Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Այսօր Վազգեն Առաջին կաթողիկոսի հիշատակի օրն է

«Աստուած փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ»:

Վազգեն Առաջին

Վազգեն Առաջինը, ում աշխարհիկ անունը եղել է Լևոն-Կարապետ Պալճյան, ծնվել է 1908թ․-ի սեպտեմբերի 20-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պալճյանների ընտանիքը հաստատվել էր Օդեսսայում, որտեղ էլ ապագա կաթողիկոս Վազգեն Առաջինը ստանում է նախնական կրթությունը։ Ռումինիա վերադառնալուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարանում, որն ավարտելու հետո 1924թ․-ին ընդունվել է Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարան։ Արդեն 1936թ․-ին ապագա կաթողիկոսը ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, իսկ 1937թ․-ին՝ գործնական մանկավարժության բաժինը, ստացել է ուսուցիչ-մանկավարժի վկայական։

Սկսած 1930-ական թթ․․-ից ակտիվ գործունեություն է ծավալել ռումինահայ գաղութում՝ հիմնականում ազգային-հասարակական, այնուհետև նաև եկեղեցական ոլորտներում։ Առկա խնդիրները նա բարձրաձայնում էր դրանք տպագրելով Փարիզում լույս տեսնոց «Մարտկոց» թերթում։ Դրան հաջորդեց իր կողմից հիմնադրված գիտահասարակական «Հերկ» ամսագիրը՝ իր 12 համարներով։

Կարապետ-Լևոն Պալճյանը զբաղվել է ուսուցչական գործունեությամբ։ 1929-43թթ․․-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ներգրավված է եղել Ռումինիայում գտնվող հայ գերիներին օգնության կոմիտեում։

1943թ․-ը բախտորոշ նշանակություն է ունեցել Կարապետ-Լևոն Պալճյանի համար։ Սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհուրդը որոշում և Աթենք է ուղարկում ապագա կաթողիկոսին, որտեղ Սբ․ Կարապետ եկեղեցում նա ձեռնադրվում է կուսակրոն քահանա, որից հետո վերադառնում է Բուլղարիա ու իր առաջին

պատարագը մատուցում Սբ․ Հրեշտակապետաց եկեղեցում։ Երկու ամիս անց ընտրվում է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ։ 1948 թ․-ի մայիսի 23-ին Սբ․ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծում է ծայրագույն վարդապետ, որից շատ չանցած՝ 1951թ․-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ․-ի դեկտեմբերի 31-ին նա ստանձնում է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ Եվ վերջապես 1955թ․-ին ընտրվում է Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոս՝ընդունելով Վազգեն Առաջին անունը։

«Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:»

 

Վազգեն Առաջին կաթողիկոսը օծման առաջին իսկ օրվանից ծավալել է համախմբող գործունեություն, իր մեծ նպաստն է բերել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործին, կատարել է մեծ մասշտաբների եկեղեցաշինական աշխատանքներ, հեղինակել է իմաստասիրական և հրապարակախոսական բնույթի, նաև հայագիտական ուսումնասիրություններ, իր ավանդն ունի էկումենյան շարժման ու եկեղեցիների միջև հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ Վազգեն Առաջինը կատարել է շուրջ 30 հովվապետական այցելություններ Հայոց եկեղեցու թեմեր՝ նպատակ ունենալով զարկ տալ միջեկեղեցական ակտիվ փոխհարաբերություններին։ Վերանորոգել է Մայր տաճարը, Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Սբ․ Շողակաթ վանքերը, ինչպես նաև Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականում գտնվող Սբ․ Մեսրոպ Մաշտոց, Երևանում գտնվող Սբ․ Սարգիս, Սբ․ Զորավոր, Սբ․ Հովհաննես, Բաքվի, Դոնի Ռոստովի, Արմավիրի ու Մոսկվայի եկեղեցիները։ Նրա աջի օրհնությամբ Մայրավանքի մոտ կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը և այլն։

Վեհափառի շնորհիվ փրկվել ու Մատենադարան են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի կողմից զարդարված «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», պատմագիր Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության միակ օրինակը և էլի շատ ու շատ արժեքավոր գործեր։

Վազգեն Առաջին կաթողիկոսը մասնակցել է կրոնական գործիչների՝ հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Բեռլինում ու Հելսինկիում։ 1988թ․-ի փետրվարի 25-ին դիմել է Մ․

Գորբաչովին՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորելու հարցով, 1989թ․-ին վերահաստատել է Արցախի թեմը, վերաբացել Սյունիքի ու Գուգարքի թեմերը, իր մեծ ավանդն է ունեցել Արցախյան շարժման բոլոր փուլերում, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում։

Վեհափառին շնորհվել է Ռումինական Հանրապետության խաչի շքանշան 1952թ․-ին, տասը տարի անց՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի անվան մեդալ, 1968թ․-ին՝ Աշխարհի պաշտպանության Խորհրդային կոմիտեի ոսկե մեդալ, Պատվո շքանշան, 1978թ․-ին ստացել է Ժողովուրդների բարեկամության շքանշան։ 1991թ․-ին եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ։

Հայոց պետականության վերականգնման ճանապարհին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ներդրած մեծ ավանդն ու նվիրումը հաշվի առնելով՝ ՀՀ Նախագահը 1994թ․-ի հուլիսի 28-ին Վազգեն Առաջինին պատվեց որպես ՀՀ ազգային հերոս կոչմանն ու «Հայրենիք» շքանշանին։

Վեհափառը կյանքից հեռացավ 1994թ․-ի օգոստոսի 18-ին Էջմիածնում։

 

 Նյութի աղբյուրը՝  haydzayn.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook