Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալերգիա

Ալերգիա, իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է օտարածին նյութերի ներթափանցման դեմ, որոնք անվնաս են մարդկանց մեծամասնության համար։ Մեծ մասամբ ալերգիա զարգանում է ի պատասխան ծաղկափոշու և տնային փոշու տզի, որոնք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և ալերգիկ ռինիտը։ Ալերգենների կարևոր աղբյուրներ են տնային կենդանիները, սննդամթերքը, միջատները, սնկերը, դեղորայքը և արդյունաբերական քիմիկատները։

«Ալերգիա» հասկացությունը ներմուծել է ավստրիացի մանկաբույժ Կլեմենս Պիրկեն, 1906 թվականին՝ նշելու համար բուժման նպատակով հակադիֆթերիային շիճուկ ներարկելիս որոշ երեխաների օրգանիզմում առաջացած անսովոր փոփոխված հակազդեցությունը։

Misc_pollenԱլերգիկ հիվանդությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Հույն բժիշկ Հիպոկրատը (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) նկարագրել է սննդամթերքի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքեր՝ ստամոքսի խանգարում, եղնջացան և այլն։ Հռոմեական բժիշկ Գալենը (2-րդ դար) նշել է վարդի հոտից առաջացած հարբուխի մասին։ 19-րդ դարում նկարագրվել է խոտատենդը և ապացուցվել, որ այն առաջանում է բույսերի ծաղկափոշուց, ենթադրվել է նաև, որ բրոնխիալ ասթման կարող է առաջանալ փոշու ներշնչումից։ Կապված քիմիական արդյունաբերության բուռն զարգացման հետ՝ վերջին ժամանակներս գործածվում են շատ սինթետիկ նյութեր, ներկեր, լվացափոշիներ, արդյունաբերական և կենցաղային զանազան նյութեր, որոնց մեծ մասը կարող է դառնալ ալերգեն: Ալերգիան մաշկային հիվանդությունների հաճախակի պատճառ կարող է դառնալ։ Այդ դեպքերում մաշկը դառնում է չափից ավելի չոր, ճաքճքում է, առաջացնում են ցաներ ու սաստիկ քոր։

Էկզեմա ալերգիկ մաշկային հիվանդությունից խիստ տուժում են փոքր երեխաները. ախտահարվում են նրանց արմունկի ներսային մակերեսները և ծնկափոսերը։ Խոտատենդը նույնպես ալերգիայի դրսևորումներից է. դրա նոպայի ժամանակ նկատվում է հարբուխ, արցունքահոսություն, և նույնիսկ կարող է սկսվել ասթմայի նոպա։ Սովորաբար այդ ախտանիշներն ի հայտ են գալիս գարնանը, ամռանը և աշնան սկզբում։

Ալերգիայի առաջացմանը որոշակի դեր ունեն ժառանգականությունը, նյարդային և ներզատիչ համակարգերի վիճակը։ Փոխանցվում են ոչ թե ծնողների հիվանդությունները, այլ դրանց նկատմամբ նախատրամադրվածությունը՝ արտածին ալերգեններին ալերգիկ ուժեղ հակազդեցություններով պատասխանելու ունակությունը։ Ուստի, կապված ալերգենի տեսակից և օրգանիզմ թափանցելու ուղիներից, երեխաների ալերգիկ հիվանդություններն առաջանում են տարբեր ձևերով։ Ալերգիայի առաջացմանը նպաստում են նյարդային և ներզատիչ համակարգերի խանգարումները, ինչպես նաև գլխուղեղի վնասվածքները, բացասական հուզումները, մակերիկամների գործունեության թուլացումը։

Ալերգիկ հիվանդություններն ախտորոշելիս անհրաժեշտ է մանրամասն անամնեզ հավաքել հիվանդից, ճշտել ոչ միայն հիվանդության բնույթը, այլև առաջացման պայմանները։ Դա հնարավորություն է տալիս բժշկին պարզելու հիվանդության պատճառ հանդիսացող ալերգենների խումբը։ Կոնկրետ ալերգենը հայտնաբերվում է հատուկ ախտորոշիչ փորձերի և լաբորատոր հետազոտությունների միջոցով։

Ներկայումս կան բազմաթիվ հատուկ դեղանյութեր, որոնք նվազեցնում են օրգանիզմի գերզգայունությունը ծաղկափոշու հանդեպ։

Ալերգիկ խանգարումների կանխարգելման համար պրոբիոտիկների օգտագործումը հիմնված է մի քանի հասկացությունների վրա։ Առաջինը այն է, որ հաստատվել է, որ բարելավված հիգիենայի և իմունիտետի ազդեցության նվազման հետևանք հանդիսացող մանրէաբանական ազդակները վաղ մանկությունում նպաստում են ամբողջ աշխարհում ալերգիկ խանգարումների քանակի ավելացմանը։ Երկրորդը այն է, որ նորածինների աղիքային միկրոֆլորայում կան տարբերություններ, որոնք կարող են նախորդել ալերգիայի հանդեպ ժառանգական ընկալունակության վաղաժամ զարգացմանը կամ էլ համընկնել դրա հետ։ Ժառանգական հակում ունեցող սուբյեկտներն ունեն ավելի շատ կլոստրիդիաներ և հակված են ունենալու ավելի քիչ բիֆիդոբակտերիաներ, քան թե ժառանգական հակում չունեցող սուբյեկտները։

Ալերգիկ հիվանդություններով տառապողներին բուժելիս բժիշկը նախ դադարեցնում է շփումը հայտնաբերված ալերգենի հետ, այնուհետև իջեցնում դրա նկատմամբ օրգանիզմի զգայնությունը (կոչվում է առանձնահատուկ թերզգայացում(սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիա))։

Ալերգիկ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներից են գերզգայնացնող արտահայտված ազդեցությամբ օժտված նյութերի հետ կրկնակի շփման և օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունների խանգարումների կանխումը։ Առաջին խմբի միջոցառումներից են. դեղերի ընդունման սահմանափակումը, միայն անհրաժեշտության դեպքում և բժշկի հսկողությամբ դրանց նշանակումը։ Կարևոր նշանակություն ունի արդյունաբերական ձեռնարկություններում առաջավոր տեխնոլոգիայի ներդրումը՝ ալերգենների հետ աշխատողների շփումը, բնակարաններում փոշու կուտակումները կանխելու համար։ Երկրորդ խմբի միջոցառումներից է օրգանիզմը գերզգայնացնող վարակի հնարավոր օջախների վերացումը։ Այդպիսիք կարող են լինել ատամների հիվանդությունները, քթի հավելյալ ծոցերի բորբոքումը, բրոնխաբորբը, լեղապարկի և այլ բորբոքումներ։ Ստամոքսաղիքային համակարգի կանոնավոր գործունեությունը նվազեցնում է սննդային ալերգիայի առաջացման հնարավորությունները։ Կարևոր կանխարգելիչ միջոց է երեխաներին կրծքով կերակրելը։ Պարզվել է, որ արհեստական կերով սնվող երեխաները հետագայում ավելի հաճախակի են հիվանդանում ալերգիկ հիվանդություններով։ Շատ կարևոր նշանակություն ունի նաև աշխատանքի ու հանգստի ճիշտ պայմանների ապահովումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook