Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Կրուպ. ինչպե՞ս է առաջանում և բուժվում հիվանդությունը

Կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը և լուսանցքի նեղացումը անվանում են կրուպ:

Գոյություն ունի իսկական և կեղծ կրուպ: Իսկական կրուպը դիտվում է դիֆթերիայի ժամանակ։ Այն ներկայում ՀՀ-ում չի հանդիպում։ Իսկ կեղծ կրուպ հիվանդության մասին զրուցել ենք  Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի մանկաբուժ Մարի Դարակչյանի հետ։Ի՞նչ է կեղծ կրուպը և ինչպե՞ս է այն դրսևորվում։

-Լարինգոտրախեիտը կամ կրուպը վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություն է : Այն  ուղեկցվում է շնչառության դժվարացմամբ և առաջացնում է հիվանդությանը բնորոշ հաչոցանման հազ: Հազը և մյուս ախտանիշները առաջանում  են ձայնալարերի, շնչափողի շրջանում զարգացող այտուցի հետևանքով: Օդի հոսքը նեղացած ձայնաճեղքով անցնելիս առաջացնում է հենց այդ հաչոցանման հազը, իսկ ներշնչումը հիմնականում ուղեկցվում է բնորոշ խզզացող ձայնով: Լարինգոտրախեիտը սովորաբար սկսվում է հարբուխով: Չոր, ցավեցնող, հաչոցանման հազը զարգանում է հատկապես գիշերվա ժամերին։ Այն հետո առավել վատթարանում է լացի և հազի համակցության արդյունքում: Ջերմությունը և խզված ձայնը հաճախ են ուղեկցում այս հիվանդությանը: Շնչառությունը կարող է դառնալ աղմկոտ և խզզացող: Ախտանիշները հիմնականում տևում են 3-5 օր:

-Ի՞նչ ճանապարհով է փոխանցվում հիվանդությունը և որո՞ք են վարակի կանխարգելման ուղիները։

-Լարիգոտրախեիտի հիմնական հարուցիչները վիրուսներն են ՝ մասնավորապես պարաինֆլյուենցիայի վիրուսը: Վարակումը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Երեխան կարող է վարակվել նաև ախտահարված խաղալիքներից, մակերեսներից, երբ նույն ձեռքերով դիպչում է իր աչքերին, քթին կամ բերանին։ Վարակի կանխարգելման համար անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը, ինչպես նաև հեռու պահել երեխային հիվանդներից:

 Ո՞ր տարիքի երեխաների մոտ է առավել տարածված կրուպը։

-Այս հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է վաղ հասակի երեխաների մոտ: Ռիսկի խումբ են կազմում 6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաները: Հիվանդության պիկը դիտվում է 24 ամսականում:

Ինչպե՞ս է ախտորոշվում կրուպըև ի՞նչ բուժում է պահանջում այն։

-Ախտորոշումը հիմնվում է երեխայի զննման, շնչառության, աուսկուլտացիայի, երբեմն կրծքավանդակի ռենտգեն քննության և լաբորատոր այլ քննությունների արդյունքների վրա, որոնք օգնում են տարբերակել հիվանդությունը նմանատիպ ախտանիշներով ընթացող այլ հիվանդություններից:

Կրուպը հնարավոր է բուժել տան պայմաններում: Սակայն աղմկոտ շնչառությունը, երեխայի լացը և հաչոցանման հազը պետք է  դրդեն ծնողներին արագ դիմել բժշկի: Բուժման հիմնական պայմանը երեխայի համար հարմարավետ միջավայրի և դիրքի ստեղծումն է, որի ժամանակ երեխան կդադարի լաց լինել, քանի որ լացը բերում է գրգռվածության և վիճակի վատացման: Կարելի է երեխային գրկել, հանգստացնել, երգել կամ տալ իր սիրելի խաղալիքը: Պետք է երեխայի հետ խոսել մեղմ ձայնով: Հնարավոր է նաև թեթևացնել երեխայի վիճակը` խոնավացնելով տան օդը: Դա կարելի է անել՝ օգտագործելով օդի խոնավացուցիչներ կամ նստելով երեխայի հետ գոլորշիով լցված լոգարանում: Երեխային պետք է պահել ուղղահայաց դիրքով, քանի որ այդպես հեշտանում է շնչառությունը: Առատ հեղուկների օգտագործումը և քունը նույնպես արագացնում են լավացման գործընթացը: Ջերմության դեպքում կարելի է օգտագործել տարիքին համապատասխան ջերմիջեցնողներ: Գիշերվա ընթացքում ախտանիշները կարող են սրվել, հետևաբար խորհուրդ է տրվում քնել երեխայի հետ նույն սենյակում՝ անհրաժեշտության դեպքում արագ օգնություն ցուցաբերելու նպատակով: Բժշկի կողմից հնարավոր է դեքսամետազոնի կամ ադրենալինով ինհալյացիաների նշանակում, որոնք զգալիորեն կմեղմեն հիվանդության ախտանիշները: Երեխաների 5% ն է ,որ բուժման կարիք է ունենում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Բայց կրուպը վտանգավոր հիվանդություն է, և հազվադեպ այն կարող է առաջացնել  շնչառական անբավարարություն և սրտի կանգ: Հետևաբար պետք է անմիջապես այցելել բժշկի, եթե՝

  1. Ստրիդորոզ՝ խզզացող շնչառությունը լսվում է ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման ժամանակ
  2. Երեխայի մոտ սկսվում է թքահոսություն կամ կլման ակտի դժվարացում է նկատվում
  3. Երեխան խիստ գրգռված է կամ հակառակը՝ խիստ թուլացած է
  4. Ունի արագ շնչառություն
  5. Դժվար է շնչում
  6. Բերանի, քթի շուրջ կամ եղունգների շրջանում ունի մաշկի կապույտ կամ մոխրագույն գունավորում։

Նյութի աղբյուրը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook