Tuesday, March 19, 2024
Նորություններ

Աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ

Առողջապահության նախարարության նախաձեռնած բարեփոխումներն անցնում են գործնական իրագործման փուլ:
Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարվա կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ, ինչպիսիք են առողջապահության ֆինանսավորումը, բուժօգնության որակը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, դեղորայքային քաղաքականությունը և առողջապահական ռեսուրսներն ու բժշկական կրթությունը:
Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում 2021 թվականից: Այդ նպատակի իրագործման համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», Ասիական զարգացման բանկի (ADB) առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, հաստատված մեթոդաբանության համաձայն, իրականացնում է բժշկական ծառայությունների նորմատիվային գների հաշվարկում, ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ստանդարտ ծախսերը: Ծախսերի գնահատումը պետք է իրականացվի միջազգային և Հայաստանում առկա լավագույն փորձի համադրման միջոցով:
Այս աշխատանքների ամփոփման, արդյունքների ներկայացման և հաստատման համար այսօր մեկնարկել է եռօրյա աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցող միջազգային խորհրդատուները ներկայացնելու են միջազգային լավագույն փորձը, գնահատելու առանձին ծառայությունների համար կազմված կլինիկական ստանդարտների օրինակները:
Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման նպատակով կլինիկական ուղիների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա կարևորել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, վստահություն հայտնել, որ աշխատանքային քննարկումների արդյունքում առողջապահության նախարարության խորհրդատուները, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչները կլրամշակեն և կհաստատեն գործող կլինիկական ուղեցույցներն ու սխեմաները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծառայությունների գների հաշվարկման համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook