Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ է հալիտոզը

Հալիտոզը բերանի խոռոչի կայուն տհաճ հոտն է, որը կարող է առաջանալ ինչպես ոչ ճիշտ հիգիենայի, այնպես էլ օրգանիզմում ընթացող ախտաբանական գործընթացների պատճառով: Սա բավական տհաճ խնդիր է, որից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել դրա առաջացման պատճառը:

Հալիտոզի առաջացման պատճառներն են. բերանի խոռոչի վատ կամ թերի հիգիենան, բերանի խոռոչի հիվանդությունները, ոչ ճիշտ պրոթեզների գործածությունը, բերանի խոռոչի չորության համախտանիշը, որը պայմանավորված է հորմոնալ խանգարումներով կամ սթրեսով, քթի, կոկորդի կամ ականջի հիվանդությունները, ներքին օրգանների համակարգային հիվանդությունները, քաղցը: Բացի նշված խնդիրներից, բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման պատճառ կարող է դառնալ ծխախոտի չարաշահումը, յուրահատուկ սուր հոտով սննդամթերքի գործածությունը, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ընդունումը:

Հարկ է հիշել, որ հալիոտոզի առաջացմանը նպաստող ցանկացած էտիոլոգիական գործոն հանգեցնում է ծծմբաջրածնային անաէրոբ բակտերիաների բացմացման, որոնք թթվածնի անհրաժեշտություն չեն ունենում:

Հիվանդության ախտանշանները: Հալիտոզի հիմնական ախտանշանը բերանի խոռոչի տհաճ հոտն է, սակայն խնդիրն այն է, որ հիվանդները հաճախ պարզապես չեն զգում այդ հոտը: Տհաճ հոտը կարող է լինել մշտական կամ ի հայտ գալ պարբերաբար՝ կախված սննդի ընդունումից կամ անկախ դրանից:

Հարկ է հիշել, որ սա կարող է լինել լուրջ հիվանդության մասին հուշող ախտանշան, ուստի եթե հիվանդն ինքը չի նկատում խնդիրն ու միջոցներ չի ձեռնարկում, ապա օգնության պետք է հասնեն հարազատներն ու մասնագետները: Սա այն խնդիրն է, որի առկայության դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վտանգավոր լինել: Հարկ է հիշել, որ միայն մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել խնդրի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook