Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ. Պավել Սոցկիյ

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ուղեկցվում է ձվարանների ֆունկցիայի խանգարմամբ և ձվազատման բացակայությամբ:

Doctors.am-ը թեմայի հետ կապված զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյի հետ:

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հիմնականում ունի գենետիկ նախատրամադրվածություն, բայց դա չի նշանակում, որ եթե մայրն ունի այդ համախտանիշը, ապա դուստրն անպայման պետք է ժառանգի այն: Բացի այդ, այս համախտանիշը կարող է առաջանալ նաեւ գոնադոտրոպ ֆունկցիայի խանգարման, օվարիալ գործոնների եւ ինսուլինառեզիստենտության խանգարման հետեւանքով:

Ձվարանների պոլիկիստոզն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Ի՞նչ պատկեր է երեւում.

Ձվարանները չափսերով մեծացած են լինում, երեւում են մանր ֆոլիկուլներ:

Ախտանիշները

Որպես կանոն, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կանայք ունենում են դաշտանային ցիկլի խանգարում կամ բացակայություն, երբեմն նկատվում է գիրացում եւ մազակալում (հիմնականում՝ ծնոտի, որովայնի հատվածում, կրծքերի շուրջ): Հղիություն պլանավորող կնոջ գանգատներից մեկը կարող է լինել անպտղությունը:

Հարկ է հիշել, որ այս գանգատները միշտ չէ, որ վկայում են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի մասին, սակայն դրանք հստակ ցուցում են, որ օրգանիզմում մի բան այն չէ:

Բուժումը

Կախված նրանից, թե ինչ  նպատակ է հետապնդում կինը, բուժումը լինում է տարբեր:

Եթե պացիենտը երիտասարդ աղջիկ է, որը դեռ ամուսնացած չէ, եւ ունի դաշտանային ցիկլի խանգարում, ապա պետք է բուժում նշանակել՝ կանոնավոր պահելով ցիկլը: Բուժումը նպաստում է, որպեսզի ձվարանների պատերը չհաստանան, եւ հիվանդությունն ավելի չխորանա:

Բուժման ընթացքում հիմնականում հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ են կիրառվում: Բուժման կուրսն անհատական է՝ 3-6 ամիս կամ մեկ տարի: Եթե կա գիրացում, նշանակվում են ինսուլինառեզիստենտականությունը կարգավորող դեղեր:

Եթե  կինը ամուսնացած է, եւ ամուսնության մեկ տարվա ընթացքում հղիություն տեղի չի ունենում, չի գրանցվում ձվազատում, այդ դեպքում, որպես բուժման մեթոդ, կարելի է փորձել ձվարանների ստիմուլյացիան, որը կօգնի ստանալ դեղերի միջոցով ձվազատում:

Եթե դեղորայքային բուժումը չի օգնում, ապա  կիրառվում է վիրահատական միջամտություն՝ լապարասկոպիա, ձվարանների վրա անցքեր են բացվում, որպեսզի ձվազատում լինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook