Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը հանդիսանում են ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման ռիսկի գործոն:

Համաձայն ԱՀԿ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում աշխարհում ճարպակալումով տառապող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016թ. ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ (բնակչության 39%) ունեցել է ավելորդ քաշ, որից 650 մլն (13%)՝ ճարպակալում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

2019 թվականին ԱՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա տառապում է ճարպակալմամբ կամ հավելյալ քաշով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողության կարևորագույն խնդիրներից են:

Համաձայն STEPS ազգային հետազոտության արդյունքների՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում:

Տղամարդկանց մոտ ավելցուկային քաշի և ճարպակալման ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 45.4%, իսկ կանանց մոտ` 50.1%: Ավելցուկային քաշի և ճարպակալման տարածվածությունը կանանց մոտ 5%-ով բաձր է: Ավելցուկային քաշն և ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ` 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:

Համաձայն ժողովրդագրության և առողջության հարցերի 2015թ. հետազոտության տվյալների՝ մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 15%-ն ունեցել է ավելորդ քաշ կամ գիրություն: Համաձայն դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների, 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ գիրություն, սակայն 15 տարեկանում այս թվերը նվազում են՝ հասնելով համապատասխանաբար 6% աղջիկների և 15% տղաների շրջանում:

Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման տեսակետից մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը և ընդունման ձևը, քանի որ ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վաթարացնել մարդու առողջությունը: Համաձայն STEPS ազգային հետազոտուիթյան տվյալների՝ բնակչության 10-ից 4-ն օգտագործում է 1-2 չափաբաժին, ինչն ըստ ԱՀԿ խորհդատվության, բավարար չէ առողջ սննդակարգի համար և ավելացնում է ՈՎՀ առաջացման ռիսկը:

Համաձայն դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվայլների (2017/2018 թթ.)՝ 11-15 տարեկան դեռահաս աղջիկների 66%, տղաների 57% oրական առնվազն մեկ անգամ միրգ են օգտագործում: 17 տարեկանների շրջանում այս թիվը հասնում է 53%: Բանջարեղենի օգտագործումը 11-15 տարեկան աղջիկների շրջանում կազմում է 51%, տղաների շրջանում`43%, 17-տարեկանների շրջանում` 41%:

Հայտնի փաստ է, որ ռիսկի գործոնների նվազեցման միջոցով ՈՎՀ-ի կանխարգելումը բազմապատիկ անգամներ ավելի ծախսարդյունավետ է, քան դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված միջոցառումները: Ընդ որում, այդ գործոնների շարքում առավել վճռորոշ է առողջ սննդային վարքագծի ձևավորումը՝ սկսած վաղ մանկության շրջանից, ներառյալ 6 ամիս բացառապես կրծքով կերակրումը և ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը:

Կորոնավիրուսային հիվանդության (Կովիդ-19) պայմաներում առավել քան անհրաժեշտ է վերահսկել մարմնի զանգվածը, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունները փաստում են ավելցուկային քաշի/ճարպակալման և Կորոնավիրուսային հիվանդության (Կովիդ-19) ծանր ընթացքի միջև պատճառահետևանքային կապը: Ճարպակալումով տառապող հիվանդների մոտ առկա են մի քանի հիվանդություններ, որոնք վատթարացնում են հիվանդության ընթացքը:

2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ճարպակալումը խթանում է թոքաբորբի արագ զարգացումը:

Կովիդ-19 համավարակի պայմաններում առավել կարևոր է հետևել առողջ սննդակարգին, լինել ֆիզիկապես ակտիվ և հետևել բժշկի ցուցումներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook