Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

«ՏաԹևերը» կհուրընկալի դպրոցականներին

Օգոստոսի 25 , Երևան: Աշխարհի ամենաերկար հետադարձելի (5752 մ) ճոպանուղին՝ «ՏաԹևերը» հայտարարում է հատուկ ակցիա  դպրոցականների և մանկատան սաների համար: Նրանք առանց տոմսի կօգտվեն ճոպանուղուց: Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Բնության չքնաղ տեսարանները, Որոտանի կիրճն իր համայնապատկերով և ճոպանուղին՝ սավառնող դեպի Տաթևի վանական համալիր, կթողնեն անմոռանալի հուշեր և տպավորություններ:

2010 թ.-ից գործող և Գինեսի ռեկորդակիր համարվող «ՏաԹևեր» ճոպանուղին  Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկն է, որը նպաստում է տեղի ենթակառուցվածքների զարգացմանը և  խթանում թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջությունը: Տասը տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ մեկ միլիոն այցելու:

Չնայած նրան, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով այս տարի ճոպանուղին ունի զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազում, որը հիմնադիրներից պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում՝ ընթացիկ գործունեության ապահովման և ծախսերը հոգալու համար, «ՏաԹևերը» շարունակում է իր թռիչքները և առաջարկում նոր հետաքրքիր փաթեթներ այցելուների և հյուրերի համար:

«ՏաԹևեր» ճոպանողու  կառուցման 10-ամյակին ընդառաջ, դպրոցականներն ու մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու նաև Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիր:

«Սա դպրոցականների համար կդառնա ոչ միայն արկածներով լի ճամփորդություն և հետաքրքիր ժամանց, այլև ճանաչողական այց պատմամշակութային, հոգևոր և կրթական տեսանկյունից: Այս տարի ներքին տուրիզմի խթանման համար մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում: Օրինակ՝ հուլիս ամսին հայտարարել էինք ակցիա, որի շրջանակում այցելուները ձեռք էին բերում ճոպանուղու 4 տոմս 3 տոմսի արժեքով: Դա հատկապես խթանեց ընտանիքների այցը դեպի Տաթև»,- ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի կողմից իրականացվում են նաև Տաթևի վանական համալիրի վերականգնումն ու հարակից համայնքների զարգացումը: Ճոպանուղին հանդիսանում է վենչուրային բարեգործության նախագծի օրինակ, երբ բարեգործը չի ակնկալում ներդրված գումարի վերադարձ, սակայն նախագիծը պետք է ապահովի գործունեությունից եկամուտ, որը թույլ կտա հոգալ գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Ավելին, ճոպանուղու և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքից ստացված եկամուտն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգմանը, ինչպես նաև համայնքի զարգացման տարբեր նախաձեռնությունների:

Photo_02-1

Leave a Reply

x Close

Like Us On Facebook