Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Sputnik Արմենիան այցելել է Արտաշատի ԲԿ–ի ինտենսիվ թերապիայի ու վերակենդանացման բաժանմունքներ, տեսել ու նկարել այն ամենը, ինչն ուրիշները չեն տեսել։

Ուղևորվում ենք Արտաշատի բժշկական կենտրոն։ Լրագրողի համար սա բացառիկ փորձ է, ու ես փոքր–ինչ ոգևորված եմ։ Գլխումս արդեն շարադրել եմ բժիշկներին ու հիվանդներին ուղղված բոլոր հարցերը, կազմել ռեպորտաժի սցենարը և իհարկե ընտրել հերոսին։ Լիլիթ Մուսեյան։ Այս բուժկենտրոնը վերապրոֆիլավորելուց հետո հենց նա է կլինիկական աշխատանքները ղեկավարում, բացի այդ` վարչապետի հետ ճեպազրույցի ժամանակ շատ հուզիչ ելույթ ունեցավ, ու համոզված եմ, որ հետաքրքիր զրուցակից է։ Նա մեզ դիմավորում է ու արդեն երրորդ րոպեին հայտնում, որ կխոսեն բոլորը` բացի իրենից։

23507986

Մինչ փորձում եմ հասկանալ անելիքս, Լիլիթ Արժանիկովնան հեռախոսով կանչում է բժշկին, որն էլ կատակով հույս է հայտնում, թե սենսացիայի համար չեմ ստիպի համազգեստի վրա «Դոկտոր Լեկտոր» գրել։ Զրուցակիցս վարակաբան Վադիմ Այդիյանն է, որը մոտ մեկ ամիս տանը չի եղել։ Նրա համար բոլոր օրերը խառնվել են, նմանվել իրար, բայց շատ ավելի դժվար բան կա` հիվանդին համոզել, որ նա ապրելու է։

Հարցնում եմ այս օրերի ամենալուսավոր պահերի մասին, ու բժշկի աչքերը սկսում են չարաճճի ժպտալ, մեջքիս հետևում էլ շարժումներ եմ զգում։ Չեմ հասկանում` ինչ է կատարվում, պարզվում է` բոլորը Լիլիթ Արժանիկովնային են մատնացույց անում։ Վադիմ Մարատովիչը ժպտում է ու չի տրվում սադրանքին, ասում է՝ ամենաերջանիկ պահը ծանր հիվանդին տուն ուղարկելն է։ Հետո զգուշացնում է` հիվանդությունը շատ դաժան է, բռնում է կոկորդից ու տանջամահ անում, պետք չէ մատների արանքով նայել նրան։ Հետաքրքրվում եմ` իսկ ինքը չի՞ վախենում։ Գնահատող հայացք է գցում վրաս ու բազմանշանակ պատասխանում` 25 տարվա ինֆեկցիոնիստ եմ։

Инфекционист Вадим Айдиян в медцентре Арташат

Նա լքում է մեզ ու շտապում հանել համազգեստը, փոխարենը ես եմ վայրկյան առաջ ուզում հագնել հատուկ հագուստն ու մտնել ինտենսիվ թերապիայի 4-րդ բաժանմունք, որի թափանցիկ դռան հետևից մեզ բարևում է Գայանեն։ Շուտով նրա ծնունդն է, աղջիկները պատրաստվում են փուչիկներ պատվիրել ու անակնկալ մատուցել նրան. պաչիկ–մաչիկները կթողնեն համավարակից հետո։

Медсестра медцентра Арташат Гаяне
© Sputnik / Aram Nersesyan
Գայանեն

Վերջապես գալիս է երկար սպասված պահը։ Բուժքույրերը` Կարինեն ու երկու Գայանեները, մայրապետներ Ռուզաննան ու Գայանեն օգնում են ինձ ու լուսանկարչին հագնել հատուկ համազգեստը: Սկզբում հագնում եմ առաջին զույգ ձեռնոցը, բախիլը, համազգեստը, երկրորդ զույգ բախիլը, երկրորդ զույգ ձեռնոցը, գլխարկներն այստեղ «հնդկական ձևով» են դնում` երկուսը իրար վրա ու մի փոքր թեք, կարծես թյուրբան լինի։ Հետո եռաշերտ դիմակիս փոխարեն FFP2 եմ դնում։ Դեռ ոգևորված եմ ու կատակներ եմ անում, թե միայն հարսներին են այսպես հանդիսավոր զարդարում։ Վերջին ատրիբուտը ակնոցն է, որն անմիջապես քրտնում է, բայց հոգ չէ. բուժքույրերը լայֆհաք են հորինել` օճառ են քսում, ու այլևս չի քրտնում։ Այս ամենը ամրացնում են կպչուն ժապավենով, ու ես պատրաստ եմ։ Սպասում եմ ևս 2 րոպե, որ լուսանկարչի համազգեստի վերջին շտկումներն անեն, ու զգում եմ, թե ինչպես է դեմքիս վրայով հոսում քրտինքի առաջին կաթիլը։ Դռան հետևում տեսնում ենք համազգեստով բժշկի: Լիլիթ Արժանիկովնան ծանոթացնում է` Աղասին է։ Հետաքրքրվում ենք, թե ինչպես են իրար ճանաչում։ Անձնակազմի անդամներն իրար են նայում ու ասում` բա մեկ թիմ ենք։

Инфекционист Агаси Махтесян в медцентре Арташат
© Sputnik / Aram Nersesyan
Աղասի Մահտեսյան

Մտնում ենք «բաց վիրուս» կամ ինֆեկցիոն 4-րդ բաժանմունք

Չեմ կարողանում հարց տալ մեզ դիմավորող Գայանեին ու հասկանում եմ, որ ենթագիտակցական վախի պատճառով արդեն մի քանի վայրկյան շունչս պահած եմ քայլում, ոտքերս էլ սահում են գետնով։ Կատակում ենք, թե բաց տիեզերք դուրս գալուն շատ է նման։ Ի դեպ, այստեղ շատ լուռ է, ու միայն մեր կոմբինեզոնների խշխշոցն եմ լսում։ Մի քանի զանգի պատասխանելուց հետո մեզ է մոտենում ինֆեկցիոնիստ Աղասի Մահտեսյանը։ Նրա ազգանունը լսելուց հետո մի տեսակ սարսռում եմ։ Չգիտես ինչու հարցնում եմ` շատ մահե՞ր եք տեսել։ Նա ակնոցի տակից նայում է ինձ ու ոչինչ չի ասում։ Մի քանի անիմաստ հարց եմ տալիս, ու մտնում ենք հիվանդասենյակ։

Инфекционист Агаси Махтесян в медцентре Арташат
© Sputnik / Aram Nersesyan
Աղասի Մահտեսյան

Լռությանը փոխարինում է աղմուկը, կանայք են այստեղ ու լրագրող տեսնելուն պես որոշում են շնորհակալության բոլոր խոսքերը շռայլել բժշկին։ Նա անհարմարությունից այնպես է շիկնում, որ դա երևում է անգամ ակնոցի տակից։ Մի քանի հիվանդասենյակ ենք մտնում։ Մեկում բանաստեղծուհի Անահիտն է (անունը փոխված է) իր հարևանուհու հետ։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են տեղափոխվել բուժկենտրոն, բայց արդեն առողջանում են։ Անահիտն անակնկալ խոստովանություն է անում բժշկին. «Я люблю тебя до слез, հրաշագործս»։ Մենք ծիծաղում ենք, իսկ բժիշկը շարունակում է հետազոտել նրա հարևանուհուն։

Инфицированная коронавирусом пациентка в медцентре Арташат (на первом плане) общается с корреспондентом Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Կորոնավիրուսով վարակված կինը Արտաշատի ԲԿ–ում

Հաջորդ հիվանդասենյակում այլ բժշկական կենտրոնի բուժքույր է։ Նրան շատ ծանր վիճակում են հոսպիտալացրել. անգիտակից է եղել։ Կասկածներ ունի, որ պացիենտից է վարակվել, բայց միևնույնն է` հենց առողջանա, վերադառնալու է աշխատանքի ու ոտքի կանգնեցնի մյուս հիվանդներին։

Инфицированная коронавирусом пациентка в медцентре Арташат
© Sputnik / Aram Nersesyan
Կորոնավիրուսով վարակված կինը Արտաշատի ԲԿ–ում

Լսում եմ լուսանկարչիս ձայնը։ Նա ինձ հարևան հիվանդասենյակ է կանչում։ Այնտեղ շտապօգնության բուժքույր Սահակյան Ալլան է (թույլատրել է հրապարակել իր տվյալները)։ Նրան էլ են ծայրահեղ ծանր վիճակում բերել, անգամ շնչել չի կարողացել, բայց մի քանի օրում ոտքի են կանգնեցրել։ Հենց բուժվի` նա էլ կվերադառնա աշխատանքի. բա էլ ո՞վ, եթե ոչ ինքը։ Հարցնում եմ` ում կամ ինչին է ամենաշատը կարոտել, ու Ալլան սկսում է արտասվել։ Ընտանիքին է կարոտել, հատկապես որդուն` զինվոր Գրիգորին։ Խնդրում եմ հանգստանալ ու խոստանում եմ բարևներ ուղարկել տղային։ Խոստումս կատարում եմ` ջերմ բարևներ քեզ, Գրիգոր ջան, առողջ լինես։

Инфицированная медсестра скорой помощи Алла Саакян в медцентре Арташат
© Sputnik / Aram Nersesyan
Ալլա Սահակյան

«Բոլոր հիվանդները հուսահատված են գալիս: Փորձում եմ տրամադրությունները բարձր պահել ու լավանալուն տրամադրել», – ասում է Մահտեսյանը` տեսնելով իմ ընկճվածությունը։Հետո պատմում է, որ եղբայրներից մեկն էլ է այստեղ, բայց ինքը ընտրողական մոտեցում չի ցուցաբերում ու բոլորին է լավ նայում։ Սիրում է իր աշխատանքը և վայրկյան անգամ չի փոշմանել բժիշկ դառնալու համար։ Երևի հենց դրա համար էլ երկու տարի արձակուրդ չի գնացել ու չի էլ ուզում գնալ։
Ամբողջական հոդվածը կարդացեք՝ armeniasputnik.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook