Որոնք են մաշկի համար ամենակարևոր վիտամիններն ու մաշկային ինչ խնդիրների դեմ են դրանք պայքարում

Մարդու սննդակարգը հագեցնում է օրգանիզմն ու մաշկը կարևոր նյութերով ու վիտամիններով, ուստի զարմանալի չէ, որ սննդակարգի վատ որակն անդրադառնում է նաև մաշկի վրա՝ հանգեցնելով մաշկային մի շարք խնդիրների զարգացման։ Սա է պատճառը, որ մաշկային այս կամ այն խնդրի դեպքում մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել սննդակարգին ու ներառել դրանում սննդամթերքի տեսակներ, որոնք հարուստ կլինեն կարևոր վիտամիններով։

Medikforum.ru կայքը ներկայացրել է մաշկի համար ամենակարևոր վիտամիններն ու հնարավոր խնդիրները, որոնք կարող են զարգանալ դրանց պակասի հետևանքով։

Բշտիկներ

Բշտիկների առաջացումն ամենատարածված մաշկային խնդիրն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Հասուն կանանց շրջանում հաճախ նման խնդրի պատճառ են դառնում հորմոնալ տատանումները, սակայն սովորաբար մարդիկ նման տհաճ խնդրի են բախվում քաղցր, յուղոտ ու բավարար քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր չպարունակող մթերքի գործածության հետևանքով։ Բացի այդ, մաշկի վրա բացասաբար կանդրադառնան նաև չափազանց խիստ դիետաներն ու սահմանափակումները։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հագեցնել սննդակարգը А, В2, В6, С, Е վիտամիններով։ Բացի այդ, օգտագործվող մթերքը պետք է հարուստ լինի նաև նիացինով, բիոտինով, ցինկով ու լեցիտինով։ Այս տարրերը ստանալու լավագույն տարբերակը դրանք դեղատներում վաճառվող վիտամինային հավելումների տեսքով ընդունելն է։ Դրանք կօգնեն պայքարել ոչ միայն մաշկային խնդիրների դեմ, այլև առհասարակ շատ օգտակար կլինեն մազերի, եղունգների ու գլխուղեղի համար։

Մաշկի չորություն

Տարվա այս եղանակին մաշկի չորությունը բավական տարածված խնդիր է լինում, ինչը պայմանավորված է լինում օդի չորությամբ ու ցածր ջերմաստիճանով։ Նման դեպքերում խնդրի դեմ պայքարում լավագույն միջոցն անփոխարինելի ճարպաթթուների (օրինակ՝ օմեգա-3 ճարպաթթուները) ընդունումն է, ինչի շնորհիվ մաշկը խոնավանում է ու առողջանում։ Այս օգտակար ճարպաթթուները պարունակվում են յուղերի, յուղոտ ձկնատեսակների, հավկիթի, կտավատի սերմերի, հունական ընկույզի ու սննդամթերքի մի շարք այլ տեսակների մեջ։ Դրանց գործածությունը թույլ կտա կանխել մատների ծայրերին ճաքերի առաջացումը, մաշկի չորացումը, քորն ու թեփոտվածությունը, ձեռքերին կարմիր բշտիկների առաջացումը, էկզեմայի զարգացումն ու աչքերի չորությունը։

Բացի այդ, մաշկի չորությունից ազատվելու համար շատ արդյունավետ կարող են լինել նաև С, В2, В6 վիտամինները, ցինկն ու մագնեզիումը, որոնք կարելի է ընդունել պոլիվիտամինների տեսքով։ Բացի այդ, կարելի է նաև գնել տվյալ նյութերով հագեցած մաշկի խնամքի միջոցներ, որոնք կօգնեն էլ ավելի լավ արդյունքի հասնել։

Անոթային «աստղիկներ»

Սովորաբար նման «աստղիկներն» ի հայտ են գալիս դեմքին, պարանոցին ու կրծքավանդակին, սակայն կարող են առաջանալ նաև ձեռքերի, ոտքերի ու մեջքի մաշկին։ Մաշկային այս խնդրի առաջացումը սովորաբար պայմանավորված է լինում հակաօքսիդանտների, բիոֆլավոնոիդների, գլյուկոզամինի, կալցիումի ու վիտամին D-ի դեֆիցիտով, ուստի այս տարրերի անհրաժեշտ քանակությունը լրացնելու դեպքում հնարավոր կլինի ազատվել անոթային «աստղիկներից»։

Հեղուկով լցված բշտիկներ

Հեղուկով լցված բշտիկներն առավել հաճախ ի հայտ են գալիս բերանի շուրջը, պարանոցին ու կրծքի մաշկին՝ հուշելով վիտամին Е-ի դեֆիցիտի մասին, սակայն դրանք կարող են պայմանավորված լինել նաև ալերգիաներով ու մի շարք վտանգավոր խնդիրներով։ Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու համար, սակայն միևնույն ժամանակ վիտամին Е-ով հարուստ մթերքի գործածությունը ևս ավելորդ չի լինի։ Սա կօգնի ոչ միայն պայքարել նման բշտիկների դեմ, այլև կբարելավի մաշկի, եղունգների ու մազերի ընդհանուր վիճակը։

Մաշկի այտուցներ

Մաշկի հյուսվածքները կարող են այտուցվել С և В6 վիտամինների, ինչպես նաև ցինկի ու մագնեզիումի դեֆիցիտի հետևանքով, ուստի սննդակարգում դրանցով հարուստ մթերք ներառելը կօգնի զգալիորեն բարելավել վիճակը։ Նման դեպքերում հարկավոր է լուրջ փոփոխություններ անել սննդակարգում և առաջին հերթին հրաժարվել վերամշակում անցած սննդամթերքի տեսակներից։

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook