Պետությունն առաջին անգամ ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականից սկսած պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց: Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը չի կարող գերազանցել  150 հազար դրամը: Այս գումարը նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձի կենսապահովման նվազագույն կարիքները  հոգալու, բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման կամ աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:

Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրվող ֆինանսական միջոցները փոխանցվում են գանձապետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում: Գումարը փոխանցվում է դիմողի բանկային հաշվեհամարին:

Այս անձանց ժամանակավոր ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում բացվել է թիվ 900018006099 հաշիվը, որի միջոցները ձևավորվելու են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ֆինանսական աջակցության չափը և ուղղությունները սահմանելու համար հիմք է հանդիսացել միջազգային պրակտիկան, ինչպես նաև՝ հանրապետությունում համապատասխան ոլորտում գործող՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների փորձը, քանի որ մինչ այժմ ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար պետության կողմից ֆինանսական աջակցություն նախատեսված չի եղել:

Նյութը՝ mlsa.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook