Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Հայ մարդ` ծնված Թիֆլիսում, ով ռուսական բանտ էր նստել ամբաստանվելով իբրև… ուկրաինական ազգայնական:

20-րդ դարի հայ ամենամեծ արվեստագետներից մեկի` Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները եղել և այսօր էլ շարունակում են մնալ համաշխարհային արվեստի գլուխգործոցներ: Իսկ նրա կերպարը մշտապես եղել է տարաբնույթ վիճաբանությունների, հիացմունքի կամ զրպարտության կիզակետ ու թիրախ:

Ո՞վ էր Փարաջանովը: Մեծ արվեստագետին բացահայտել մեզ օգնեց Փարաջանովի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը:

-Սերգեյ Փարաջանովը հայ արվեստի այն գործիչներից է, ում անունը մեծատառերով է գրված համաշխարհային կինոյի նշանավոր անունների կողքին: Ո՞վ էր հայ Սարգիս Փարաջանյանցը:

-Ինչպես ասում են` Աստված հարյուր տարին մեկ ժողովրդի, ազգի մեջ աղ է ավելացնում` հանճարների տեսքով: Փարաջանովն այդ աղն է:

Երբեմն ինձ ասում են, թե ժողովուրդը Փարաջանովին չի ճանաչում: Իսկապես, եթե հարցնես շուկայում, դժվար թե իմանան, թե ով է Փարաջանովը, բայց այդ նույն շուկայում չգիտեն նաև, թե ով է Ֆելլինին: Ժամանակին, երբ ես Միացյալ Նահանգներում էի, մեկն ինձ մոտեցավ և ասաց` գիտե՞ք, որ ամերիկյան բոլոր կինոակադեմիաներում Փարաջանովի ֆիլմերը ցուցադրում են: Ես չզարմացա, որովհետև մասնագետների, արվեստի լեզուն հասկացողների համար ազգությունը, պետության մեծ ու փոքր լինելը նշանակություն չունի: Նրանք, ովքեր կինո հասկանում են, գնահատում են արվեստը, ճանաչում են Փարաջանովին ու գիտեն, որ նա առաջ էր ընկել իր ժամանակից և ստեղծել մնայուն, անմահ գործեր:

Նրան դժվար էր հասկանալ թե՛ իր ժամանակ, թե՛ հիմա: Մեր թանգարան երբեմն գալիս են այցելուներ, ովքեր ուզում են Փարաջանովին ճանաչել մեկ ժամում և, հանդիպելով անհասկանալիին, ետ են քաշվում: Ես հիշեցի մի դեպք` կապված իմ լավ բարեկամ, նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի հետ. մի անգամ Ռուդոլֆը շատ արագ, կես ժամում մի կնոջ դիմանկար էր արել և պատվիրատուին ասել էր գինը` հինգ հարյուր ռուբլի: Պատվիրատուն զայրացել էր, որ նկարիչը կես ժամում ուզում է հինգ հարյուր ռուբլի աշխատել: Բայց Ռուդոլֆ Խաչատրյանը հետաքրքիր պատասխան է տվել. «Սա կես ժամ չէր, սա իմ ամբողջ կյանքն էր` գումարած կես ժամ»:

Այդպես էլ Փարաջանովի գործերն են` մի ամբողջ կյանք` գումարած մի քանի ժամ ֆիլմից կամ կոլաժից:

-Դուք աշխատել եք Փարաջանովի հետ, մտերիմ եք եղել: Որտե՞ղ էր վերջանում իրական Փարաջանովը, և որտեղ սկսվում` թվացյալը:

-Փարաջանովի կյանքը ծանր դասավորվեց, նա երկու անգամ բանտարկվեց, ինչի պատճառով տասնհինգ տարի ֆիլմ չնկարեց. թույլ չէին տալիս: 1968 թ. ավարտեց «Նռան գույնը» ֆիլմը, իսկ արդեն 1972-ին նրա հերթական ֆիլմն արգելեցին, հետո էլ բանտարկեցին: Այդ տարիներին կուտակված ասելիքը, գաղափարները նրան հանգիստ չէին տալիս, քսանից ավելի սցենարներ ուներ գրած, սակայն ֆիլմի միջոցով դրանք արտահայտելն անհնար էր: Եվ նա սկսեց աշխատել այս գործերի վրա, որոնք հիմա թանգարանում են: Իմ կարծիքով` այս գործերում նա ավելի շատ է դրսևորվել, որովհետև ֆիլմի ստեղծումը շատ հանգամանքներով էր պայմանավորված, իսկ այսպիսի գործերում նա ազատ էր: Եվ նա մի առիթով ասել է` երբ ինձ չթողեցին ֆիլմ նկարել, ես կոլաժներ արեցի, որովհետև կոլաժը սեղմված ֆիլմ է:

Նա իր կյանքի օրոք արդեն մեծ ճանաչում ուներ: Հյուրանոցներում մարդիկ խմբվում էին, որ գոնե մեկ վայրկյան տեսնեն վարպետին, նրանից մի խոսք լսեն: Նրան հաճախ էին այցելում տարբեր մարդիկ, լրագրողներ, որոնք բոլորը նույն հարցերն էին տալիս, իսկ նա հոգնել էր նույն բանն ամեն անգամ կրկնելուց, երբեմն կատակում էր, թարս բաներ էր ասում, շփոթություն առաջացնում: Իսկ մտերիմները գիտեին Փարաջանովի իրական տառապանքը, վիշտը, մտահոգությունը, հանճարը…

-Փարաջանովի ֆիլմերը, կարելի է ասել, հեղափոխական էին թե՛ հայկական, թե՛ համաշխարհային կինոարվեստի համար: Ինչպիսի՞ն էին ժամանակի արձագանքները:

-Գիտեք, նրա ֆիլմերում հակախորհրդային գրեթե ոչինչ չկար, սակայն իրենց մեջ վտանգ էին պարունակում: Խորհրդային ամբողջ գաղափարախոսությունը միտված էր այն բանին, որ ստեղծվելու է նոր մարդ, ով չունի ազգություն, չունի անցյալ. սովետական մարդ է և գնում է դեպի կոմունիզմ: Եվ այդ «խորհրդային պլանի» մեջ չէր մտնում, որ հանկարծ կարող է որևէ ազգ հիշել, որ ինքն ունի մինչխորհրդային պատմություն և մշակույթ:

Եվ այդ բարդ իրավիճակում Փարաջանովը նկարում է Մոռացված նախնիների ստվերները՚, որտեղ պարզվում է, որ կա ուկրաինական ժողովուրդ, լեզու, մշակույթ: Ֆիլմը արտասահմանում մրցանակներ ստացավ, բայց հավանության չարժանացավ տեղի իշխանությունների կողմից: Ու գիտե՞ք, թե ֆիլմի մասին ինչ ծիծաղելի դիտողություններ էին գրում` չկա դասակարգային պայքար, պարզ չէ` Իվանի համար աշխատանքը ուրախություն է, թե տանջանք և այլն. արվեստի հետ կապ չունեցող սին դիտողություններ:

Դրանից հետո նրա հաջորդ ֆիլմը Ուկրաինայում արգելվեց:

Սկզբում, երբ նա եկել էր Կիև, չորս խաղարկային և երեք վավերագրական ֆիլմ էր նկարել, որոնք տիպիկ խորհրդային ֆիլմեր էին` պատվիրված սցենարներով: Երիտասարդ ռեժիսորը, պարզ է, ոչինչ չէր կարող փոխել, թեև մի քանի հետաքրքիր հնարք էր օգտագործել, որոնք այդպես էլ չէին հասկացվել: Փաստորեն արգելքներ չկային, երբ նկարվում էին խորհրդային գծած սցենարներով ֆիլմեր:

Փարաջանովն ուզում էր ֆիլմ նկարել 1943 թ. Կիևի համար մղված ճակատամարտի մասին, որի ժամանակ մոտ մեկ միլիոն մարդ էր զոհվել: Նա ուզում էր ցույց տալ, որ պատերազմն անիմաստ ու զարհուրելի բան է, զոհվում են երիտասարդները, ընտանիքի հայրերը, մայրերը կորցնում են որդիներին, աղջիկները` փեսացուներին: Բայց Խորհրդային Միությանը դա պետք չէր, նրանց համար գերմանացին ֆաշիստ էր, ում պիտի հենց իբրև ֆաշիստ էլ ներկայացնել: Ֆիլմը փակվեց միանգամից, մնացել են միայն դերասանների փորձերի քսանրոպեանոց նկարահանումները:

Երբ Փարաջանովին հրավիրում են Հայաստան, նա ձեռնամուխ է լինում  «Նռան գույնը»  ֆիլմի նկարահանումներին: Անկեղծ ասած, նրան Սայաթ-Նովան քիչ էր հետաքրքրում, նա ոգեշնչված էր հայկական, մասամբ նաև վրացական մշակույթներով: Ֆիլմը դժվար էր գլուխ գալիս, դժվար էլ հասկացվեց, քանի որ չկար սյուժե, չկային երկխոսություններ: Ֆիլմն արված էր խճանկարի սկզբունքով. խճանկարի ամեն կտոր առանձին իմաստ չունի, սակայն երբ դրանք միանում են, ամբողջացնում են պատկերի իմաստը: Իսկ այդ պատկերն աշխարհն էր:

«Նռան գույնը»  ֆիլմն սկսվում է փոքր տղայի աչքերով, ով պատկերված է այն դիրքով, ինչպես երեխան է մոր արգանդում: Գուցե դա է հենց Սայաթ-Նովան` նուրբ աչքերով պոետը: Նա տեսնում է ծնողներին, սարերը, լսում է աղոթքներ, տեսնում մանրանկարչություն, գորգագործություն, ճարտարապետություն: Այսինքն` տեսնում է իր ազգը, իր ազգի ստեղծած մշակույթը:

Այդ տարիներին ազգի, նրա մշակույթի մասին խոսելը համարձակ քայլ էր: Ճիշտ էր ասում ինքը` Փարաջանովը, որ այդ ժամանակների ամբողջ կինոարվեստը վախի կարդիոգրամմա է:

Երբ Փարաջանովը բանտից դուրս եկավ, նամակ գրեց Կարեն Դեմիրճյանին, որ ուզում է ֆիլմ նկարել Արա Գեղեցիկի կամ Սասունցի Դավիթի թեմաներով: Այս նամակը մնաց անպատասխան: Ասում էին, թե Կարեն Դեմիրճյանը չպատասխանեց նամակին:

Սակայն հետագայում ես ինքս պարզեցի իսկությունը, երբ պատահաբար հանդիպեցի Կարեն Դեմիրճյանի այն տարիների օգնականին, ով ասաց, որ դա միայն Դեմիրճյանի որոշելու հարցը չէր, նա դիմել էր Մոսկվա, պատասխանել էին` կամ Փարաջանովը ֆիլմ չի նկարի, կամ կոմկուսի քո տոմսը կդնես սեղանին:

-Իսկ ինչպիսի՞ն էին վարպետի կյանքի վերջին տարիները: Դուք հաճա՞խ էիք հանդիպում:

-Ես Փարաջանովի հետ ծանոթացա 1975 թ., երբ նա ազատվեց բանտից, առաջին անգամ եկավ Հայաստան և Գեղարդավանքում մատաղ արեց, որ ազատվել է:

Նա չէր սիրում բժշկի գնալ, չնայած շաքարախտ ուներ: 1988 թ. Ադրբեջանում նկարահանումների ժամանակ Փարաջանովն արդեն վատ էր: Հիշում եմ` թեյ տվեցի նրան, մոտ կանչեց ինձ և ասաց` կոկորդիցս արյուն է գալիս, բայց խնդրում եմ` ոչ ոքի չասես:

Դա դժբախտության սկիզբն էր: Նա քաղցկեղ ուներ, բայց միևնույն է, չէր համոզվում բժշկի դիմել: Մի եզակի անգամ որոշեց ու գնաց, երբ դեռ նոր էր սկսել նկարել «Խոստովանանքը»: Հետո պատմեց ինձ` ես միանգամից հասկացա, որ հիվանդ եմ, բժիշկներն ու հարազատներս աչքերիս մեջ չէին նայում:

Բայց նույնիսկ այդ դեպքում հրաժարվում էր քիմիաթերապիայից, պարբերական բուժումից: Եվ նրա վիճակը հետզհետե բարդացավ, դժվարությամբ էր խոսում, երբեմն հիշողության կորստի պահեր էր ունենում:

1990 թ. հուլիսի 20-ի գիշերը Փարաջանովը մահացավ …

-Տուն-թանգարանը բացվեց Փարաջանովի մահից մեկ տարի անց` 1991-ին: Փարաջանովը գիտե՞ր տուն-թանգարանի գաղափարի մասին: Ինչպե՞ս որոշվեց Երևանում նրա այս տանը թանգարան բանալ, ո՞ւմն էր նախաձեռնությունը:

-Նախաձեռնությունն իրենն էր: Թեև շատ էր սիրում Թիֆլիսը, բայց տեսնում էր, որ հայ բնակչությունը հետզհետե պակասում է այնտեղ, հայերը կորցնում են իրենց դիրքերը: Ու նա մի օր ինձ ասաց` ինչ-որ ես արել եմ, ուզում եմ լինի Հայաստանում, հնար գտիր դրանք Հայաստան տեղափոխելու:

Ես այն ժամանակ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենն էի: Մտածեցի, որ ամենալավ ձևը նրա ցուցահանդեսը մեր թանգարանում կազմակերպելն է: Փարաջանովն արդեն շտապում էր, երևի ինչ-որ բան էր կանխազգում:

Ցուցահանդեսը գործեց մոտ երեք ամիս և մեծ հաջողություն ունեցավ: Ես բացմանը հրավիրեցի տիկին Ռիմա Դեմիրճյանին և ասացի, որ վարպետը ուզում է գործերը թողնել Հայաստանում և հարկավոր է լուծել շենքի հարցը: Այս անգամ Դեմիրճյաններն իսկապես աջակցեցին: Մի քանի օրում հարցերը լուծվեցին, քաղխորհրդի որոշում եղավ` Երևանում կառուցել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Ես դիմեցի ֆինանսների նախարարություն առաջարկով, թե Փարաջանովն իր ողջ կյանքը նեղության և հալածանքի մեջ է ապրել, մեծ աջակցություն կլինի, եթե մենք նրա աշխատանքների մի մասը գնենք:

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու այդպես վարվեցի: Վրացիներն այսօր էլ կոկորդ են պատռում, թե մենք իրենցից խլեցինք Փարաջանովին: Բայց մենք արդար ենք. գործերի զգալի մասը մենք գնել ենք, հետևաբար դրանք այսօր մեր սեփականությունն են: Ես ինքս պարբերաբար նրանից գործեր էի գնում: Գիտեի, որ տարիներ անց նրա աշխատանքները գտնելն ու ձեռք բերելը շատ դժվար է լինելու:

Փարաջանովը շատ էր ուրախացել այս տան համար, մի քանի անգամ եկավ, երբ տունը քիչ թե շատ կառուցված էր, նույնիսկ խորհուրդներ տվեց: 1988 թ. երկրաշարժի ժամանակ շինարարությունը դադարեց, քանի որ մայրաքաղաքի բոլոր շինարարներին տանում էին աղետի գոտի` շենքեր կառուցելու կամ վերանորոգելու: Շինարարությունը շարունակվեց փոքր-ինչ ուշ: Ցավոք, թանգարանի բացումը եղավ առանց Փարաջանովի:

-Ի՞նչ պատմություն է ունեցել տուն-թանգարանը: Բացի ցուցահանդեսայինից թանգարանն ուրիշ ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Սկզբում թանգարանը Հայաստանի ժողարվեստի թանգարանի մասնաճյուղն էր: 1991 թ. շինանյութ գտնելը, նոր թանգարան բանալը, հաստիքներ ձեռք բերելը, այդքան ծախսեր հոգալը պարզապես անհավատալի էր: Սակայն արդեն 1993 թ. թանգարանն անջատվեց Ժողարվեստից:

Շատ դժվարություններով ենք անցնել. ձմեռներն անհավատալի ցուրտ էր, լույս չկար, դեպք էր լինում, որ ձեռքի լապտերներով էինք գործերը լուսավորում այցելուների առջև:

Բայց մի օր լուսահոգի Սիլվա Կապուտիկյանն ինձ հարցրեց. «Զավե՛ն, ինչպե՞ս ստացվեց, որ եթե առաջ մարդիկ արտասահմանից գալիս էին Հայաստան, այցելում էին Գառնի, Գեղարդ, Էջմիածին, այսօր գալիս են նաև Փարաջանովի տուն-թանգարան»:

Սա է Փարաջանովի ֆենոմենը: Եվ թանգարանը դարձավ իմ կյանքի կարևոր գործը, որն արեցի Փարաջանովի հանդեպ ունեցած իմ մեծ հարգանքից, նվիրումից ելնելով, ինձ օգնեցին շատ շատերը, որովհետև մեծ էր Փարաջանովի վաստակը:

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կարտահայտվեր ինքը` Սերգեյ Փարաջանովը, եթե տեսներ իր թանգարանը:

-Շատ կուրախանար, որովհետև այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է արվել: 1990 թվականից, երբ դեռ թանգարանը որպես այդպիսին հաստատված չէր, մենք վաթսունչորս ցուցահանդես ենք ունեցել երեսուն երկրում: Աշխարհին Փարաջանովը շատ է հետաքրքրում:

Թանգարանը տարեկան ունենում է տասնինգից տասնվեց հազար այցելու, իսկ 2008 թ. Կիևի մեր ցուցահանդեսը երկու ամսում ունեցավ քառասուներկու հազար այցելու: Սա ոչ միայն Փարաջանով արվեստագետի, այլև հայի, հայաստանցու անունն է աշխարհում:

-«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի ողջ ընթացքում զգալի էր փարաջանովյան շունչը, ինչը յուրահատուկ հնչերանգ էր հաղորդել փառատոնին: Այս համատեքստում թանգարանը ինչպե՞ս ներկայացավ արտասահմանցի հյուրերին:

-Բացի այն, որ ցուցադրվեցին Փարաջանովի հայտնի ֆիլմերը, բացվեց Յուրի Գարմաշի` Փարաջանովին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, տեղի ունեցավ Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսը: Հայաստանի կինոակադեմիան թանգարանին շնորհեց «Անահիտ» մրցանակ: Իսկ ես «Փարաջանովյան թալեր» մրցանակի արժանացա:

-Վերջերս նկարահանվեց «Փարաջանով» ֆիլմը, որտեղ արվեստագետին մարմնավորում է Սերժ Ավետիքյանը: Փարաջանովին ֆիլմում ճանաչեցի՞ք:

-Ես ֆիլմի պրեմիերային ներկա եղա Օդեսայում, որտեղ այն ստացավ մրցանակ որպես «Լավագույն ուկրաինական ֆիլմ»: Երևանում էլ է հավանության արժանացել: Տասներկու տարի ճանաչել եմ Փարաջանովին, Սերժ Ավետիքյանն էլ իմ մտերիմ բարեկամն է, ինքս մի քանի խորհուրդ եմ տվել Փարաջանովի կերպարի վերաբերյալ, սակայն, անկեղծ ասած, ինձ համար դժվար էր այնտեղ Փարաջանով տեսնելը: Թեև համոզված չեմ, որ եթե Վերդիի մասին ֆիլմը նրա բարեկամներին ցույց տան, նրանք կհավանեն այդ ֆիլմը: Կինոն մի քիչ ուրիշ է, երբեմն հորինված իրավիճակների կարիք է զգացվում, որոնք դիտողին կհետաքրքրեն, կհուզեն: Թեև Փարաջանովի կյանքը, նրա գործունեությունը, կերպարը իսկապես ֆանտաստիկ էին, նրա մասին լեգենդներ էին պատմում, նույնիսկ չեղած բաներ էին հորինում, որովհետև նրանից ամեն ինչ սպասելի էր, ուստի նրա մասին նույնիսկ վավերագրական ֆիլմը կարող է գեղարվեստական ֆիլմի տպավորություն թողնել: Իսկ մենք հաջողված վավերագրական ֆիլմեր ունենք Փարաջանովի մասին` Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով. վերջին կոլաժ»-ը, Ռոման Բալայանի «Գիշերը Փարաջանովի թանգարանում», Միքայել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարուն»-ը, Անդրեյ Դոբրովոլսկու երեքմասանոց հեռուստաֆիլմը: Շատ կարելի է թվարկել: Փարաջանովն իրոք անսպառ է:

-Իսկ ի՞նչ էր սիրում ասել վարպետն իր մասին:

-Ասում էր` ես հանճար եմ:

Զրուցեց Լազարևա Մարիան

Նյութը՝ andin.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook