Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ԱՆԴՐՈԳԵՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԻԱԿ ԵՂԱՆԱԿԸ

Մարդու մազերն աճում ու թափվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է: Սակայն ախտաբանական մազաթափության դեպքում ինքնավերականգնում տեղի չի ունենում: Էսթետիկ բժշկության մեջ, ներկայում, կարևոր և ինտենսիվ զարգացող ուղղություն է մազերի փոխպատվաստումը, որն իրականացվում է նաև Հայաստանում:

Թեման՝ Doctors.am-ի հետ զրույցում մանրամասնում է Դա Վինչի կլինիկայիտնօրեն, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը:

Մազաթափությունն, այսօր, թերևս ամենաարդիական խնդիրներից է ամբողջ աշխարհում: Ասացե՛ք, խնդրեմ, մազաթափության ի՞նչ տեսակներ գոյություն ունեն և ո՞ր դեպքերում է, որ խնդիրը կարելի է լուծել միայն մազերի փոխպատվաստման միջոցով:

Մազաթափության խնդիրն, այո, իսկապես լայնորեն տարածված է աշխարհում: Ամենից հաճախ (ըստ վիճակագրության՝ աշխարհի տղամարդկային բնակչության 1/3- մոտ հանդիպում է անդրոգեն կամ հորմոնալ տիպի մազաթափությունը: Այս դեպքում  մարդը ժառանգում է մի հատկանիշ, որի  համաձայն գլխի մազերը՝ հատկապես ճակատային և գագաթային շրջանում, խիստ զգայուն են տղամարդկային անդրոգեն հորմոնի նկատմամբ: Արդյունքում, այս հորմոնը քայքայում է մազարմատները, և մազերը`կարելի է ասել, հենց սկզբից «դատապարտված» են թափվելու:

Քունքային, ծոծորակային շրջաններում, ինչպես նաև մարմնի այլ հատվածներում  մազարմատները զգայուն չեն այս հորմոնի նկատմամբ:

Մազաթափության մյուս տեսակները չեն պահանջում վիրահատական միջամտություն. Խնդիրը կարելի է լուծել դեղորայքային բուժման միջոցով:

Այս խնդիրը, ինչպես հասկացանք, մեծամասամբ հանդիպում է տղամարդկա՞նց մոտ:

Այո:  հազվադեպ՝ նաև կանանց մոտ:  Մազերի խտությունը նրանց մոտ այդ հատվածներում  կարող է պակասել մինչև 5-7 անգամ:

Ընդունված է կարծել, որ մազաթափություն նկատվում է որոշակի տարիքից հետո: Սա համապատասխանու՞մ է իրականությանը:

Մազաթափությունը սկսվում է բավական վաղ տարիքում, սակայն քանի որ երիտասարդների մոտ մազերի խտությունը մեծ է, այն ընթանում է աննկատ: Մազաթափությունը կարող է սկսվել 16-18 տարեկանից: Առաջին նշաններն ի հայտ են գալիս ճակատային հատվածում, երբ խորանում են ճակատային անկյունները: Սխալ է նաև մազաթափությունը կապել որոշակի գործոնների հետ՝ բանակում ծառայելու, սթրեսների… : Սննդակարգի, ջրի, միջավայրի փոփոխությունն ընդամենը գործոններ են, որ նպաստում են մազաթափությանը, իսկ պատճառը լիովին այլ է:

Մազերի տրանսպլանտացիան անդրոգեն մազաթափության բուժման միա՞կ եղանակն է:

Այո, սա միակ ռեալ և արդյունավետ եղանակն է, որ հնարավորություն է տալիս վերականգնել մազերը և ստանալ էսթետիկ լավ արդյունք:

Մարդը, ով ունի անդրոգեն տիպի մազաթափություն, ունի երկու ճանապարհ.  հաշտվել և համակերպվել այդ մտքի հետ կամ դիմել վիրահատական բուժման:

Վաղու՞ց է աշխարհում իրականացվում մազերի տրանսպլանտացիա: Ո՞րն է վիրահատության էությունը:

Մեթոդը հայտնաբերվել է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ ճապոնացի գիտնականների կողմից: Այնուհետ, 60-70-ական թվականներից այս հարցը կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում էր: Վիրահատության էությունը շատ պարզ է: Տեղի է ունենում գլխի մազածածկույթի վերաբաշխում, կամ այլ կերպ ասած առողջ ու կայուն մազարմատների   տեղափոխություն այն հատված, որտեղ առկա է մազաթափություն: Դոնոր հատվածի հնարավորություններն, իհարկե, պետք է համապատասխանեն վիրահատության ծավալին:

Մենք առաջինն ենք սկսել իրականացնել մազերի տրանսպլանտացիան Հայաստանում և վերջին, շուրջ 15 տարիների ընթացքում կուտակել ենք ավելի քան 1000 պացիենտի հաջող բուժման փորձ:

Մազարմատներ կարելի է վերցնել միայն գլխի՞ մակերեսից:

Սկզբունքորեն, կարելի է տեղափոխել մազարմատ մարմնի ցանկացած հատվածից: Հարցն այն է, որ մազերի մեծ խտություն կա միայն գլխի մազածածկ մակերեսին, իսկ մարմնի այլ հատվածներում խտությունը բավարար չէ մեծ քանակներ տեղափոխելու պարագայում: Երբեմն՝ փոքրիկ կորեկցիաների դեպքում, կատարում ենք դոնորական մազերի տեղափոխություն մարմնի այլ հատվածներից:

Փոխպատվաստման վիրահատությունը բաղկացած է 3 փուլից. դոնորական մազարմատների կամ, այսպես կոչված, գրաֆթերի նախապատրաստում, ռեցիպիենտ կամ ընդունող հատվածում փոքրիկ անցքերի ձևավորում և  գրաֆթերի ներդրում այդ հատված:

Ի՞նչ անզգայացման պայմաններում է իրականացվում միջամտությունը:

Անկախ միջամտության տևողությունից և ծավալից, վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ: Ողջ ըթացքը անցավ է, պացիենտը գտնվում է հարմարավետ պայմաններում, կարող է հեռուստացույց դիտել, սնունդ և հեղուկներ ընդունել կամ քնել:

Վիրահատության ընթացքում կարեր լինու՞մ են:

Մազարմատների տեղափոխման 2 եղանակ գոյություն ունի՝ FUE (follicular unit extraction) և FUT (follicular unit transplantation): Մենք կիրառում ենք երկուսն էլ: Առաջինի դեպքում ծոծրակային հատվածից վերցվում է մաշկալաթ, վերքը կարվում է կոսմետիկ կարերով և ծոծրակային հատվածում մնում է բարակ սպի, որը, շատ հեշտությամբ քողարկվում է նույնիսկ կարճ կտրած մազերի տակ: Այս մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ նվազագույն քանակով մազարմատներ են վնասվում, քանի որ աշխատանքը կատարվում է օպտիկական խոշորացման պայմաններում, հատուկ միկրովիրաբուժական գործիքներով:

Մյուս տարբերակում մազարմատները վերցվում են հատ-հատ՝ էլեկտրական սարքի միջոցով և անհրաժեշտ է ընդգրկել համեմատաբար ավելի մեծ դոնորական մակերես:

Դա Վինչի կլինիկայում մենք նախընտրում ենք ծավալուն տրանսպլանտացիան կատարել FUT (follicular unit transplantation) եղանակով: Ավելի քիչ քանակի գրաֆթեր կիրառելիս նախնտրելի է համարվում FUE եղանակը:

Որքա՞ն մազարմատ կարելի է տեղափոխել 1 վիրահատության ընթացքում:

Այժմ, մեր կլինիկայում, մեկ վիրահատության ընթացքում հնարավորություն ունենք տեղափոխել 3500-4000 մազափունջ: Սա բավական մեծ քանակ է: Նման ծավալի վիրահատությունը պահանջում է արհեստավարժ թիմի մանրակրկիտ և փոխհամաձայնեցված աշխատանք, որի արդյունքում այսօր միջամտությունը կատարվում է շատ ավելի արագ և օպերատիվ:

Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական ընթացքը: Կա՞ արդյոք հատուկ խնամքի անհրաժեշտություն:

Հետվիրահատական շրջանը ընթանում է բավական հարթ, հետվիրահատական երեք օրերի ընթացքում հիվանդը ընդունում է հակաբակտերիալ, իսկ անհրաժեշտության դեպքում, ցավազրկող դեղահաբեր:  Առաջին 3 օրվա ընթացքում, պարզապես, չի կարելի լվանալ գլուխը: Վիրահատությունից հետո որևէ հատուկ խնամքի կարիք չկա: Շուրջ 2 ամիս հետո սկսում է տեղափոխված մազերի բնական աճը: Նրանք պահպանում են իրենց առաջնային կառուցվածքը, աճի տեմպերը, գույնը և որակը:

Այսպիսով, հետագայում բացառվում է նաև տեղափոխված մազերի մազաթափությունը, այդպես չէ՞:

Իհարկե: Տեղափոխված մազերն արդեն կայուն են անդրոգեն հորմոնի նկատմամբ: Սակայն նույնը չեմ կարող ասել այդ հատվածում եղած մազերի մասին: Նրանք առաջվա պես խոցելի են անդրոգեն հորմոնից և կարող են շարունակել թափվել: Սակայն դա չի վերաբերվում տեղափոխված մազերին: Սա է պատճառը, որ երբեմն հերթական նմանատիպ միջամտության անհրաժեշտություն է առաջանում:

Նախկինում փոխպատվաստում էին կատարում նույնիսկ արհեստական մազերով: Հնարավո՞ր է արդյոք, որ ամբողջական ճաղատության դեպքում մազերի փոխպատվաստման համար դոնոր հանդիսանա  այլ անձ:

Ոչ, դա բացառվում է: Մենք խոսում ենք աուտո-տրանսպլանտացիայի մասին, այսինքն այս դեպքում հենց մարդու սեփական ռեսուրսներն են դառնում դոնոր իր իսկ համար: Իսկ արհեստական մազեր փոխպատվաստելու եղանակը չարդարացրեց իրեն, քանի որ բազմաթիվ բացասական հետևանքներ ունեցավ, որոնցից թերևս ամենատհաճը մաշկաբորբն է իր առաջացրած անզուսպ քորով:

 

Ի՞նչ կասեք հոնքերի վերականգնման մասին:

Հաճախ, երիտասարդ աղջիկները՝ հոնքերի սխալ խնամքի պատճառով կորցնում են հոնքերի մազարմատները: Նրանք ստիպված դիմում են տատուաժի, ինչը  հաճախ չի ապահովում հոնքերի բնական տեսք:  Այս պարագայում սեփական մազարմատների տեղափոխությունը ևս լավագույն միջոցն է հանդիսանում հոնքերի բնական տեսքը վերականգնելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook