Thursday, April 18, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում բացառիկ հուշարձան կա՝ 19-րդ դարի եկեղեցի, որը բառի բուն իմաստով ջրի տակ է «ապրում»։ Տարվա տարբեր ամիսներին, երբ ջրամբարի ջրի մակարդակն իջնում է, եկեղեցին երևում է։ Sputnik Արմենիան պատմում է խորտակված եկեղեցու առեղծվածը։

Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին արդեն մոտ կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, մի քանի ամիս դրան հնարավոր է մոտենալ նավակով, իսկ մի քանի օր՝ նույնիսկ ոտքով քայլելով եկեղեցի մտնել ու խոնարհված Սուրբ Հռիփսիմեում աղոթքն առ Աստված հղել։

Այն, որ Տոլորս ես հասել, միանգամից հասկանում ես, երբ գեղատեսիլ ջրամբարն է երևում։ Փոխարենը, եկեղեցին հենց գյուղի մուտքից տեսանելի չէ….

24118552

Սովետն ու եկեղեցին լեզու չգտան

Հնում Տոլորսը Սիսական աշխարհի Ծղուկ գավառի գյուղերից էր։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներում։ Դա է փաստում նաև այս տարածքի հնագույն գերեզմանատունը, որը ևս ջրի տակ է մնացել։ Բնակիչները պատմում են՝ հաճախ, երբ ջրի մակարդակն իջել է, կմախքներ են գտնվել։

 Ինչո՞ւ Տոլորս. թեպետ միակարծություն չկա, բայց  ամենատարածված տեսակետն այն է, որ անվան հիմքում «ոլորան» բառն է՝ գյուղ հասնելու համար բազմաթիվ ոլորաններ  պետք է հաղթահարել։ Ներկայիս տոլորսեցիների նախնիները մոտ երեք հարյուր տարի առաջ են այստեղ հաստատվել։ Գյուղը Այրի և Սիսիան գետերի միախառնման տեղում էր։ Տարիքով գյուղացիները հիշում են իրենց հին գյուղն ու տները։ Ասում են՝ հողե տներ էին, նեղ փողոցներ, մեքենա չէր անցնում, գյուղատնտեսական նպատակով հողերն էլ էին քիչ՝ մոտ 350 հա, բայց շեշտում են՝ զարմանալի բերրի էին, ինչ ցանեիր, կաճեր։
1960-ականներին խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել գյուղն ու նախկինի տեղում ջրամբար կառուցել։ Դե կառավարության որոշումն էր, վիճարկել հնարավոր չէր, շատերի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է չհամաձայնել կառավարական որոշման հետ։ Նոր գյուղի հիմնադրման համար գյուղացիներին տարբեր վայրեր առաջարկվեցին, սակայն տոլորսեցիները որոշեցին հեռու չգնալ՝ բարձունքում տեղավորվել, չլքել նախնիների գերեզմաններն, ու նաև որպեսզի գյուղի եկեղեցին աչքի առաջ լինի՝ թեկուզ ջրասույզ եղած։

Церковь Сурб Рипсиме в водоеме у села Толорс, Сюник

«Մինչև ջրամբարի կառուցումը խորհրդային տարիներին եկեղեցին որպես տնտեսության պահեստ է օգտագործվել, այստեղ հացահատիկ էր ամբարվում։ Թեպետ դա ճիշտ չէր, բայց առիթ ու պատճառ էր, որ եկեղեցին չքանդվեր»,- պատմում է տոլորսեցի Հովիկ Բադալյանը։ Նա շատ լավ է հիշում Սուրբ Հռիփսիմեն ցամաքում և կանգուն։ Մի պահ լռում է, հայացքն ուղղում դեպի կիսով չափ ջրից երևացող վանքը. «Ինչքան ենք բակում խաղացել»։ Այսպես, զուգահեռ սկսվեցին ջրամբարի կառուցումն ու նոր գյուղատեղիի հիմնումը։

Церковь Сурб Рипсиме в водоеме у села Толорс, Сюник
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Տոլորսի՝ ջրի տակ մնացած սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Գյուղացիների համար որպես փոխհատուցում նոր վայրում հողե տների փոխարեն երկհարկանի, բարեկարգ քարե տներ էին կառուցվում։ Բնակիչներից ում տան շինարարությունն ավարտվում էր, նա անմիջապես վերև էր տեղափոխվում։ Գյուղապետ Մարատ Առաքելյանը հիշում է՝ 1973 թվականին սովետական բանակ գնաց հին գյուղից, բանակից վերադարձավ, արդեն գյուղը տեղափոխված էր, իրենց տան տեղը չգիտեր, հարցուփորձով գտավ։

Церковь Сурб Рипсиме в водоеме у села Толорс, Сюник

Խեղդվող եկեղեցին և Աստծո զայրույթը

Եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։

«Համոզված եմ՝ եկեղեցին ավելի լավ կպահպանվեր, եթե ջրի մակարդակի փոփոխությունը չլիներ։ Մակընթացությունները լվանում են քարերն ու քայքայում եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեն դեռ կանգուն է, բայց արդեն խեղճացած է»,- ասում է Հովիկ Բադալյանը։

Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով և գյուղացիների պնդմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին։ Ըստ բարավորի՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։ Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ շինարարությունը դրանից մոտ 13 տարի առաջ էր սկսվել Տեր-Մինասյանների կողմից, որոնք այն ժամանակ այս կողմերի հոգևոր հայրերն էին։

Церковь Сурб Рипсиме в водоеме у села Толорс, Сюник
© SPUTNIK / ARAM NERSESYAN

Թեպետ որևէ տեղ գրավոր փաստ չեն գտել, բայց տոլորսեցիները վստահ են՝ 19-րդ դարում եկեղեցին ոչ թե կառուցվել է, այլ` վերակառուցվել։ Հիմքում շատ ավելի տարիներ, միգուցե նույնիսկ դարեր առաջ կառուցված բազիլիկ եկեղեցին է։ 70-ականների սկզբում, երբ եկեղեցին ջրով ծածկվեց, ջրամբարում մի քանի ջրահեղձման դեպքեր եղան։

Ինչպես Սյունիքում են ասում՝ սյունեցիներին այնքան էլ հավատավոր չեն, փոխարենը՝ լավ զինվոր են, բայց աստվածավախ մեծերն այդ շրջանում համոզված էին, որ ջրահեղձման դեպքերը պատահական չեն` Աստծո պատիժն է եկեղեցին խորտակելու համար։ Տարեց տոլորսեցիներից շատերն էլ մինչև այսօր պատմում են, թե գարնանը, երբ եկեղեցին ամբողջությամբ ջրով է ծածկվում, ուժեղ կարկուտ է տեղում ու բերքը ոչնչացնում։

Церковь Сурб Рипсиме в селе Толорс, Сюник
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Տոլորսի նորակառույց սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Ասում են՝ տարիներ շարունակ եկեղեցի չունենալը հատկապես երիտասարդությանը հեռացրել էր եկեղեցուց և հավատքից, 2012 թվականին տոլորսեցիները որոշեցին նոր եկեղեցի կառուցել. գյուղացիների վաղեմի, նվիրական երազանքն էր՝ Սուրբ Հռիփսիմեն ջրից դուրս բերել, քարերը համարակալել, տեղափոխել, վերակառուցել, բայց դա շատ ավելի մեծ ծախսեր էր պահանջում։ Բարերարի օգնությամբ ջրամբարի հարևան բարձունքում՝ ջրասույզ Սուրբ Հռիփսիմեից ոչ հեռու, նոր Սուրբ Հռիփսիմեն կառուցվեց։

Չնայած նորը կա, բայց հինը չի մոռացվել։ Երբ ԳԷՍ-ն աշխատում է, ջրի մակարդակը սկսում է իջնել, ձմռանն արդեն ջուրը գրեթե ցամաքում է ու տոլորսեցիներն իրենց Սուրբ Հռիփսիմե են այցելում, հույսը չեն կորցնում՝ եկեղեցին այնքան կանգուն կմնա, մինչև հնարավորություն ու միջոցներ գտնվեն «խեղդվող» եկեղեցուն վերջնականապես փրկելու ու ջրից հանելու համար։

Հ.Գ. Ի դեպ, Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորս հին գյուղատեղին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Տարածքի բնակիչները հիշում են՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցի էր երևում, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, չդիմացավ…

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook