Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Փոքրիկի խոսքը զարգացնող բանաստեղծություններ

Նկար

Նկարել եմ իրար մոտիկ
Մի մեծ կատու, մի մուկ պստիկ:
Վայ, ինչ սխալ բան եմ արել,
Որ իրար մոտ եմ նկարել…
Հանկարծ կատուն վրա կգա,
Խեղճ մկնիկի սևը կտա…
Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին
Ու նկարեմ հաջորդ էջին:

Գող փիսոն

Փիսիկը նստել մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու.
-Ինչու՞ ես լալիս, ա’յ փիսո ջան, դու:
-Ի՞նչ անեմ, հապա, որ լաց չլինեմ,
Գանգատ է անում փիսոն տխրադեմ:
Էն Համոն թաքուն մածունը կերավ,
Գնաց տատի մոտ, ինձ վրա դրավ:
Հիմի տատիկի հետևից ընկած
Ինձ են ման գալիս մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն, Անոն ու Մոսոն,
-Ու՞ր է, ասում են, ու՞ր է գող փիսոն,
Ա~խ, թե մի գտանք, մածուն ցույց կտանք:
Էսպես բան սարքեց էն Համոն իմ դեմ,
Ի՞նչ անեմ, հապա, որ լաց չլինեմ:
Ու փիսոն նստել մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում:

Փոքրիկի խրատը
Այ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ…
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի.
– Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
– Չաչանակ:

Իմ նկարը

Նկարեցի մի մեծ արև,
Կապույտ երկինք,
Կանաչ տերև,
Մի աղավնի
Ճերմա~կ-ճերմակ,
Մի քարե տուն,
Մի կանաչ բակ,
Հետո` քույրիկ,
Մի լավ մայրիկ,
Մի լավ հայրիկ,
Իսկ վերջում էլ`
Մի քաջ զինվոր,
Որ պահպանի
Այդ բոլորը
Գիշեր ու զօր:

Նյութի աղբյուրը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook