Կրծքի քաղցկեղով հիվանդ տղամարդիկ ավելի ուշ են օգնության դիմում. բժիշկ-ռադիոլոգ. News.am Medicine

Ինչպես կանանց , այնպես էլ եւ տղամարդկանց մոտ, թեպետ եւ ավելի հազվադեպ, կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջանալ: Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) տնօրեն  Խաչանուշ Հակոբյանի խոսքով, կենտրոնում  842 արական սեռի  հետազոտվածներից  31-ը ունեին կրծքագեղձի չարորակ ուռուցք, եւ ավելի քան 457-ը ՝ բարորակ, որը կոչվում է գինեկոմաստիա:

Ավելի մանրակրկիտ տեղեկությունների համար դիմեցինք Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի բժիշկ – ռադիոլոգ Հովհաննես Վարդեվանյանին:

«Իգական սեռական հորմոնների ցածր մակարդակի հետ կապված տղամարդկանց կրծքագեղձերը զարգացած չեն: Եթե տղամարդու մոտ կուրծք է հայտնվում, հարկ է բժշկի դիմել: Բայց խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ դեպքերի մեծամասնությունում պատճառը հավելյալ ճարպի կուտակումն է ՝ լիպոմաստիան: Բայց հնարավոր է նաեւ գինեկոմաստիայի զուգակցումը ճարպի կուտակմանը»,- NEWS.am Medicine թղթակցին պատմեց Հովհաննես Վարդեվանյանը: Եթե կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղ զարգանում է յուրաքանչյուր ութերորդի մոտ, ապա տղամարդկանց շրջանում դա տասն անգամ ավելի քիչ է հանդիպում:

 Մինչդեռ բուժման սխեման համանման  է: Եթե դա գինեկոմաստիա է (տղամարդկանց մոտ գեղձային հյուսվածքի առկայություն, բարորակ փոփոխություն), ապա հիվանդը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, ով էլ կորոշի, թե երբ է պետք կատարել կրկնակի ճառագայթային ախտորոշում եւ երբ է անհրաժեշտ նեղ մասնագետի՝ ուռուցքաբանի , էնդոկրինոլոգի, մամմոլոգի, անդրոլոգի խորհրդատվություն: Եթե  քաղցկեղի կասկածներ կան, ապա ուռուցքաբանը կորոշի հետագա  անհրաժեշտ գործողությունները: Հիմնական մոտեցումը ՝ տեղային եւ համակարգային (ընդհանուր) բուժման համակցումն է:Որպես տեղային մեթոդ կիրարկում են վիրահատական մոտեցումը՝ մաստէկտոմիան, եւ ճառագայթային բուժումը, իսկ որպես համակարգային մեթոդներ՝ քիմիոթերապիան եւ հորմոնալ թերապիան:

Կրծքագեղձի կանցերոգենեզի (ուռուցքի առաջացման) պատճառ  կարող են հանդիսանալ վնասվածքներն ու ուռուցքածին նյութերի ազդեցությունները: Հորից որդուն հիվանդության ժառանգական  փոխանցման վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան: Մեծամասամբ չարորակ նորագոյացությունների ձեռքբերման հնարավորությունը ավելի շատ փոխանցվում է մայրական գծով, այդ թվում նաեւ մորից եւ մոտ ազգականներից որդուն:

«Ինչ վերաբերում է գինեկոմաստիային, այս հիվանդությունը շատ հազվադեպ կարող է զարգանալ մանկական հասակում: Դեռահասության տարիքում՝ օրգանիզմի սեռական հասունացման ժամանակ, տղամարդկանց մոտ նկատվում է անցողիկ գինեկոմաստիա, քանի որ արական եւ իգական հորմոնները  զուգահեռ են զարգանում: Եթե  օրգանիզմում որեւէ էնդոկրին խանգարում չի լինում, ապա տղամարդկանց օրգանիզմում գեղձային հյուսվածքն ինքնաբերաբար վերանում է:  Զառամ հասակում, երբ առկա են լյարդի ֆունկցիայի եւ իգական սեռական հորմոնների դենատուրացիոն  խանգարումներ, իգական սեռական հորմոնները երկար են պահվում օրգանիզմում եւ  գինեկոմաստիա են առաջացնում: Կապ կա նաեւ արտաքին սեռական օրգանների առողջության հետ: Գինեկոմաստիայի հետեւանք կարեղ են լինել շագանակագեղձի եւ ամորձիների բարորակ եւ չարորակ նորագոյացությունները»:

Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը ավելի հաճախ նկատվում է 60-ից բարձր տարիքում:

Տղամարդկանց մոտ ավելի հաճախ չարորակ ուռուցք է զարգանում եւ ավելի ագրեսիվ ընթացք է ունենում: Դիտվում են վաղ մետաստազներ անութափոսերում եւ ոսկրային համակարգում: Ուռուցքը հաճախ տեղակայվում է ենթապտկային շրջանում, արեոլայի տակ կամ դրանցից ոչ հեռու՝ բերելով կրծքավանդակի ձեւախախտումների: Հաճախ պտուկից դիտվում է  արյունախառը արտադրություն: Քաղցկեղի բարձիթողի դեպքերում դիտվում է մաշկի խոցոտում:

Ընդհանուր առմամբ կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյուքները տղամարդկանց մոտ ավելի  վատ են քան կանանց: Հավանաբար դրան նպաստում է  ուռուցքի արագ մետաստազներ տալու փաստը: Ինչպես նաեւ տղամարդիկ, ի տարբերություն կանանց , չեն անցնում պրոֆիլակտիկ հետազսոտություններ: Այդ պատճառով էլ նրանց մոտ նախաքաղցկեղային վիճակը  արագ վերափոխվում է ինվազիվ քաղցկեղի: Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ տղամարդիկ ավելի ուշ են բժշկի դիմում:

Որպես կանոն, եթե նրանք ինչ-որ բան էլ զգում են կրծքավանդակի շրջանում, ապա ավելի հակված են մտածելու, որ դա մկաններից է:

Յանա Ավչիյան

Նյութի աղբյուրը ` NEWS.am Medicine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook