Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են սրտային անբավարարության մասին հուշող հիմնական ախտանշանները

Սրտանոթային համակարգի առողջության մասին հոգ տանելը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ այս համակարգի հիվանդությունները համարվում են վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, սակայն մարդիկ այնուամենայնիվ հազվադեպ են ուշադրություն դարձնում սրտամկանի ու անոթների վիճակին, ինչի պատճառով էլ որոշ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն խորացած են լինում և բուժումը բավական արդյունավետ չի լինում։

Սրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկը սրտային անբավարարությունն է, որի զարգացումը հաճախ աննկատ է լինում։ Այն կարող է զարգանալ այլ հիվանդությունների հետևանքով՝ ախտահարելով ոչ միայն տարեցներին, այլև երիտասարդներին։ Սրտաբաններն այս ախտաբանությունը բնութագրում են որպես համախտանիշ, որի դեպքում սրտամկանը դադարում է լինել բավական առաձգական օրգանիզմին անհրաժեշտ արյան ծավալն ընդունելու և շրջանառելու համար։

«Սովորաբար հանգստի վիճակում սրտամկանը շրջանառում է 5-6 լիտր արյուն և մինչև 15 լիտր արյուն, երբ օրգանիզմը սթրեսային իրավիճակում է։ Սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ երբեմն այն կարողանում է շրջանառել ընդամենը 2,5 լիտր արյուն», – բացատրում է Սրտի գերմանական հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Թոմաս Մայներցը։

Սրտամկանի աշխատունակության նման նվազումը կարող է կյանքի համար վտանգավոր լինել, քանի որ նշանակում է, որ օրգաններն ու հյուսվածքները չեն ստանում բավականաչափ թթվածին, ինչը կարող է կործանարար լինել դրանց համար։ Օրինակ՝ գլխուղեղի հյուսվածքներում թթվածնի պակասը կարող է հանգեցնել գլխուղեղի ախտաբանությունների զարգացման, որոնք էլ հետագայում կդառնան թուլամտության պատճառ։

Պրոֆեսոր Մայներցի խոսքով՝ հարկավոր է շատ ուշադիր լինել ու գործել հնարավորինս արագ, քանի որ որքան շուտ ախտորոշվի սրտային անբավարարությունն ու սկսվի դրա բուժումը, այնքան ավելի բարեհաջող կլինի այն։ Սրտաբանի խոսքով՝ այս խանգարումից լիովին ազատվել չի հաջողվի, սակայն կարելի է փորձել ազատվել դրա պատճառից։ Մասնագետը բացատրում է, որ երբեմն այս խանգարումը պայմանավորված է լինում կորոնար զարկերակի նեղացմամբ, իսկ որոշ դեպքերում խնդրի պատճառ են դառնում սրտամկանի փականների հիվանդությունները։

«Սրտային անբավարարությունը կարող է զարգանալ զարկերակային ճնշման բարձրացման նկատմամբ հակում ունենալու դեպքում, ուստի զարկերակային գերճնշումով հիվանդները պետք է պարբերաբար ստուգեն իրենց սրտամկանի առողջական վիճակը», – նախազգուշացնում է մասնագետը։

Սակայն կանոնավոր պրոֆիլակտիկ բուժզննում անցնելը հիվանդության ախտորոշման միակ միջոցը չէ. շատ մեծ նշանակություն ունեն նաև խնդրի մասին հուշող ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Ինչպես նշում են Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետները, այս խնդիրը ոչ միշտ է հստակ ախտանշաններով դրսևորվում, իսկ սկզբնական փուլում այդ ախտանշաններն առհասարակ բավական ատիպիկ են լինում, ուստի մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել խնդրի հետագա զարգացումից խուսափելու համար։

Բավական հաճախ սրտային անբավարարության մասին հուշող առաջին ախտանշանը լինում է անբացատրելի հոգնածությունը, որի դեպքում մարդը հոգնում է անգամ նախկինում հաճախ կատարվող որևէ գործողությունից հետո։ Շատերն այս ախտանշանը վերագրում են տարիքին կամ ֆիզիկական ակտիվության պակասին, մինչդեռ դրան ուշադրության չդարձնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Բացի այդ, այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնք նույնպես չի կարելի անտեսել։ Այս ախտանշանների շարքին են դասվում.

  • պարզ գործողություններից հետո և անգամ հանգստի ժամանակ առաջացող հևոցը,
  • ոտնաթաթերի և հատկապես կոճերի այտուցները,
  • սրտի զարկերի անբացատրելի արագացումը, որը նկատվում է անգամ հանգստի ժամանակ ու չնչին ֆիզիկական ակտիվությունից հետո,
  • շնչառության արագացումը, հազն ու արտասովոր ձայները շնչելու ընթացքում,
  • մատների ու ոտնաթաթերի սառնությունը,
  • գիշերային հաճախամիզությունը,
  • հաճախակի գլխապտույտները և այլն։

Պրոֆեսոր Մայներցի խոսքով՝ այս ախտանշաններն արդեն հուշում են քրոնիկ սրտային անբավարարության մասին, որի զարգացման համար բավա կան երկար ժամանակ է պահանջվում, ուստի պարբերաբար բուժզննում անցնելը թույլ կտա խուսափել նման բարդացումից։

Ինչ վերաբերում է սուր սրտային անբավարարությանը, ապա այն բնորոշվում է դրա մասին հուշող ախտանշանների կտրուկ ի հայտ գալով։ Ընդ որում՝ այս դեպքում ախտանշանները կարող են սրվել ընդամենը հաշված ժամերի կամ անգամ րոպեների ընթացքում։ Սուր սրտային անբավարարության մասին են նախազգուշացնում այնպիսի տհաճ ախտանշանները, ինչպիսին են.

  • անսպասելի ուժգին հևոցն անգամ հանգստի ժամանակ,
  • թոքերի այտուցները,
  • հազը, որն ուղեկցվում է բերանի խոռոչում փրփուրի առաջացամամբ,
  • սաստիկ գունատությունն ու առատ քրտնարտադրությունը։

Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում սրտային անբավարարությամբ, ուստի անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանք, այնուամենայնիվ, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել կյանքի համար վտանգավոր հնարավոր հետևանքներից խուսափելու համար։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook