Friday, March 29, 2024
Նորություններ

ԱԱՊ օղակի զարգացման տեսլականը քննարկվել է Սյունիքի մարզի բժիշկների հետ

Առաջնային օղակի բժիշկները ոլորտի առաջնագիծն են պահում

Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպումներ է ունեցել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Նախարարն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ ունենալով՝ նրանք ոլորտի առաջնագիծն են պահում: Մարզային իր հանդիպումներն էլ երկու հիմնական նպատակ ունեն՝ առաջնագծի բժիշկներին ծանոթացնել նախարարության կողմից իրականցվող կարևոր ծրագրերին, որպեսզի նրանց միջոցով դրանք հասնեն բնակչությանը։ Եվ երկրորդ՝ համատեղ քննարկել առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը:

Զարգացման տեսլականը հրապուրիչ է և իրատեսական

Նախարարի խոսքով` նպատակն առաջիկա 2 տարվա ընթացքում առաջնային օղակի մասնագետների աշխատավարձները կրկնակի ավելացնելն է։ Ինչպե՞ս՝ թերապևտիկ հիվանդների բուժումը հիմնականում առաջնային օղակում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում կազմակերպելու հաշվին։ Հենց հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցներն էլ կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձների բարձրացմանը։ Այդպես հիվանդները բուժման ընթացքում չեն կտրվի ընտանիքից։

Սա նաև ենթադրում  ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի պատասխանատվության բարձրացում իրեն կցագրված բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման գործում։

Բժիշկներն անկեղծացել են, որ երբեմն չեն կարողանում ընդդիմանալ բնակչի՝ հիվանդանոց կամ թանկարժեք հետազոտության ուղեգրելու պնդումներին։ Ըստ նախարարի` նման դեպքերում օգնության կհասնեն աշխարհի առաջատար փորձի հիման վրա 2017թ. մշակված և տեղայնացված 300  կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Դրանք այժմ  թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր բժշկական կազմակերպություններում միանման ցուցումների դեպքում կիրականացվեն նույն հետազոտություններն ու բուժումը։

IMG_9292

Բոնուսները կձևավորվեն  չափելի արդյունքներով

Լևոն Ալթունյանը մանրամասնել է, որ հաստատուն աշխատավարձը ձևավորվում է մասնագիտական գործառույթներով, այդ թվում` նոր մեթոդաբանությամբ իրականացվող դիսպանսեր հսկողությամբ և կանխարգելիչ հետազոտություններով։ Իսկ դրան գումարվող բոնուսները կձևավորվեն չափելի արդյունքներով` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազման, պատվաստումների մեծ ընդգրկվածության, առաջնային օղակում բուժման արդյունավետության, ժամանակին և ճիշտ բուժման, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և այլ ցուցանիշներով։

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման դժվարությունները ժամանակավոր են, իսկ հեռանկարը` խոստումնալից

Քննարկման ընթացքում, ընդունելով բժիշկների այն կարծիքը, որ էլեկտրոնային առողջապահության համակարգով աշխատելիս դեռևս դժվարությունների են հանդիպում՝ նախարարն ընդգծել է, որ դրանք ժամանակավոր են։ Փոխարենն՝ առաջադեմ այդ համակարգն իր հնարավորություններով ոչ միայն կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլև զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը, հարմարավետ կլինի նաև բնակիչների համար։

Լևոն Ալթունյանը հավելել է, որ առաջիկա ամիսներին պոլիկլինիկաները կապահովվեն համակարգիչներով, որին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։ Բժիշկները հայտնել են, որ իրենք պատրաստ են և ուրախ են ոլորտում իրականացվող բարեփոխումների համար։

ԱԱՊ օղակի բարեփոխման ծրագիրը կընդունվի բժիշկներիի կարծիքններն ու առաջարկները հաշվի առնելով

Նախարարը վստահեցրել է, որ բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերվեն, որոնց լուծումներ կամ պարզաբանումներ կտրվեն։ Նա բժիշկներին հորդորել է իրենց կարծիքններն ու առաջարկությունները ներկայացնել առաջնային օղակում ցերեկային ստացիոնարի լիցենզիավորման արդեն մշակված պայմանների կապակցությամբ։

«Ես աշխարհի շատ երկրների բժիշկների հետ եմ շփվել։ Հավատացնում եմ, որ դուք անփոխարինելի եք։ Պարզապես պետք է մի փոքր ավելի հավատաք ձեր ուժերին և առավելագույնս օգտագործեք  ներքին ռեսուրսները։ Արդյունքում կհասնենք թե՛ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը, թե՛ ձեր հեղինակության բարձրացմանը»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Սիսիանի և Գորիսի ԱԱՊ բժիշկները շնորհակալություն են հայտնել կառուցողական և անկեղծ զրույցի համար։

Լևոն Ալթունյանը նշել է, որ առաջնային օղակի բոլոր բժիշկների հետ նման հանդիպումների արդյունքում ի մի կբերվեն տեղերից ստացված բոլոր առաջարկները։ Այնուհետև աշնանը երևանյան մեծ հավաք կկազմակերպվի, որտեղ էլ կընդունվի  առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը։

Հանդիպումներին մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհդական Արտեմիս Տեր-Սարգսյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook