Saturday, April 20, 2024
Նորություններ

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս:

Անհասությունը դասակարգվոմ է ըստ հղիության շաբաթների՝ ուշ անհասներ (>34 շաբաթական հեստացիա) և վաղ անհասներ (<  34 շաբաթական հեստացիա):

Հաջորդ կարևոր չափանիշը քաշն է.

  • ցածր քաշ՝մարմնի զանգվածը ծնվելու պահին < 2500գր,
  • շատ ցածր քաշ՝ մարմնի զանգվածը ծնվելու պահին <1500գր,
  • ծայրահեղ ցածր քաշ՝ մարմնի զանգվածը ծնվելու պահին <1000գր:

Հղիության ժամկետը հաշվարկվում է մոր վերջին դաշտանով, ՈՒՁՀ հետազոտությամբ: Եթե այդ տվյալները բացակայում են՝ հղիության ժամկետը և նորածնի զարգացման գնահատականը որոշվում է ըստ Բալարդի սանդղակի:

Որո՞նք են անհասության պատճառները:

Անհասության պատճառները բազմազան են: Այն հիմնականում ախտաբանական վիճակների հետևանք է, որոնք կարող են կապված  լինել  մոր հետ, պտղի հետ և առանց պատճառի:

Մայրական պատճառներն են.

  • բակտերիալ և վիրուսային վարակներ,
  • սոմատիկ ծանր հիվանդություններ՝ զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, երիկամների հիվանդություններ, չկարգավորվող հեստոզներ,
  • բազմապտուղ հղիություններ,
  • արգանդի և ընկերքի անոմալիաներ,
  • ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման հետևանքով  ինտոքսիկացիաներ  և այլն:

Անհասությանը նպաստում է նաև արգանդի ոչ նորմալ անատոմիական կառուցվածքը՝ երկեղջյուր, թամբաձև արգանդ: Նման դեպքերում կնոջ բոլոր նորածինները կարող են ծնվել անհաս:

Պտղի գործոններն են.

  • բնածին աատները,
  • վարակները,
  • քրոմոսոմային, գենետիկ հիվանդությունները:

Նախապես հնարավո՞ր է կանխատեսել անհասությունը:

Անհաս պտղի մասին կարելի է մտածել, երբ հղիի մոտ դիտվում են արյունահոսություն, ճնշման բարձրացում և այլ անհանգստացնող ախտանշաններ:

Այդպիսի գանգատներ ունեցող հղիները ստանում են համապատասխան բուժումներ բարձր ռիսկի հղիների հսկողության բաժանմունքում, որտեղ պարտադիր  կատարվում է պտղի թոքերի հասունացմանը նպաստող դիսթրես կանխարգելում: Սովորաբար, նեոնատոլոգները նախապես  զգուշացված են լինում սպասվող անհաս  ծննդաբերության մասին: Սակայն  լինում են դեպքեր, երբ վաղաժամ ծննդաբերությունը զարգանում է հանկարծակի:

Ինչպե՞ս է տեղի ունենում ծննդալուծումն անհասության դեպքում:

Ծննդալուծումը որոշվում է ըստ հղիության ժամկետի. որոշումը կայացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից՝ տվյալ պահի իրավիճակից ելնելով և խիստ անհատական մոտեցմամբ:

Անհաս երեխաների համար շատ կարևոր է նրանց ճիշտ ընդունումը և վարումը: Անհրաժեշտ է, որ երեխան ընդունվի տաք պայմաններում՝ հիպոթերմիան իջեցնում են երեխայի կենսունակությունը: Որքան փոքր է անհաս երեխան, այնքան ավելի տաք միջավայր է պետք  ապահովել: Երբեմն, անգամ, պոլիէթիլենային պարկերում են ընդունում ծնունդը, որպեսզի  երեխայի ջերմությունը պահպանվի:

Ի՞նչ ախտանշաններ և ինչպիսի՞ բարդություններ են դիտվում անհաս փոքրիկների մոտ:

Անհաս երեխայի մոտ բոլոր օրգան-համակարգերն անհաս են: Անհասության վտանգներից առաջինը շնչառական խնդիրներն են, որոնք կարգավորվում են շնչառությանն աջակցող սարքերի միջոցով: Անհաս նորածինների մոտ սիրտ-անոթային և մարսողական համակարգերը զարգացած են հեստացիոն տարիքին համապատասխան և բուժումը կազմակերպվում է դրանից ելնելով:

Ինչպիսի՞ն է խորը անհասության ելքը:

Անհասության բոլոր խմբերում առկա է մահացության վտանգը: Եթե քաշը 2,5 կգ-ից ցածր է, ապա մահացությունը կարող է դիտվել ծանր  վարակների դեպքում: Վտանգավոր են ծայրահեղ ցածր քաշով անհասները: Եթե ժամկետը 25 շաբաթականից ցածր է, այդ երեխաների կենսունակությունը շատ ցածր է՝ 1-5 տոկոս: Նման դեպքերում մանկաբարձ-գինեկոլոգը և նեոնատոլոգը  ծնողներին նախապես բացատրում են երեխայի վիճակի մասին:

Ինչպե՞ս է կազմակերպվում անհաս երեխայի հսկողությունը:

Անհաս երեխայի հսկողության տևողությունը կախված է անհասության ժամկետից: Դուրս գրման ժամկետները համապատասխանում են նորածնի հասունության ժամկետին, իսկ նվազագույն քաշը պետք է լինի 2 կգ-ից ավելի:

Ինչպե՞ս է կազմակերպվում խնամքը և սնուցումը:

Շատ կարևոր է անհաս երեխայի սնուցման ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է այն սկսել պարէնտերալ սնուցումից, ապա աստիճանաբար անցնել էնտերալ սնուցնամ՝ կրծքով կերակրման:

Բոլոր անհաս երեխաները կերակրվում են մայրական կաթով: Մայրական կաթի հակացուցումները նվազագույն են՝ մոր ծանր հիվանդությունները, որոշ դեղորայքի ընդունում: Եթե  կան նյութափոխանակության հետ կապված հիվանդություններ, դարձյալ կրծքի կաթը փոխարինվում է  համապատասխան արհեստական կաթնային խառնուրդներով:

Խնամքի երկրորդ էտապում, երբ ավարտվել է բուժումը, երեխան գտնվում է մոր հետ համատեղ` նույն սենյակում, որտեղ մայրերը բուժանձնակազմի հսկողությամբ  սովորում են խնամել երեխային,՝կատարել ջերմաչափում, կերակրումներ, մաշկի խնամք, վտանգավոր երևույթների գնահատում: Այս ամենը շատ կարևոր է դուրս գրվելուց հետո անհաս երեխայի ապագա զարգացման համար:

Սկզբնաղբյուր. morevmankan.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook