Ներկայացվել են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության արդյունքները

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացում թեմայով միջոցառմանը:

«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Նա նշել է, որ դեռահասությունը մարդու կենսական ցիկլի կարևորագույն շրջաններից է, քանի որ այդ տարիքում տեղի է ունենում ֆիզիկական և հոգեբանասոցիալական հասունացում, առաջանում են վարքագծային փոփոխություններ, որոնք երկարատև ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա հասուն տարիքում:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի անձնակազմին, որը սույն հետազոտությունը արդեն 3-րդ անգամ է իրականացնում: Նա ընդգծել է, որ հետազոտության շրջանակներում հայտնաբերված վնասակար սովորույթների, տարածվածության, ճիշտ ծրագրեր կառուցելու և ճիշտ քաղաքականություն մշակելու կարևորությունը:

«Ինչպես ենք մենք օգտագործում այս ցուցանիշները: Անցած մեկ տարվա ընթացքում, երբ առողջապահության նախարարությունը շրջանառում էր ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագիծը, ներկայացման անհրաժեշտության ու նպատակների շարքում բազմիցս ցիտվել են այս հետազոտության արդյունքները` թե դեռահասների շրջանում ինչքան է տարածված  ծխախոտի օգտագործումը: Միևնույն ժամանակ, կրթության մեր գործընկերների հետ համատեղ աշխատում ենք նաև կրթական չափորոշիչների մշակման ընթացքում առողջ ապրելակերպի հիմնադրույթները սահմանելու ուղղությամբ»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալը:

Լենա Նանուշյանը կարծիք է հայտնել, որ հետազոտությունը կօգնի հասկանալու, թե երեխան դպրոցական հասակից ինչպիսի թեմաների վերաբերյալ պիտք է գիտելիքներ ունենա: Նմանատիպ հետազոտությունները բացահայտում են հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, որոնք կապված են սննդային վարքագծի և նստակյաց կենսակերպի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook