Ինչու էին հայերը երեխային բարուրում հողով և պորտալարը թաղում բակում. հայկական ավանդույթներ

Երեխայի ծնունդը յուրաքանչյուր հայկական ընտանիքի համար տոն է։ Թեև Հայաստանում առաջվա պես պահպանում են այդ ուրախալի իրադարձության հետ կապված ավանդույթները, այդուհանդերձ ժամանակի ընթացքում դրանք որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Գիտե՞ք, որ հնում հայերը ծննդյան տարեդարձներ չեն նշել, իսկ նորածիններին նախընտրել են բարուրել տաք, մաղած հողով։ Մեր նախնիների կարծիքով՝ դա երեխային ավելի երկար է տաք պահել։ Այն ժամանակ տղա ունենալը մեծ հաջողություն էր համարվում։ Աղջկա դեպքում երջանկությունը լիարժեք չէր։ Մտերիմները սփոփում էին ծնողներին` ասելով, որ կարևորն առողջությունն է, աստված տա` հաջորդը տղա կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

«Բայց դա չի նշանակում, որ աղջիկներին չէին սիրում։ Պարզապես տղան ավելի նախընտրելի էր, քանի որ հայկական մշակույթում նա է ազգանունը կրողը, ժառանգը, աշխատուժը։ Աղջիկնը, ըստ ավանդույթի, ամուսնանում ու ուրիշ ընտանիք է գնում», – պարզաբանում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հնում հավատում էին բառերի ու անունների ուժին։ Երբ ընտանիքում շատ էին աղջիկներ ծնվում, մեկի անունը դնում էին Բավական, Հերիք կամ Հերիքնազ, Էլչկա։ Եթե երկար սպասումներից հետո տղա էր ծնվում, անվանում էին Պարգև կամ Նվեր։

Պորտալարի թաղում

Տղաների ու աղջիկների նկատմամբ տարբերվող վերաբերմունքը սկսվում էր ծննդյան պահից։ Նորածնի պորտալար կտրելը միշտ փորձառու կանանց էին վստահում։ Եթե աղջիկ էր ծնվում, կտրված պորտալարը թաղում էին տան բակում, իսկ եթե տղա՝ եկեղեցու բակում։ Համարում էր, որ դա ազդում է երեխաների ապագայի վրա․ աղջիկը տնարար, ընտանիքին նվիրված կմեծանա, իսկ տղան ակտիվ գործիչ, ճարտասան կդառնա։

«Հատուկ ուշադրություն էին դարձնում երեխաների բարուրին։ Հնում համարում էին էին, որ երեխայի կեցվածքը, ոտքերի գեղեցկությունը բարուրից է կախված։ Փոքրիկին լողացնում էին տան մեծ և փորձառու կանայք։ Նրանք նաև հատուկ վարժություններ ու մերսում էին անում, որ երեխայի պարանոցն ավելի երկար լինի, իսկ ճակատը՝ լայն», – ասում է Պողոսյանը։

Միաժամանակ, ձմռանը երեխաներին մի քանի տակ էին բարուրում։ Ամենավերջում կտորի վրա մաղած հող էին լցնում։ Դա ավելի երկար էր երեխային տաք պահում։

Հայկական ավանդույթի համաձայն՝ փոքրիկներին տատերի ու պապերի անունով էին կոչում։ Մեր նախնիները կարծում էին, որ այդպիսով երեխային կփոխանցվեն մեծերի բնավորության լավագույն գծերը, նրանց հաջողությունն ու ուժը։

Մկրտություն

Մկրտությունը կյանքի կարևորագույն իրադարձություններից է, այն համարյա ծնվելու պես կարևոր էր համարվում։ Ի դեպ, հնում հայերը ծննդյան օրերը չէին նշում:

Երեխաներին անպայման մկրտում էին լույս աշխարհ գալու ութերորդ օրը։ Կնքահորը շատ լուրջ էին ընտրում․ կնքահայր կարող էր դառնալ հաջողակ ու ամուսնության մեջ երջանիկ տղամարդը։ Սանիկի ընտանիքում նրան յուրահատուկ էին վերաբերվում, հարգում էին ու միշտ լսում էին կնքահորը։ Երբ նա տուն էր մտնում, սանիկի մայրն ի նշան հարգանքի անպայման ոտքի էր կանգնում։

«Երեխային մտերիմների նեղ շրջանակում էին մկրտում․ քահանան ծեսն անցկացնում էր կնքահոր ու ընտանիքի անդամների ներկայությամբ։ Փոքրիկին սպիտակ (մաքրություն խորհրդանշող) հագուստ էին հագցնում, իսկ պարանոցին նարոտ (սպիտակ և կարմիր թելեր) էին անցկացնում, որը հանում էին մկրտությունից հետո երրորդ օրը», – ասում է Պողոսյանը։

Հենց նույն օրը քահանան օծում էր կնքվածի կրելիք խաչն ու երեխային բերած նվերները։

Ազգագրագետի խոսքով՝ կնունքի ժամանակ աղջիկների ոտքերի տակ մեռոն էին քսում։ Այդ պատճառով կանանց երկար ժամանակ չէր կարելի բեմ դուրս գալ կամ գինու համար խաղող ճզմել։

Քառասունք

Մարդիկ մորն ու նորածնին 40 օր էին տրամադրում մարմնով ու հոգով ուժեղանալու համար։ Այդ ընթացքում երեխային կարող էին տեսնել միայն մոտ ազգականները։ Ծննդյան քառասուն օրը լրանալուց հետո գրեթե բոլոր ցանկացողները կարող էին այցելել երեխային։

«Երեխային այցելողը չպետք է հիվանդ կամ սգի մեջ լիներ։ Առամսյայքի օրերում գտնվող կանանց նույնպես չէր թույլատրվում տեսակցել նորածնին»,- պարզաբանում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 40 օր անց երեխայի շապիկը պոկում էին։ Դա նրա կյանքի նոր փուլ էր նշանավորում։ Նրան կարող էին կտորեղեն ու քաղցրավենիք նվեր բերել։

Ատամհատիկ

Հնում ատամհատիկն այսօրվա պես շուքով չէին նշում։ Սովորաբար տանտիրուհիներն այդ օրը ավանդական կճեխաշ էին պատրաստում, որը հացահատիկի տեսակներից պատրաստված քաղցր կերակուր է։ Այդ աղանդերը լցնում էին երեխայի գլխին` վստահ լինելով, որ դա նրան հաջողություն ու երջանկություն կբերի։

Մեր օրերում ավանդույթները մի փոքր փոխվել են։ Հիմա ատամհատիկի ժամանակ երեխայի առաջ տարբեր մասնագիտություններ խորհրդանշող իրեր են դնում, մասնագիտությունների գրառմամբ գրություններ ու սպասում, թե որը կվերցնի: Ինչ երեխան վերցրեց, համարվում է, որ դա էլ կլինի նրա ապագա մասնագիտությունը: Ի լրումն, հիմա ատամհատիկը ճոխ է անցկացվում նաև հյուրասիրության առումով, որպես կանոն, աղանդերային շեշտով՝ թխվածքներ, ատամի պատկերով տորթ կամ կոնֆետներ, անուշեղեն, փուչիկներ:

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook