Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խորհուրդներ կանանց, որոնք կօգնեն խուսափել կաթնասնկախտից

Կաթնասնկախտը բավական տհաճ սնկային հիվանդություն է, որը կարող է լուրջ խնդիր դառնալ ժամանակին միջոցներ չձեռնարկելու և հիվանդության զարգացումը չկանխելու դեպքում: Սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ խուսափել՝ պարզապես մի քանի պարզ կանոնի հետևելու դեպքում:

Պահպանակի գործածություն

Զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը զգալորեն բարձրացնում է կաթնասնկախտով վարակվելու հավանականությունը, քանի որ օտար միկրոֆլորան կարող է պաթոգեն լինել, սակայն պահպանակի գործածությունը կպաշտպանի զուգընկերներին նման խնդիրներից:

Անձնական հիգիենա

Անձնական հիգիենային հետևելը կօգնի պաշտպանվել ոչ միայն կաթնասնկախտից, այլև միզասեռական համակարգի այլ հիվանդություններից: Առաջին հերթին հարկավոր է սովորել ճիշտ օգտագործել միջադիրներն ու հիշել, որ ներքնազգեստը հարկավոր է փոխել ամեն օր: Բացի այդ, հարկավոր է հաճախ փոխել նաև սրբիչներն ու արդուկել դրանք օգտագործելուց առաջ:

Շատ ուշադիր է պետք լինել նաև մաքրող միջոցների ընտրության հարցում: Հարկ է հիշել, որ արտաքին սեռական օրգանների համար հարկավոր է օգտագործել հատուկ օճառ, որը կպարունակի կաթնաթթու: Բացի այդ, կա տարածված կարծիք, որ 72%-անոց տնտեսական օճառը ոչնչացնում է բոլոր բակտերիաներն ու սնկերը, այդ թվում նաև կաթնասնկախտի հարուցիչ սնկերը:

Ճիշտ ներքնազգեստ

Կաթնասնկախտի կանխարգելման հարցում շատ կարևոր նշանակություն ունի նաև ճիշտ ներքնաշորի ընտրությունը: Հարկ է հիշել, որ ներքնաշորը պետք է լինի բամբակյա, քանի որ արհեստական կտորների միջով օդը չի ներթափանցում՝ ինչի հետևանքով արտաքին սեռական օրգանների հատվածում ձևավորվում է ախտածին սնկերի բազմացման համար բարենպաստ տաք ու խոնավ միջավայր:

Հատուկ սննդակարգ

Այս տհաճ հիվանդությունից խուսափելու համար հարկավոր է որոշ փոփոխություններ անել նաև սննդակարգում: Առաջին հերթին հարկավոր է խուսափել սնկերի բազմացմանը նպաստող մթերքից, որոնց շարքին են դասվում շաքարը, յուղոտ մթերքը, կոֆեինը, սնկերը, խմորիչ պարունակող մթերքը, գազավորված ըմպելիքները, քաղցր մրգերը, կծու և մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող ուտեստները:

Այս խանգարման դեպքում խորհուրդ է տրվում խմել մեծ քանակությամբ մաքուր ջուր, ինչպես նաև հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված բուսական թեյեր (երիցուկի, մասուրի, խնկածաղկի, կռատուկի արմատի և այլն):

Դեղորայքի ճիշտ գործածություն

Դեղորայքի սխալ գործածությունը, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժումը նույնպես կարող է դառնալ կաթնասնկախտի պատճառ, ուստի ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, իսկ դեղամիջոցները հարկավոր է ընդունել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook