Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Շատ ջուր խմել, ազատ հագուստ կրել, ձեռքերը հաճախակի լվանալ, լավ լվանալ մթերքը. մասնագետները՝ բարձր ջերմաստիճանի վտանգներից խուսափելու մասին

Այսօր մամուլի ասուլիսին թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը և սննդաբան Հասմիկ Աբովյանն անդրադարձան օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով առաջացող վտանգներին:

Հասմիկ Աբովյանը ջերմաստիճանի բարձրացման դեպքում ամենամեծ վտանգը համարեց ջրազրկումը, որը հատկապես վտանգավոր համարեց երեխաների համար և կոչ արեց շատ ջուր խմել: «Չի կարելի մնալ արևի տակ հատկապես ժամը տասից մինչև տասնվեցը: Ինձ զարմացնում է, որ մարդիկ չեն վախենում արևից և այդ շոգ ժամանակ հանգիստ քայլում են»,-ասաց նա և նշեց, որ արևի տակ գտնվելը մաշկի քաղցկեղի վտանգ է առաջացնում հատկապես սպիտակամաշկ մարդկանց համար և կոչ արեց օգտագործել արևապաշտպան քսուքներ:

Հասմիկ Աբովյանը նշեց, որ ամռանը թունավորումերի վտանգը ևս մեծանում է, քանի որ այս շոգերին ստեղծված են ավելի բարենպաստ պայմաններ վարակի հարուցիչների բազմացման համար:

«Պետք է անպայման հետևել սանիտարահիգիենիկ կանոններին, լվանալ ձեռքերը, լավ լվանալ մթերքը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գարեջրի օգտագործմանը՝ նա ասաց, որ այսօրվա բժշկությունն ապացուցել է, որ թեկուզ քիչ քանակի ալկոհոլը վնաս է լյարդին: Նա նշեց, որ երբեմն կանանց խորհուրդ է տրվում օգտագործել գարեջուր, իսկ տղամարդկանց՝ ընդհանրապես խորհուրդ չի տրվում:

Լամարա Մանուկյանը նշեց, որ պետք է տարբերել խոցելի խմբերը՝ սիրտանոթային, շաքարային դիաբետով հիվանդներ և առողջ մարդիկ: Նա ավելացրեց, որ բացի սպիտակամաշկ մարդկանցից, շատ խալերով մարդիկ ևս արևայրուքից պետք է խուսափեն:

«Անհրաժեշտ է ազատ հագուստ հագնել, մարմնին կպչող, մուգ գույների հագուստ չկրել: Առողջ մարդը սովորաբար երկուսից երեք լիտր ջուր պետք է խմի, իսկ հիվանդ մարդիկ երկու լիտրից մի քիչ պակաս»,-ասաց նա և կոչ արեց կատեգորիկ զերծ մնալ գազավորված ըմպելիքնեից, շատ ուտել մրգեր:

Բժիշկը տեղեկացրեց, որ համաձայն վերջին օրերի միջազգային վիճակագրության՝ 20-22 տոկոսով ավելացել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացության թիվը: Նա ասաց, որ Հայաստանում մի քիչ ավելի պակաս է, բայց շոգերը դեռ նոր են սկսվել, սակայն հիվանդների դիմելիությունը հիվանդանոցներ շատացել է:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook