնպես կարելի է սեռավարակներ «ձեռք բերել», ուստի պահպանակների գործածությունը պարտադիր է:

Ի դեպ՝ հաճախ դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը դառնում է արտադրության առատացման և նույնիսկ ցավոտ սպազմների առաջացման պատճառ:

Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը վտանգավոր է նաև տղամարդկանց համար: Սեռական ակտից հետո կարող են առաջանալ միզուկի և նույնիսկ միզապարկի բորբոքումներ, եթե դաշտանային արտադրության մանրէները ներթափանցեն միզուկի հատված: Սա պահպանակ օգտագործելու ևս մի պատճառ է:

Եթե զուգընկերները ոչ մի դեպքում չեն ուզում հրաժարվել սեքսից, ապա գինեկոլոգները խորհուրդ են տալիս խուսափել դրանից գոնե դաշտանի առաջին երեք օրվա ընթացքում: Սակայն հարկ է հիշել, որ կնոջ մոտ փոքր կոնքի վարակների կամ բորբոքումների դեպքում դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը խստիվ արգելվում է:

Խորհուրդներ դաշտանի օրերին սեքսով զբաղվողներին

Եթե դուք ունեք կատարյալ առողջություն և չեք ուզում հրաժարվել սեռական հարաբերություններից նույնիսկ այդ օրերին, ապա հարկավոր է հաշվի առնել մի քանի կանոն.

·         Հարկավոր է հետևել սեռական հիգիենային և սեռական ակտից առաջ ու հետո ցնցուղ ընդունել ու լվանալ արտաքին սեռական օրգանները: Նույն կերպ պետք է վարվեն նաև տղամարդիկ՝ հատկապես ուշադրություն դարձնելով մաշկի ծալքերի և առնանդամի գլխիկի հատվածին:

·         Սեքսի ժամանակ անհրաժեշտ է պահպանակներ օգտագործել, որպեսզի վարակները հեշտոց չներթափանցեն, քանի որ դաշտանի ժամանակ կանանց օրգանիզմը շատ զգայուն է մանրէների և վարակների հանդեպ: Բացի այդ, պահպանակները նաև կօգնեն խուսափել անցանկալի հղիությունից, քանի որ «այդ օրերին» նույնպես հնարավոր է հղիանալ՝ հատկապես, եթե կնոջ դաշտանային ցիկլը կայուն չէ:

·         Ի դեպ՝ այդ օրերին գինեկոլոգները նաև խորհուրդ չեն տալիս ներարկումներ (спринцевание) անել, քանի որ դա խանգարում է հեշտոցի միկրոֆլորան:

·         Նաև պետք չէ սեքսի ժամանակ փորձել այնպիսի դիրքեր, որոնց դեպքում տղամարդու առնանդամը հնարավորինս խորն է ներթափանցում հեշտոց: Ամենահարմար դիրքն այդ օրերին միսիոներականն է:

Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, սակայն հարկ է հիշել, որ տհաճ հետևանքներից խուսափելու համար՝ սեքսը պետք է պաշտպանված լինի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook