Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որոնք են գիշերային ջղաձգումների առաջացման հնարավոր պատճառները

Ոտքերի ջղաձգումները բավական տհաճ զգացողություններ առաջացնող խնդիր են, որոնք պայմանավորված են լինում մեկ կամ մի քանի մկանների ակամա կծկումներով։ Հատկապես տարածված են գիշերային ջղաձգումները, որոնք բավական ցավոտ զգացողություններ են առաջացնում՝ բացասաբար անդրադառնալով քնի ու առհասարակ կյանքի որակի վրա։

Ոտքերի ջղաձգումները բնորոշվում են ոտքերի մկանների կտրուկ կծկումներով, որոնք տևում են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Առավել հաճախ այս ջղաձգումներն ախտահարում են սրունքի մկաններն ու ոտնաթաթերը, սակայն կարող են սպազմներ առաջանալ նաև այլ մկանների հատվածում։

Գոյություն ունեն տարբեր տեսություններ այս ջղաձգումների առաջացման վերաբերյալ, սակայն իրականում գիտնականներին առ այսօր հստակ հայտնի չէ, թե ինչն է նման խնդիրների հանգեցնում։

Այնուամենայնիվ կան որոշակի գործոններ, որոնք, ենթադրաբար, կարող են բարձրացնել ջղաձգումների զարգացման հավանականությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնց առկայության դեպքում հարկավոր է միջոցներ ձեռնարկել ջղաձգումներից խուսափելու համար։

Որոշակի մկանների ապաճում

Մի շարք հետազոտություններ ենթադրում են, որ ժամանակակից կյանքի հետևանքով որոշ մկաններ, որոնք մարդկանց նախնիներին հարկավոր էին տարբեր շարժումների համար, դադարում են կարևոր նշանակություն ունենալ։ Նստակյաց կենսակեպը նվազեցնում է մկանների և ջլերի երկայությունն ու առաձգականությունը, ինչն էլ նպաստում է սպազմների առաջացմանը։

Ջրազրկում

Օրգանիզմում հեղուկի պակասը ևս նպաստում է գիշերային սպազմների առաջացմանը։ Ինչպես բացատրում են գիտնականները, օրգանիզմի ջրազրկումը հանգեցնում է արյան մեջ էլեկտրոլիտների բալանսի խանգարման, ինչն էլ կարող է լինել գիշերային ջղաձգումների հիմնական պատճառներից մեկը։

Սննդարար նյութերի պակաս

մասնագետները չեն բացառում, որ ջղաձգումների պատճառներից մեկը կարող է լինել նաև սննդարար նյութերի՝ կալցիումի, կալիումի կամ մագնեզիումի դիսբալանսը։ Այս տարրերից յուրաքանչյուրն օգնում է պահպանել արյան ու մկանների ջրային բալանսը, ուստի դրանց պակասի դեպքում նման խնդրի զարգացումը զարմանալի չէ։

Երկար ժամանակ կանգնած անցկացնելու սովորություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր երկար ժամանակ կանգնած անցկացնող մարդիկ նույնպես ավելի հաճախ են բախվում ջղաձգումների խնդրին, քան օրվա ընթացքում երկար ժամանակ նստած անցկացնողները։ Սա պայմանավորված է նրանով, որ անշարժ կանգնած լինելը հանգեցնում է ոտքերի ստորին հատվածում արյան ու ջրի կուտակման, ինչն էլ դառնում է հեղուկի դիսբալանսի պատճառ։ Սա կարևող է ազդել մկանների ու ջլերի վիճակի վրա՝ դառնալով գիշերային ջղաձգումների պատճառ։

Առողջական որոշակի խնդիրներ

Ոտքերի ցավոտ սպազմների պատճառ կարող են դառնալ նաև առողջական որոշակի խնդիրները, այդ թվում՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, արթրիտը, նյարդաբանական խնդիրներն ու ընկճախտը։ Որոշ դեպքերում նման խնդրի պատճառ կարող է դառնալ դեղամիջոցների ընդունումը։ Ավելին՝ երբեմն հենց վերոնշյալ հիվանդությունները կարող են բացասաբար անդրադառնաl նյարդերի աշխատանքի վրա՝ դառնալով նյարդերի ապաճման պատճառ։

Ծերացում

Մկանների ընդհանուր վիճակի վրա բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ նաև օրգանիզմի ծերացման գործընթացը։ Սա է պատճառը, որ շարժողական նեյրոնների կորստի հետ մեկտեղ մարդիկ սկսում են շատ ավելի հաճախ բախվել այս խնդրին։ Հենց այս գործոնով է պայմանավորված այն փաստը, որ ջղաձգումները հատկապես հաճախակի բնույթ են կրում 50 տարեկանից բարձր անձանց շրջանում։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook