Տոլմայի փառատոնը կանցկացվի Զվարթնոցի տաճարի մոտ. ի՞նչ են խոստանում կազմակերպիչները

35 տաղավարների ներկայացուցիչները կցուցադրեն ամենահամեղ ու ինքնատիպ տոլմա եփելու հմտությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Այս տարի տոլմայի միջազգային փառատոնը մյուս տարիների համեմատ ավելի մեծ շուքով կանցկացվի, ինչպես նաև կփոխվի անցկացման վայրը. «համեղ» միջոցառումը կկազմակերպվի Զվարթնոցի տաճարի մոտ։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Մայիսի 19-ին անցկացվող միջոցառումը մասշտաբային կլինի։ 35 տաղավարների ներկայացուցիչները կցուցադրեն ամենահամեղ ու ինքնատիպ տոլմա եփելու հմտությունները։ Պրոֆեսիոնալները կպատրաստեն նաև ամենաերկար տոլման, որը կարող է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում», – ասաց Մամուլյանը։

Նա նշեց, որ այս տարի միջոցառմանը միացել են նաև ռազմական խոհարարները, ինչպես նաև գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչները։

«Զվարթնոց» տաճարի տարածքում կազմակերպվող միջոցառումը կմեկնարկի 14։00-ին ու կանցնի ավանդական երգ ու պարով։

«Տեղը շատ հարմար է, և վստահ եմ, որ միջոցառումը բոլորին դուր կգա», – ասաց Մամուլյանը։

Ժյուրիի անդամների մեկը` «Բուրյաթիայի Հանրապետության խոհարարներ» ասոցիացիայի նախագահ Երվանդ Ղալաչյանն էլ նշեց, որ երկրորդ անգամ տոլմայի փառատոն կանցկացվի նաև Բուրյաթիայում։

«Այս տարի Բուրյաթիայում նույնպես փառատոնը մասշտաբային կլինի։ Ամբողջ Ռուսաստանից խոհարարներ կմասնակցեն, հյուրեր կլինեն արտասահմանից։ Միջոցառումը նախատեսված է հունիսի 11–ին», – ասաց Ղալաչյանը։

Նրա խոսքով` փառատոնը շատ է դուր գալիս խոհարարներին։ Անցած տարի հաղթել է սոխի մեջ փաթաթած տոլման։

Նշենք, որ տոլմա եփելու մոտ 80 եղանակ կա։ Հայկական աղբյուրներում տոլմայի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 5–րդ դարով։

Ի դեպ, արդեն հինգ անգամ տոլմայի փառատոն է անցկացվել Թբիլիսիում։ Ակնկալվում է, որ 4-րդ անգամ տոլմայի փառատոն կանցկացվի նաև Նյու Յորքում։

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook