Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԲժիշկներ և հարցազրույցներ

Անպտղությունը դատավճիռ չէ. այն բուժելի է, կառավարելի

Հարցազրույց Ֆանարջյան կլինիկայի հիմնադիր-տնօրեն, ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանի հետ:

-Բժիշկ Ֆանարջյան, որն է համարվում անպտղություն

-Անպտղությունն իր հստակ չափանիշներն ունի: Անպտղություն է համարվում զույգի՝ մեկ տարվա ընթացքում ակտիվ սեռական կյանքով ապրելու, հակաբեղմնավորիչներ չկիրառելու դեպքում հղիության բացակայությունը: Այս դեպքում պետք է կանայք այցելեն գինեկոլոգի մոտ, տղամարդիկ՝ ուրոլոգի՝ պարզելու պատճառները: Չափազանց կարևոր է զույգի միաժամանակյա բուժումը: Հորդորում եմ տղամարդկանց բուժում ստանալ ուրոլոգի կամ սեքսապաթոլոգի մոտ, ոչ թե մաշկաբանի կամ գինեկոլոգի նշանակումներին հետևելը: Անպտղությունը բազմագործոն հիվանդություն է: Դրա բուժումը համալիր պետք է լինի:

-Ինչպիսի՞ն է անպտղության վիճակագրությունը՝ ամբողջ աշխարհում ու նաև՝ Ձեր փորձից ելնելով:

— Ընդհանուր առմամբ, ամուսնական զույգերից 15 տոկոսի մոտ նկատվում է անպտղություն: Նրանցից 5 տոկոսը այդպես էլ մնում է անպտղուղ, քանի որ այդպես էլ չի գտնվում անպտղության պատճառը: Դեպքերի 50 տոկոսը տղամարդու և 50-ը կնոջ կողմից եկող պատճառներով է պայմանավորված:

Տղամարդու մոտ անպտղություն ախտորոշումը սահմանվում է սպերմոգրամայի հիման վրա: Եթե մենք ունենք խնդիր սպերմոգրամայի հետ՝ սերմնահեղուկի քանակի, ակտիվության, մորֆոլոգիայի, ինչպես նաև հայտնաբերվում է պաթոլոգիկ սպերմոգրամա, սահմանվում է անպտղություն ախտորոշումը:

-Որո՞նք են հիմնականում հանդիպող պատճառները:

-Պատճառները տարբեր են: Կարող են լինել ինֆեկցիոն հվանդությունները: Հիմնականում սեռավարակներն են վնասում սպերմատոգենեզը: Ոչ միայն վատացնում են, այլև ամենահաճախ հանդիպող խլամիդիան, որը բերում է ամորձիների սերմնուղիների բորբոքման, ապա նաև՝ օբլիտերացիայի՝սերմնուղու փակման, հիվանդի մոտ առաջացնի օբստրուկտիվ ազոսպերմիա: Այսինքն սպերմատոզոիդն արտադրվում է, բայց դուրս չի գալիս, քանի որ ուղին փակ է:

Շուրջ 18-20 տոկոս դեպքերի պատճառը վարիկոցելե հիվանդությունն է: Այն ախտորոշվում է11 տոկոս տղամարդկանց մոտ: Սա բնածին պաթոլոգիա է: Պատճառներից մեկն է կրիպտորխիզմ հիվանդությունը, երբ ամորձին չի իջնում փոշտի մեջ, չի զարգանում, խախտվում է սպերմատոգենեզը: Այս առումով կարևոր է, որ առաջնային օղակն ուշադրություն ցուցաբերի և վաղ հայտնաբերի այս կարևոր հիվանդությունները: Ցավոք, մեր օրերում դրանք հաճախ հայտնաբերվում են զորակոչային բուժզննման ժամանակ, երբ արդեն անհնար է վերականգնել  կորցրած հնարավորությունը: Կարևոր նրբություն է, որ վարիկոցելեն ունի կլասիֆիկացիա՝ գոյություն ունի սուբկլինիկալ վարիկոցելե, որը ոչրէ կերպ չիարտահայտվում, հայտնաբերվում է միայն դուպլեքս հետազոտությամբ: Մյուսներն ախտորոշելն առավել հեշտ է, նկատելի է ամորձու ատրոֆիա, տեսանելի է երակների լայնացումը:

Պետք է նշել, որ սպերմատոգենեզը զրոյացնում է պարզապես մարիխուանայի ընդունումը: Այս վնասակար սովորությունը անպտղության կարևոր պատճառ է:

-Որո՞նք են հետազոտությունների այն ցանկը, որը պետք է անցնի մարդը լիարժեք կերպով պատճառները հայտնաբերելու համար:

-Տղամարդն ունի իր հետազոտության պլանը՝ սպերմոգրամա, եթե սերմը գտնվում է նորմայի սահմաններում, այլևս դադարեցվում են հետազոտությունները: Եթե ունենք որևէ խնդիր, հետազոտությունները շարունակվում են: Եվրոպական ուղեցույցների համաձայն՝ 2 ամիս անց այն պետք է կրկնել: Հետագա պրոտոկոլային հետազոտություններն են՝ սոնոգրաֆիան, ընդ որում քննվում է ոչ միայն փոքր կոնքի օրգանները, այլև՝ երիկամներ, միզասեռական համակարգ, լյարդ: Դուպլեքսի օգնությամբ պարզում ենք վարիկոցելեի առկայությունը, ամորձու, մակամորձու  չափսերը, ստրուկտուրան, այնուհետև հանձնվում են հորմոնները՝ ֆոլեկուլախթանիչ հորմոն,  լուտեինիզացնող հորմոն, պրոլակտին, տեստոստերոն: Պարտադիր է ինֆեկցիաների քննությունը: Շատերն են հրաժարվում այս քննությունից՝ պարզաբանելով, թե իրենք պաշտպանված և կայուն զուգընկերոջ հետ են սեռական կյանքով ապրում, մինչդեռ պետք է հիշել, որ խոսքը ոչ միայն սեռավարակների, այլ օրինակ՝ ցիտոմեգալովիրուսի, հերպես վիրուսի, միկոպլազմայի, ստաֆիլակոկային ինֆեկցիայի, սիֆիլիսի, Ձիահ-ի մասին է: Իրականացվում  է նաև սերմի ցանքս: Երբ խնդիր է հայտնաբերվում, բուժումն ընթանում է այդ ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում վիրահատվում է հիվանդը, կամ նշանակվում են հակաբիոտիկներ:

-Ո՞ր դեպքերում է վիրահատությունն անխուսափելի:

-Օրինակ Կրիպտորխիզմի ժամանակ երեխան պետք է վիրահատվի մինչև երեք տարեկանը, որպեսզի սպերմատոգենեզ իրականացնող էպիթելը չվնասվի: Պետք է նշել, որ այս պարագայում կարող է նաև չարորակացման վտանգն առաջանա, ինչպես նաև առաջանում են հակամարմիններ, որոնք ազդում են հարակից ամորձու սպերմատոգենեզի վրա:

Այն ժամանակ, երբ սպերմատոգենեզ գոյություն ունի, սակայն անհնար է դուրսբերումը, կատարվում է ամորձու բիոպսիա և միկրովիրաբուժական միջամտութոյւն է իրականացվում: Սա ազոսպերմիան է: Որոնում ենք սերմնուղիների խցանված հատվածը, անաստամոզ տեղադրում՝ ապահովելով սպերմատոզոիդների հոսքը:

-Ո՞ր դեպքերում է իրականացվում դեղորայքային բուժում:

-Դեղորայքային բուժում նշանակում ենք ինչպես վերը թվարկած վարակների պարագայում, այնպես էլ օրինակ՝ երբ ունենք սերմատոգենեզի որակը խթանելու և բարձրացնելու անհրաժեշտություն: Մենք նշանակում ենք միջոցներ, որոնք սերմի որակն են բարձրացնում: Օրինակ վիտամինային կոմպլեքս: Ապացուցված է, որ Լ-կառնիտինը, C վիտամինը, սնդիկը, ցինկը, և այլ վիտամիններ դրական ազդեցություն ունեն սպերմատոգենեզի վրա: Հատկանշական է, որ դրանք պետք է ընդունել ոչ պակաս, քան 3 ամիս: Սպերմատոգենեզն ընդհանուր առմամբ տևում է մինչև 72 օր: Ու սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում պետք է ընդունել անհրաժեշտ դեղամիջոցը: Այս առումով դրական արդյունք է նկատվում Նորմոֆերտիլի կիրառության ժամանակ: Այստեղ հաշվարկված և հավասարակշռության են բերված վիտամինները՝ իրենց անհրաժեշտ քանակով: Ընդ որում Նորմոֆերտիլում առկա L-կառնիտինը շվեյցարական արտադրության է, ինչը 90 տոկոսով արդյունավետ յուրացում է ապահովում օրգանիզմի կողմից:  Հատկանշական է, որ անպտղության դեմ ուղղված վիրահատությունները շուրջ 40 տոկոս արդյունավետութոյւն ունեն: Նույնքան էլ՝ Նորմոֆերտիլ դեղամիջոցը: Երբ վիրահատությունից հետո համադրվում է նաև դեղամիջոցի ընդունումը, անպտղության բուժման հնարավորությունը գերազանցում է 80 տոկոսը:

«Առողջություն» ամսագիր

http://healthmag.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook