Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը

1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը:

Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա և ամբողջ կյանքում շարունակում է կրթվել, սովորել, կարդալ, քանի որ իր մասնագիտության մեջ նորագույն տեխնոլոգիաները մեծ դերակատարում ունեն:

2.Անզգայացման ի՞նչ տեսակներ են կիրառվում:

Առաջին անզգայացումը մոտավորապես 150-160 տարի առաջ է կատարվել: Այդ օրվանից հետո շատ բան է փոխվել: Այժմ տարբերում են ընդհանուր և տեղային (ռեգիոնար) անզգայացում: Ընդհանուր անզգայացման ժամանակ անզգայացնող դեղանյութերի օգնությամբ հիվանդին քնեցնում են, կիրառում արհեստական շնչառություն: Հիմնական նպատակն է պաշտպանել վիրաբուժական ագրեսիայից: Տեղային անզգայացման մեթոդները բազմազան են՝ ողնուղեղային, էպիդուրալ և այլն:

3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված անզգայացման տեսակի ընտրությունը:

Անզգայացման տեսակը կախված է վիրահատության տեսակից և հիվանդի ընդհանուր վիճակից:

4. Ի՞նչ ռիսկեր կան:

Ռիսկը գնահատվում է մինչև անզգայացումը հիվանդի ֆիզիոլոգիական վիճակով: Պացիենտների առաջին խումբը (ASA 1), որոնց մոտ վիրահատությունից առաջ չեն նկատվել առողջական խնդիրներ, գրեթե ռիսկ չի պարունակում (200 հազար անզգայացման դեպքում հնարավոր է 1 մահացության դեպք):

5. Ի՞նչ բարդություններ են հնարավոր անզգայացման ժամանակ:

Չմոռանանք, որ ընդհանուր անզգայացումը պացիենտի ֆիզիոլոգիական վիճակից անցումն է ախտաֆիզիոլոգիական վիճակի, քանի որ անջատվում է ինքնուրույն շնչառությունը, միանում է արհեստական շնչառություն: Դրանից կարող են բխել թե՛ սիրտ-անոթային, թե՛ շնչառական և այլ օրգան-համակարգերի հետ կապված բարդություններ:

6. Անզգայացման նկատմամբ ալերգիկ ռեակցիան պարզելու համար թեստեր կա՞ն:

Իհարկե՛, աշխարհում և ՀՀ-ում` մասնավորապես, կան ալերգոլոգ-իմունոլոգների կողմից մշակված անզգայացման նկատմամբ ալերգիկ ռեակցիան որոշող թեստեր: Սակայն նախքան անզգայացումն առաջինն ուսումնասիրվում է հիվանդի բժշկական պատմությունը: Եթե պարզվում է, որ հիվանդի մոտ բացակայում է դեղորայքային ալերգիան և իր կյանքում արդեն եղել են առանց բարդությունների անզգայացումներ, ապա այդ թեստերն իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում: Իսկ եթե պացիենտը նշում է, որ  ընդունած դեղորայքից կամ վերջին անզգայացումից հետո իր մոտ նկատվել են ալերգիկ երևույթներ, ապա անպայման անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ:

7. Ի՞նչ վնասակար հետևանքներ կարող է ունենալ անզգայացումն օրգանիզմի վրա:

Գրագետ, ճիշտ, որակյալ դեղորայքով կատարված անզգայացումը կարող է  ոչ մի բացասական հետևանք չունենալ:

8. Այն կարո՞ղ է սպանել նյարդային բջիջներին:

Ո՛չ, չի կարող:

9.Արդյո՞ք  վնասակար է հաճախակի անզգայացման կիրառումը:

Ո՛չ, եթե գրագետ անզգայացում է կատարվում:

10. Անզգայացումից առաջ պացիենտի համաձայնությունն անհրաժե՞շտ է:

Եթե հիվանդի մոտ նախատեսված է վիրահատություն և նրա գիտակցությունը պարզ է, ապա համաձայնություն ստանալը պարտադիր է: Եթե հիվանդն անգիտակից է, չի կարող կառավարել իր կյանքը, ապա որոշումն ընդունվում է բժշկական կոնսիլիումի կողմից;

11. Կա՞ անհրաժեշտություն` նախքան վիրահատությունը հանդիպելու անեսթեզիոլոգին:

Պարտադիր է:

12. Ինչպե՞ս նախապատրաստվել անզգայացման:

Յուրաքանչյուր դեպք իր առանձնահատկությունն ունի: Եթե հիվանդը չունի որևէ առողջական խնդիր՝ ASA 1 խումբն է, ապա նրան առանձնապես պատրաստելու կարիք չկա, միայն պետք է հայտնել հեղուկ և սնունդ չընդունելու ժամանակահատվածը: Եթե հիվանդն ունի  խնդիրներ և ստանում է որոշակի դեղորայք, ապա անեսթեզիոլոգն այդ մասին պետք է իմանա և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցի:

13. Ի՞նչ  հետազոտություններ են անհրաժեշտ անզգայացումից առաջ:

Յուրաքանչյուր խումբն ունի իր հետազոտությունների ցանկը: Եթե պացիենտն ASA 1 է, ապա կա ստանդարտ մի քանի հետազոտություն՝ կրծքավանդակի օրգանների ռենտգեն, արյան ընդհանուր, կենսաքիմիական հետազոտություն և արյան մակարդելիության ցուցանիշների որոշում: Իհարկե, նշանակություն ունի վիրահատության տեսակը: Ծավալուն վիրահատությունների դեպում առկա է ավելի մեծ քանակի հետազոտությունների անհրաժեշտություն: Եթե հիվանդն ունի առողջական խնդիրներ, ապա համապատասխան մասնագետների՝ սրտաբանի, թոքաբանի և այլ մասնագետների հետ խորհրդատվությունից հետո կատարվում են նրանց  նշանակած հետազոտությունները:

14. Նախքան վիրահատությունը որքա՞ն ժամանակ պետք է չուտել:

Տարբեր մոտեցումներ կան: Սննդի որակից կախված՝ չի կարելի ուտել վիրահատությունից 6-8 ժամ առաջ, հեղուկ չի կարելի ընդունել 2-4 ժամ առաջ:

15. Ո՞ր դեղերի ընդունումից պետք է հրաժարվել և ի՞նչ դեղեր կարելի է շարունակել ընդունել:

Կան դեղեր, որոնցից նախքան վիրահատությունը և անզգայացումն անհրաժեշտ է հրաժարվել, որպես օրինակ, կարող եմ նշել մակարդելիության վրա ազդող դեղերի ընդհատումը: Դա ոչ թե անէսթեզիոլոգի ցանկությունն է, այլ վիրաբուժական ցուցում է վիրահատության ժամանակ արյունահոսության վտանգը կանխելու համար:

16. Պե՞տք է դադարեցնել սիրտ-անոթային դեղերը նախքան անզգայացումը:

Պարտադիր չէ: Անհատական է:

17. Ինչպե՞ս է պացիենտը հուզական և ֆիզիոլոգիական տեսակետից տանում անզգայացումը:

Սա անհատական է, օրինակ, երեխաների դեպքում կա սթրեսային փուլ՝ վախ վիրահատարանից: Նախաանզգայացման փուլում անհրաժեշտ է նրանց պատրաստել: Ընդհանրապես, մեկ կամ երկու օր առաջ պացիենտի հետ հանդիպումը` օբյեկտիվ տվյալների հավաքումից զատ (ճնշում, պուլս), նպատակ ունի պարզելու, թե պացիենտը պատրա՞ստ է, արդյոք, բժշկական միջամտությանը, թե՞ անհրաժեշտություն կա նրան պատրաստել այնպիսի դեղերով, որոնք կհանեն նաև վախի զգացումը:

18. Վիրահատության ժամանակ կարո՞ղ է անեսթեզիոլոգը բացակայել:

Բացառվում է:

19. Հնարավո՞ր է արթնանալ վիրահատության ժամանակ:

Հնարավոր է: Դա կարող է տեղի ունենալ երկու գործոնների հետևանքով: Առաջին գործոնը սարքն է, որի միջոցով մենք շարունակաբար քնաբեր ենք տալիս պացիենտին, և եթե սարքը ոչ լիարժեք աշխատի, քնաբերը չի հասնի պացիենտին, ու վերջինս կարող է արթնանալ: Երկրորդը մարդկային գործոնն է:

20. Անզգայացումը լիովին հանո՞ւմ է ցավը:

Գրագետ անզգայացումը 100%-ով պաշտպանում է վիրաբուժական ագրեսիայի ցավից:

21. Հնարավո՞ր է հիշել կատարվածը:

Եթե լիարժեք քնած է՝ ոչ, hակառակ դեպքում հնարավոր է հիշի:

22. Որքա՞ն կարող է տևել վիրահատությունը և անզգայացումը:

Անզգայացումը տևում է ճիշտ այնքան, որքան վիրահատությունը: Գրականության մեջ հիշատակումներ կան մինչև քառասուն ժամ անզգայացման մասին:

23. Անմիջապես վիրահատությունից հետո հնարավո՞ր է գիտակցության գալ:

Այո՛:

24. Արդյո՞ք նորմալ է սրտխառնոցը անզգայացումից հետո:

Այո, նորմալ է, ինչը` սակայն,  կապված չէ անզգայացման հետ: Սրտխառնոցին նպաստող մի քանի գործոն կա, որոնցից մեկը կարող է լինել պացիենտի երկար ժամանակ հեղուկ և սնունդ չընդունելու հետևանքով կուտակված ստամոքսահյութի առաջացրած փսխումները:

25. Վիրահատությունից հետո ցավազրկողներ ներարկո՞ւմ են, և որքան հաճախ ու երկարատև:

Վիրահատությունից հետո ցավազրկողներ ներարկում են ըստ հիվանդի գանգատների: Այժմ կան սարքեր, որոնք թույլ են տալիս հիվանդին ինքնուրույն ցավազրել: Երբ պացիենտը ցավազրկման կարիք է զգում, պարզապես սեղմում է սարքի կոճակը և ցավազրկվում: Սակայն դա կարող է կատարվել ոչ հաճախ, քան ժամում մեկ անգամ, որպեսզի գերդոզավորում չլինի:

26. Վիրահատությունից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է ուտել:

Դա անզգայացման հետ կապ չունի: Պայմանավորված է կատարված վիրահատությամբ:

27. Ինչպիսի՞ն է հետվիրահատական շրջանը:

Մեր արսենալում կան դեղեր, որոնց կիրառման և կարճ վիրահատության դեպքում պացիենտը երեկոյան կարող է լինել տանը:

28. Ե՞րբ պացիենտն իրեն լավ կզգա վիրահատությունից հետո:

Պացիենտի ինքնազգացողությունը պայմանավորված է վիրահատությամբ, անզգայացման հետ կապ չունի:

29. Ծխելը, խմելը, դեղերը, վիտամինները, ժողովրդական բժշկությունը և անեսթեզիան…

Սրանք հիմնականում ուղղակի բացասական ազդեցություն ունեն անզգայացման վրա:

Նյութի աղբյուրը՝ http://armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook