Քննարկվել են համագործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Յոնչոպինգ ու Ստոկհոլմ կատարած այցի մանրամասններին: Մասնավորապես կողմերը քննարկել են 2 երկրի միջև երկարամյա համագործակցության ամրապնդման, նոր ուղղությունների զարգացման, առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցեր:

Հաշվի առնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագիրը` Արսեն Թորոսյանն առաջարկել է համագործակցել նաև մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ծրագրերի շուրջ`  առողջապահության համատեքստում:

Խոսվել է Շվեդիայի կողմից առողջապահության ոլորտում կատարված ներդրումների մասին, այն է` շվեդական «Էլեկտրա» ընկերության կողմից տրամադրված գծային արագացուցիչը, որն օգնում է էապես բարելավել ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման և բուժման մակարդակը: Նախարարը կարևորել է ներդրումները առողջապահության ոլորտի զարգացման առումով և պատրաստակամություն հայտնել աջակցության:

Կողմերը նաև քննարկել են Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հեռանկարները:

«Մենք ուզում ենք փոփոխություններ կատարել առաջնային օղակում,  նպաստել ընտանեկան բժիշկների մասնավոր գրասենյակների բացմանն ու կայացմանը, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ունենան երկրում», – նշել է Արսեն Թորոսյանը:

Բիրյեր Կարլսոնը ցանկություն է հայտնել երկրների միջև փորձի և մասնագետների երկարաժամկետ փոխանակման ու համատեղ ծրագրեր իրականացնելու:

Նախարարը նաև ներկայացրել է առողջպահության նախարարության 2020 թվականի հիմնական ուղղությունները` կանխարգելիչ բժշկություն, քաղցկեղի վերահսկում և համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բիրյեր Կարլսոնին շարունակական համագործակցության համար և ցանկություն հայտնել հանդիպել Շվեդիայի առողջապահության նախարարի հետ հետագա այցի ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook