Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից

Հեպատիտը բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է լյարդը: Ալկոհոլը, թույները/տոքսինները, վարակիչ հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել հեպատիտ: Վիրուսային հեպատիտներ ավելի հաճախ առաջացնում են հեպատիտ Ա-ի, Բ-ի, Ց-ի, Դ-ի, Ե-ի վիրուսները: Աշխարհում առավել տարածված են վիրուսային հեպատիտներ Ա-ն, Բ-ն, Ց-ն:

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ա

Վիրուսային հեպատիտ Ա-ն վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հեպատիտ Ա-ի վիրուսն է: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-ից 50 օր է:
Հեպատիտ Ա-ն փոխանցվում է.

  • վարակված խմելու ջրի օգտագործման կամ վարակված ջրում լողալու հետևանքով,
  • ոչ պատշաճ լվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում,
  • հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:

Վիրուսային հեպատիտ Ա-ի ախտանշաններն են.

  • ընդհանուր թուլություն,
  • հոգնածություն, գլխացավ,
  • մկանացավ և հոդացավ,
  • սրտխառնոց, փսխում,
  • մաշկաքոր,
  • ջերմության բարձրացում (37° — 38,5° С),
  • փորլուծություն մանկահասակ երեխաների մոտ,
  • սուր ցավեր որովայնի վերին հատվածում դեռահասների և մեծահասակների մոտ,
  • մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն
  • մեզի գույնի մգեցում, կավագույն կղանք։

Ինչպես կանխարգելել Վիրուսային հեպատիտ Ա-ն.

  • Պատվաստվել հեպատիտ Ա-ի դեմ,
  • Պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվացե՛ք ձեռքերը սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
  • Չօգտագործելառանց եռացնելու բաց ջրամբարների ջուրը խմելու նպատակով,
  • Միրգ և բանջարեղեն օգտագործելուց առաջ վերջիններս լվանալ հոսող խմելու ջրով:

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ ԵՎ Ց

Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն հիմնականում ընթանում են առանց որևէ ախտանշանների։
Վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն փոխանցվում են բնական և արհեստական ճանապարհով.

Բնական ճանապարհով փոխանցում`

  • սեռական ճանապարհ,
  • մորից երեխային (հղիության և ծննդաբերության ժամանակ),
  • կոնտակտային (վիրուսը փոխանցվում է սուր և քրոնիկ ընթացքով հիվանդներից, հակածնակիրներից ընկալունակ անձանց): Այս ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպված կոլեկտիվներում՝ կենցաղում վիրուսով աղտոտված անձնական հիգիենայի պարագաների՝ ատամի խոզանակի, ածելիի և այլնի միջոցով:

Արհեստական ճանապարհով փոխանցումը իրականացվում է բուժական և ախտորոշիչ միջամտությունների (արյան փոխներարկման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, հեմոդիալիզի, ինչպես նաև աղտոտված բժշկական նշանակության իրերի օգտագործման) միջոցով:

Վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն լինում են սուր և քրոնիկ ընթացքով:

Սուր վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի ախտանշաններն են`

  • ընդհանուր թուլություն,
  • հոգնածություն, գլխացավ,
  • հոդացավ,
  • ախորժակի կորուստ,
  • ցավ աջ ենթակողային հատվածում,
  • Ինչպես կանխարգելել վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն.
  • Պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ (հիշել, որ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութ չկա),
  • օգտագործել պահպանակներ սեռական հարաբերությունների ժամանակ,
  • օգտագործել անհատական սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ, եղունգների հարդարման պարագաներ,
  • Պահանջել, որպեսզի մաշկի և լորձաթաղանթի դակումը, մատնահարդարումը, ոտնահարդարումը և դաճվածքները իրականացվեն մանրէազերծված գործիքներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook