«Խնդրում եմ, երեխաների համար մի՛ գնեք այդ մահաբեր պայթուցիկները». միկրովիրաբույժ

Ամանորին ու հետամանորյա օրերին Հայաստանում մշտապես գրանցվում են պայթուցիկներից վնասվելու դեպքեր: Շատերը, այդ թվում՝ անչափահասները, փորձում են ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրություն ապահովել, մինչդեռ երբեմն լինում է հակառակ արդյունքը:

Ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տասնյակից ավելի դժբախտ պատահար է գրանցվում, սակայն դա խրատ չի լինում: Այսօր էլ մայրաքաղաքի փողոցներում, գետնանցումներում առանց արգելքի պայթուցիկներ են վաճառում, ցավոք սրտի, գնողների մեծ մասը անչափահասներ են:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանն այս տարի ևս կոչով դիմում է ծնողներին՝  Ամանորին ընդառաջ երեխաներին հնարավորինս զերծ պահել այդ կարգի «ուրախությունից»:

«Ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ՝ մի գնեք և երեխաներին էլ արգելեք գնել այդ պայթուցիկները: Ավելի լավ է մեկ անգամ արգելել, քան հետո ամբողջ կյանքում մեղադրեք ինքներդ ձեզ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է վիրաբույժը:

Նշենք, որ նախորդ տարի Panorama.am-ն անդրադարձել էր պայթուցիկների խնդրին: Արամ Սահակյանը մեզ տրամադրել էր  սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնք գուցե սթափեցնեին  մարդականց: Վիրաբույժի խոսքով՝ այդ լուսանկարները, կարծես թե, որոշ չափով զգոնության կոչ են եղել, քանի որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում  նախորդ տարիների համեմատ  համեմատաբար քիչ դեպքեր են գրանցվել:

«Ամեն տարի դեկտեմբերի 27-ից սկսած լուրջ վնասվածներով դեպքեր ենք ունենում: 2016  թ-ի դեկտեմբերին և 2017 թ-ի հունվարին ընդհանուր առմամբ ունեցել ենք 28 դեպք, իսկ 2018 թ-ին՝ 18 դեպք: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնենք: Որքան շատ իրազեկման աշխատանքներ տարվեն, այդքան քիչ երեխաներ կտուժեն»,- նշում է Արամ Սահակյանը՝ հավելելով, որ ընդհանրապես օրենքով պետք է արգելել պայթուցիկների և տարբեր հրավտանգ նյութերի վաճառքը:

Ըստ միկրովիրաբույժի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացնի ոստիկանությունը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը, պայթուցիկների  դեմ քարոզչությունն ու բացատրական աշխատանքը պետք է տարվի անընդհատ, այլ ոչ միայն տոներից առաջ, քանի որ բազմաթիվ երեխաներ դրա պատճառով հաշմանդամ են դառնում:

«Ցավոք սրտի, այսքան տարի դեպքեր են գրանցվում, բազմաթիվ անչափահասներ են տուժում, բայց լուրջ միջոցառումներ չեն իրականացվում: Եթե տատիկներին արգելվում է փողոցում բանջարեղեն վաճառել, ինչու չեն արգելում նաև այդ մահաբեր պայթուցիկների վաճառքը»,- նշում է նա:

Արամ Սահակյանի խոսքով՝ օրեր առաջ Աբովյան փողոցում, Բժշկական ինստիտուտի մոտ տեսել է վաճառվող տարատեսակ պայթուցիկ նյութեր: Դրանցից մեկը գրավել է նրա ուշադրությունը. «Մինչ օրս տեսել էի այնպիսի պայթուցիկներ, որոնք համեմատաբար փոքր են, բայց դրանք լուրջ վնաս են հասցնում, բայց այդ տեսածս շատ ավելի մեծ էր ու, կարծում եմ, որ անդառնալի վնասներ կարող է պատճառել: Ի դեպ, բավականին էլ էժան է, և երեխաները շատ  հանգիստ կարող են գնել»:

Միկրովիրաբույժը պատմում է, որ պայթուցիկների պատճառով այս տարի գարնանը տուժել է 5-ամյա մի տղա, որի ձեռքի երեք մատներն անդամահատվել են, միայն մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո է վերականգնվել երեխայի մատները. «Իմ սիրելի Դավիթը դրա պատճառով 2-3 վիրահատություն է  տարել: Փառք Աստծո, հիմա լավ է, բայց կարող էր այլ հետևանք ունենալ»:

Այս տարի ևս միկրովիրաբույժը Ամանորի գիշերն ալկոհոլ  չի օգտագործելու,  քանի որ ամեն վայրկյան կարող է կանչեն հիվանդանոցից. «Վերջին տարիներին չեմ հիշում մի Նոր Տարի, որ տանը մնամ, պետք է միշտ պատրաստ լինել, որ ցանկացած պահի օգնության հասնեմ»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook