Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ակնաբուժությունը մեզ մոտ համապատասխանում է եվրոպական բարձր չափանիշներին. Լուսինե Բեկիրսկա-Թամազյան

Vesti.am-ը զրուցել է «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե   Բեկիրսկա-Թամազյանի հետ։

Տիկին ԲեկիրսկաԹամազյանԴուք   վաստակավոր բժիշկների ընտանիքից եք: Ձեր հայրը հայտնի վիրաբույժ էր, մայրը՝ գինեկոլոգ-մանկաբարձ: Ինչպե՞ս ընտրեցիք ակնաբույժի մասնագիտությունը:

Ծնողներս բժիշկներ էին և դեմ էին, որ ես էլ բժշկի մասնագիտությունն ընտրեի: Սակայն ես պնդեցի և ընդունվեցի Բժշկական համալսարան: Երրորդ-չորրորդ կուրսում ակնաբուժությունն ավելի հետաքրքրեց և այդ ուղղությունն ընտրեցի:

-Բժիշկների ընտանիքներում ընդունված է, որ երեխաները շարունակում են ծնողների գործը: Ձեր երեխաների պարագայում  դա այդպե՞ս է:

Ոչ, երեխաներից ոչ մեկը բժշկի մասնագիտություն չունի: Իրենք առանձնապես ցանկություն չեն հայտնել  և ես ուրախ եմ դրա համար: Կցանկանայի, որ նրանք լավ բժիշկներ դառնային, սակայն բժշկի գործը շատ պատասխանատու է և չէի ուզենա, որ երեխաներս այդքան լարված կյանքով ապրեին:

-Որքանո՞վ է բժշկի մասնագիտությունն օգնում կամ խանգարում հայ կնոջն ընտանիքում:

Շատ լավ է, որ կարողանում ես օգնել: Այնպես պետք է անես, որ ոչինչ չխանգարի: Ինչպես ցանկացած կին պետք է կարողանաս տան հոգսերը հոգալ և հիվանդների հետ կապված հուզմունքը, մտահոգությունները տուն չտանել և հակառակը:

-Մեզ մոտ ընդունված է, որ մերը միշտ քննատադում, վատաբանում ենք: Նույնն էլ բժշկության, առողջապահության հարցում է: Եթե խնդիրներ են լինում և մարդիկ ֆինանսապես ի վիճակի են, ապա նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում: Արդյո՞ք մենք զիջում ենք, օրինակ, թեկուզ   Գերմանիային կամ Ռուսաստանին ակնաբուժության ոլորտում:

Կարող եմ ասել, որ ակնաբուժությունը  մեզ մոտ համապատասխանում է եվրոպական բարձր չափանիշներին: Սարքավորումները պարտադիր նորացվում են, օրինակ, լազերային սարքը 2-3 տարին մեկ պարտադիր թարմացվում է, քանի որ նույնիսկ արտադրող ընկերությունը չունի լրակազմ (комплектация): Անգամ եթե ցանկություն լինի սարքը վերազինելու, չենք կարող, պետք է թարմացվածը, նորը գնենք: Ռուսական ակնաբուժության հետ չեմ էլ ուզում համեմատվել, քանի որ մենք իսկապես բարձր մակարդակի վրա ենք գտնվում: Ուրիշ ոլորտների մասին չեմ կարող խոսել:

-Վիրահատությունները մատչելի՞ են:

Եթե արտասահմանում աչքի լազերային վիրահատությունն արժի մոտ 8000 եվրո, մեզ մոտ այն 800 եվրոյի սահմանում է, գրեթե 10 անգամ էժան: Մեզ մոտ 17 տարի է գները չեն փոփոխվել:

-Հայաստանում աչքի հիվանդությունը երիտասարդացել է՞, ո՞ր տարիքային խումբն է թիրախային:

Այն խնդրով, ինչով որ հիմա ես զբաղվում եմ երիտասարդների մոտ է՝ կարճատեսություն: Իհարկե խնդիրը երիտասարդացել է՝ կապված համակարգիչների շատ օգտագործման հետ: Չգիտեմ դա քաղաքակրթության բարի՞ք, թե՞ չարիք ասեմ, սակայն այսօր բոլորս էլ կախված ենք   գաջեթներից և ունենք այդ խնդիրը: Կարճատեսությունն ավելի վաղ տարիքում է լինում և արագ զարգանում է և հիվանդների քանակն էլ շատանում է: Բացի այդ, կա հիվանդություն՝ կեռատոկոնուս, որը բնորոշ է հայերին և հրեաներին: Նախկինում էլ այդ հիվանդությունը եղել է, սակայն դժվար է ախտորոշվել: Հիմա կարողանում ենք շատ արագ ախտորոշել և բուժել: Այն նախկինում չբուժվող հիվանդություն էր:

-Հայերի մոտ բարդույթ կար, որ ընտանիքներում, մանավանդ աղջիկ երեխաներին, ակնոց չէին թողնում դնել և բժշկի էլ չէին տանում: Այժմ ինչքանո՞վ ենք ձերբազատվել դրանից:

Դեռ ունենք բարդույթավորված մարդիկ, հատկապես շրջաններում: Բժշկի մոտ հասնում են «մի կերպ», իսկ ակնոց կրել չեն ցանկանում: Սակայն պետք է նշեմ, որ գնալով քչանում է այդ մարդկանց թիվը: Մարդիկ արդեն հասկանում են, որ գործ ունեն իրենց առողջության հետ:

-Իրականացնում եք աչքի Էքսիմեր-լազերային վիրահատություններ: Դա իրենից ինչ է ներկայացնում և ի՞նչ վիրահատության մասին է խոսքը:

Արդեն 17 տարի է «Ավագյան» բժշկական կենտրոնում կատարում ենք Էքսիմեր-լազերային վիրահատություններ, արդեն 10 տարի է այդպիսի վիրահատություններ կատարում են նաև Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:  Էքսիմեր-լազերային նշանակում է գրգռված ատոմների անջատում: Մենք փոխում ենք աչքի բեկող ուժը և պատկերը հավաքվում է ակնահատակի վրա: Մինչդեռ կարճատեսների մոտ այն հավաքվում էր ցանցաթաղանթից առաջ, հեռատեսների մոտ՝ ցանցաթաղանթից հետո: Հեռացնելով աստիգմատիզմն ու կարճատեսությունը պատկերը բերել և հասցնել հատակին:

Վիրահատությունները կատարվում է 3 մեթոդով՝ «PRK», «LASIK» և «FSL» (բոլոր այդ վիրահատությունները կատարվում են Հայաստանում): «PRK» մեթոդի (Էքսիմեր-լազերային ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա) ժամանակ կատարվում է եղջերաթաղանթի մակերեսի մոդելավորում առանց կտրվածքի, «LASIK»-ի ժամանակ կատարվում է կտրվածք միկրովիրաբուժական սարքավորումով՝ միկրոկերատոմով, իսկ «FSL» մեթոդի (Ֆեմտովայրկյանային լազեր) ժամանակ եղջերաթաղանթի կտրվածքը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով: Վիրահատություններն ունեն երեք հիմնական կետ՝ նրանք ապահով են, կանխատեսելի և հաշվարկվելի: Մենք հիվանդին նախօրոք ասում ենք, թե ինչ տեսողություն կունենա վիրահատությունից հետ, ապահով են, քանի որ մենք չենք մտնում ակնախոռոչ և բարդություններ էլ չեն կարող լինել:

-Լազերային վիրահատությունների ժամանակ հակացուցումներ կա՞ն:

Լազերային վիրահատություններն ունեն հակացուցումներ, դրանցից առաջնայինը կեռատոկոնուս հիվանդությունն է: Կան նաև այլ հիվանդություններ, օրինակ՝ կատարակտը, գլաուկոման, կերատիտները:

-Ի՞նչ է կեռատոկոնուսը և բուժման ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ:

Կեռատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է: Ունենում է թաքնած շրջան և հնարավոր է, որ հայտնաբերվի շատ ուշ, երբ արդեն օգնել չենք կարող: Հիվանդությունն ունի 1-4 աստիճան: Այդ հիվանդության ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի և հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականից, առաջինը մենք ենք սկսել բուժել նախկինում անբուժելի համարվող կեռատոկոնուս հիվանդությունը: Կեռատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Կեռատոկոնուս հիվանդությունն այն հիվանդություններից է, որոնց դեպքում ինչքան վաղ է ախտորոշվում, այնքան ավելի արագ, հեշտ և արդյունավետ է բուժվում այն՝ անգամ ունենում ենք տեսողության լավացում:

-Ինչքա՞ն է տևում վիրահատությունը:

Էքսիմեր լազերային վիրահատությունները տևում են 5-20 վայրկյան, ամբողջ վիրահատությունը 10-15 րոպե, իսկ քրոսլինգը՝ 1 ժամ:

-Տեսողության համար ի՞նչ խորհուրդ կտաք ուտել:

Գազար, մեղր, ձուկ, կալցիում պարունակող ցանկացած մթերք:

-Որքա՞ն է համակարգչի մոտ նստելու թույլատրելի ժամանակը:

Երեխաները պետք է գոնե կես ժամ ընդմիջումով նստեն համակարգչի դիմաց, եթե շատ անհրաժեշտ է: Մեծահասակները, եթե կարողանան 2-3 րոպեով ընդմիջեն շատ լավ կլինի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե արհեստական արցունքներով խոնավեցնեն աչքի մակերեսը:

-Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին:

Կմաղթեմ, որ ուշադիր լինեն իրենց աչքի լույսի նկատմամբ և թող իրենց տներում շատ հնչի՝ Ձեր աչքը լույս լինի արտահայտությունը: Փոխաբերական և ուղիղ իմաստով, դա շատ հաճելի մաղթանք է:

Նյութի աղբյուրը՝ Vesti.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook