Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԻՆՔՆԱԲՈՒԺՄԱՆ ՍԽԱԼՆԵՐ

 

Սխալ ինքնաբուժման հաճախ հանդիպող դեպքերի մասին զրուցեցինք դեղագետ Լոլա Գևորգյանի հետ: Ահա թե ինքնաբուժման սխալների ինչպիսի «թեժ» յոթնյակ ներկայացրեց մասնագետը:

  1. «Հարևանիս օգնել է, ուրեմն ինձ էլ կօգնի: Ընկերուհուս բժիշկը այս դեղն էր նշանակել, լավ օգնում էր, ուրեմն ինձ էլ կօգնի…»։

Հաճախորդի պնդումները, թե իր և իր մտերմի մոտ հիվանդության նույն ախտանշաններն են կամ իրենք նույն հիվանդությամբ են տառապում, դեռ չի նշանակում, որ մեկ այլ անձի առողջութունը բարելաված դեղը կարող է մյուսին էլ օգնել նույն կերպ: Խոսքը վերաբերում է հատկապես քրոնիկ հիվանդությունների` սիրտանոթային համակարգի համար նախատեսված դեղամիջոցներին, հակաբեղմնավորիչներին, արհեստական վիժման համար նախատեսված հաբերին: Օրինակ` ճնշման կարգավորման համար նախատեսված դեղերն ունեն ադդեցության տարբեր մեխանիզմներ, հետևաբար մեկի համար դրանք կարող են ունենալ բարերար ազդեցություն, մյուսի համար` ճիշտ հակառակը: Այնպես որ խորհուրդ չի տրվում նման դեպքերում առանց բժշկի հետ խորհրդակցելու և առանց վերջինիս կողմից տրված դեղատոմսի գնալ դեղատուն ու ձեռք բերել «ծանոթին օգնած» դեղը:

  1. «Որը լավն է, դրանից էլ տվեք: Ձեր ճաշակով մի տուփ լավ ցավազրկող տվեք»:

Այս արտահայտությունները նույնպես սակավ հանդիպողներից չեն: Իրականում ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներն այնքան էլ «անմեղ ու անվնաս» դեղեր չեն և ենթադրում են ճիշտ ընդունում: Դրանցից շատերը ազդում են լյարդի, երիկամների ու ստամոքսի վրա: Այդ օրգանների հետ խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում չափավոր ընդունել վերոնշյալ դեղամիջոցները կամ առնվազն օգտագործումից առաջ ամենայն մանրամասնությամբ կարդալ դեղի ներդիր թերթիկը` հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հակացուցումներին:

3. «Դեղը լավը չէր, չօգնեց»: Քիչ չեն այն այցելուները, ովքեր դժգոհում են իրենց ընդունած դեղորայքի ոչ արդյունավետ ներգործությունից:

Սակայն մանրամասն հարցուփորձից հետո պարզվում է, որ նրանք չեն պահպանել դեղի ընդունման ճիշտ ժամն ու եղանակը: Դեղորայքի սխալ ընդունման դեպքում նվազում է կամ չի գործում դեղի դեղաբանական ազդեցությունը: Օրինակ` դեղի ներդիր թերթիկում կամ բժշկի կողմից նշանակված դեղատոմսում դեղի ընդունման պայմանները չեն պահպանվում, հիվանդը դեղն ընդունում է ոչ ժամանակին և սխալ. դեղը չի տալիս սպասված արդյունքը: Պետք է նաև հիշել, որ կան դեղեր, որոնց միաժամանակ ընդունումը պարզապես հակացուցված է: Նման դեպքում դեղերի արդյունավետությունը նվազում է: Ուստի անհրաժեշտ է պահպանել դեղընդունման տարրական կանոններն ու առանց բժշկի ցուցման ինքնաբուժությամբ չզբաղվել` միաժամանակ ընդունելով մի քանի տեսակի դեղորայք: Պատահում է նաև, երբ այցելուները բողոքում են, որ նույն ազդող նյութով երկու տեսակի դեղերից մեկն իրենց շատ լավ է օգնել, մյուսը` ոչ: Հարկավոր է հիշել, որ բացի հիմնական ազդող նյութից դեղի բաղադրության մեջ առկա են նաև հավելանյութեր, որոնք կարող են բերել դեղի դեղաբանական ազդեցության փոփո խության: Դեղի ազդեցության աստիճանը պայմանավորված է նաև օրգանիզմի առանձնահատկությամբ:

4. «Ի՞նչ տարբերություն, որն ավելի ուժեղ է, դա տվեք»։

Քրոնիկ հիվանդություններից (շաքարային դիաբետ, սիրտանոթային համակարգի հիվանդություներ, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն) տառապողները երբեք չպետք է մոռանան դեղատուն գնալիս իրենց հետ վերցնել բժշկի նշանակած դեղատոմսը, որի վրա նշված է նաև դեղի չափաբաժինը: Քրոնիկ հիվանդությունների ընթացքն ու զարգացման միտումները մշտապես հսկվում են բուժող բժշկի կողմից և ըստ այդմ էլ` բժիշկը նշանակում է անհրաժեշտ չափաբաժինը, որը ոչ մի դեպքում ինքնուրույն կամ դեղագետի խորհրդով չի կարելի փոխել:

  1. «Որը թանկ է, դրանից տվեք»։

Շատերն էլ կարծում են, թե որքան թանկարժեք է դեղը, այնքան մեծ է վերջինիս արդյունավետության գործակիցը: Սակայն արժեքով իրարից բավականին տարբերվող դեղերը կարող են ունենալ նույն դեղաբանական ներգործությունը, և գնային տարբերությունը պայմանավորված լինի զուտ դեղն արտադրող երկրի աշխարհագրական դիրքով ու այդ երկրի աշխատուժով: Օրինակ` հայրենական արտադրության դեղերը ավելի մատչելի են, իսկ եվրոպական արտադրության դեղերի ներկրումը մեր երկիր պահանջում է մաքսազերծման և տեղափոխման ծախսեր, ինչն էականորեն ազդում է դեղի գնի վրա: Ուստի արդարացված է արտերկրից ժամանած մեր քաղաքացիների զարմանքը, երբ նրանք պնդում են, որ այլ երկրներում իրենց հետաքրքրող դեղերը անհամեմատ ցածր գին ունեին:

6.«Ի՞նչ տարբերություն, թե որ դեղամիջոցն է»։

Պատահում են դեպքեր, երբ հիվանդը դեղատնից ցանկանում է դեղ գնել, սակայն չգիտի, թե որ դեղատեսակն է իրեն անհրաժեշտ` հեղու՞կ, թե՞ հաբ: Իրականում նույն դեղի հեղուկ կամ հաբ տեսակը կարող են տարբեր ազդեցություն ունենալ: Օրինակ` մոմիկն ավելի արագ է ազդում, քան օշարակը: Ներարկման ներերակային ձևն ավելի արագ է ներգործում, քան միջմկանայինը: Պարզապես ոչ բոլոր դեպքերում է գերադասելի դեղի` ավելի արագ ազդեցությամբ տեսակի կիրառումը: Համապատասխան դեղատեսակի կիրառման որոշումը կայացվում է ըստ հիվանդի վիճակի գնահատման և միայն բուժող բժշկի կողմից: Կարևոր է նաև դեղն ընդունողի օրգանիզմի առանձնահատկությունը: Կան մարդիկ, ովքեր ալերգիկ են հեղուկ դեղատեսակների նկատմամբ և դեղորայք ընդունում են միայն հաբերի տեսքով:

7.«Ի՞նչ էի արել որ, մի քիչ այլ կերպ էի ընդունել դեղը»:

Որոշ հաճախորդներ բողոքում են, որ դեղն իրենց ակնկալած ազդեցությունը չի ունեցել, բայց իմիջիայլոց նշում են, որ իրենք «մի քիչ» իրենց են հարմարեցրել դեղի ընդունումը, ասենք` կիսել են դեղը կամ դեղապատիճը բացել և նոր են ընդունել դրա պարունակությունը: Կան դեղատեսակներ, որոնք նախատեսված են միանվագ ընդունման համար, հետևաբար դրանք կիսել չի կարելի: Կողմնորոշվելու համար հարկավոր է ուշադիր զննել դեղահաբը, և եթե դրա վրա կիսելու համար նախատեսված գիծ չկա, ուրեմն փորձարկումներ անելու հարկ էլ չկա: Դեղահաբերի որոշ տեսակներ էլ պատված են պաշտպանիչ թաղանթով, որը վնասելու, կիսելու դեպքում կփոխվի կամ կնվազի դեղի ազդեցությունը` մեծացնելով կողմնակի աղդեցությունները: Չէ՞որ թաղանթը նախատեսված է հաշվարկված ժամանակահատվածում հալվելու, բուն դեղանյութը անհրաժեշտ տեղում «ազատագրելու» և ամենաարդյունավետ ազդեցությունն ապահովելու համար: Նույնը վերաբերում է նաև պատիճներին, այսինքն` պատիճը բացելու և միայն դրա պարունակությունը խմելու, այն կիսելու և երկու անգամ օգտագործելու փորձերը նույնպես անարդյունավետ են: Բացառություն կարող են լինել որոշ դեղեր, որոնք բաց են թողնվում միայն դեղահաբերի կամ պատիճների տեսքով և նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար, ուստի և կարող են կիսվել` երեխային թույլատրելի չափաբաժին տալու համար:

Որպես ամփոփում` մի քանի պարզ ցուցում:

Անպայման կարդացեք դեղի ներդիր թերթիկը, անհրաժեշտության դեպքում պահանջեք այն դեղագետից, գրագետ ու չափավոր օգտվեք դեղերից և մի զբաղվ եք ինքնաբուժությամբ:

http://astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook