Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է. Ապրիլի 7-ի խորհուրդը

Ավետումն Սբ. Աստվածածնի

«Օրհնեալ ես դու ի կանայս,
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
(Ղուկ. Ա 42-43)

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և  մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38):
Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ

Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին: Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Ս. Մարիամին, այլև համայն մարդկությանը: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես և բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:

Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես և մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգևոր ծնունդը: Սնունդ ենք առնում և ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը:

Մենք պետք է նաև հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց և մայրերին, այլև խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել Ավետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին և զավակներին առանձնակի ջերմությամբ և գուրգուրանքով ենք շրջապատում և չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, ովքեր զուրկ են օթևանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը:

Մենք այն հռչակել ենք մայրության և գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի:

Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաև հետևյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Եվ Աստված Իր Միածին Որդուն մարդկանց համար բացահայտեց Աստվածածնի Ավետման միջոցով:

Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

qahana.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook