Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Աշուն է, անձրեւ է…

Ոմանց համար աշունը դա անսպասելի հյուր է, որ հանկարծակի թակում է դուռը եւ ամենաանհարմար պահի, երբ դեռ չես հասցրել լվացվել, լավանալ ատամներդ, ներս է մտնում եւ այնպիսի մի աղմուկ է հանում, որ կարծես փորձում է այդ աղմուկի ու անսպասելիության տակ թաքցնել իր գալուստով արձանագրվող ամառային ջերմ ու լուսավոր օրերի ավարտը։

Ոմանց համար էլ աշունը դա գույնըզգույն գորգ է, դա փրդյա գունավոր թելերից գործված տատիկի գուլպաներն են, որ այնքան ջերմ ու ցանկալի են, որ հաճախ մոռանում ես, թե ինչպես են բրդյա թելերի մազիկները ծակծկում մաշկդ։ Աշունը, լինելով տարվա ավարտի ազդարարը, միեւնույն ժամանակ իրենով ազդարարում է նոր սկիզբ, նոր կյանքի սկիզբ։

Որքան էլ տարօրինակ է, բայց դա այդպես է. մրգատու ծառերի հասուն պտուղները ընկնելով հողի վրա, ծածկվում են ծառերից թափվող տերեւների մի հաստ շերտով եւ պատրաստվում գանանային արեւի առաջին իսկ ճառագայթների հետ սկիզբ տալ նոր կյանքի։ Աշունը իր հետ բերում է թախիծ, կարոտ, չիրականացված նպատակների մեծ ու անսպառ շարանով պայմանավորված ընկճախտ, բայց, միեւնույն ժամանակ՝ ռոմանտիկա, սեր ու, ինչքան էլ տարօրինակ կթվա՝ ջերմություն։

Իրար հակասող այդ գործոնների համադրությունն էր, որ ստիպում էր մետրոյի գետնանցումում ամբողջ տարի դիմանկարներ նկարելով օրվա հաց վաստակող նկարչին ամբողջ տարի սպասել աշնանային օրերին, եւ օդում առաջին իսկ թափառող տերեւներ նկատելիս սլանալ դեպի այգիներ, անտառներ՝ տերեւների եւ ծառերի անզուգական խաղը անմահացնելու համար։ Նրա համար տարին եւ կյանքը ինքնին սկսվում էր աշնանային օրերին, երբ արեւի աղքատիկ ճառագայթները՝ ընկնելով հողի վրա տաքացնում էին այն, երբ նույնսիկ թեթեւ քամին կարող էր մերկացնել հսկա ծառերը եւ երկինքը լցնել տարատեսակ տերեւների անվերջ թվացող պարով։

  Հեղինակ` Միհրան Մարտիրոսյան

Բժ. Միհրան Մարտիրոսյան Dr. Mihran Martirosyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook