Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Աչքի ցանցաթաղանթի լուսանկարը կօգնի փրկել Հայաստանի դիաբետիկներին կուրությունից

Հայաստանում ծրագրում են գործարկել նոր նախագիծ, որը կօգնի հազարավոր դիաբետիկների փրկել կուրությունից՝ նախագծի շրջանակում դիաբետիկների աչքի ցանցաթաղանթը լուսանկարելու են, ու այդ լուսանկարներով նրանց մոտ ախտորոշելու են դիաբետիկ ռետինոպաթիա, իսկ հետագայում՝ բուժելու են այն, կանխելով կուրացումը։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում պատմել է  Հայկական ակնաբուժության նախագծի (Armenian EyeCare Profect, AECP), հիմնադիր, Հարվարդի  ակնաբույժերի կազմակերպության նախագահ Ռոջեր Օհանեսյանը։

Դիաբետը ամբողջ աշխարհում կուրության թիվ մեկ պատճառն է, դեպքերի 95 տոկոսում մարդիկ կուրանում են հենց դիաբետի բարդացումներից։ Այսօրվա դրությամբ դիաբետով է տառապում բնակչության մոտ 9 տոկոսը։ Հայաստանում դիաբետիկների հաշվարկային թիվը 270 հազար մարդ է, նրանցից շատերը դեռ չգիտեն, որ դիաբետ ունեն։ Յուրաքանչյուր երրորդ դիաբետիկի մոտ զարգանում է դիաբետիկ ռետինոպաթիա՝ բարդացում, որը հանգեցնում է ակնախնձորի ցանցաթաղանթի անոթների ախտահարմանը, ինչի հետեւանքով հիվանդի տեսողությունը վատանում է կամ էլ կարող է վերանալ։ Դիաբետիկ ռետինոպաթիա ունեցող յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ զարգանում է կուրություն։

Սակայն եթե հիվանդն արդեն իսկ ունի դիաբետիկ ռետինոպաթիա, կուրությունից կարելի է խուսափել, եթե խնդիրը ժամանակին հայտնաբերվի ու բուժում սկսվի։ Հենց դրան էլ ուղղված է Հայկական ակնաբուժության նախագծի նոր ծրագիրը։ Երեւանում եւ երկրի շատ մարզերում դիաբետիկների աչքի ցանցաթաղանթը անվճար լուսանկարելու են, ու այդ լուսանկարների հիման վրա նրանց մոտ հնարավոր կլինի հայտնաբերել խնդիր ու  ուղարկել բուժման։

Աչքի ցանցաթաղանթի լուսանկարը արվում է հատուկ ռետինալ տեսախցիկի օգնությամբ՝ այդ սարքը ունի թվային տեսախցիկ, որը վառ լուսավորում է աչքի հատակը, անելով հստակ ու խոշոր լուսանկարներ, որոնք հետո փորձագետները վերլուծում են  ախտորոշման համար։ 5 նման տեսախցիկներ արդեն ձեռք են բերվել Հայկական ակնաբուժության նախագծի կողմից՝ դրանք արդեն տեղադրում են մարզերի ու մայրաքաղաքի ակնաբուժական կենտրոններում։

«Մենք ուզում ենք հասնել նրան, որ լուսանկարենք երկրում յուրաքանչյուր դիաբետիկի ցանցաթաղանթը։ Մենք Հայաստանում սկսում ենք արշավ, որպեսզի բոլոր դիաբետիկները իմանան, որ  պետք է ստուգեն տեսողությունը, որպեսզի մենք ժամանակին նրանց մոտ հայտնաբերենք դիաբետիկ ռետինոպաթիան ու կարողանանք նրանց բուժում առաջարկել ու կանխել կուրությունը»,- նշել է Ռոջեր Օհանեսյանը։

Նա հավելել է, որ եթե դիաբետիկը զրկվում է տեսողությունից՝ դա լուրջ խնդիր է ոչ միայն նրա ընտանիքի, այլեւ ամբողջ հասարակության եւ երկրի տնտեսության համար՝ հիվանդն արդեն չի կարող աշխատել ու նրա երկու ազգականները պետք է անընդհատ խնամեն նրան, արդյունքում նույն ընտանիքի երեք անդամներ չեն կարողանա աշխատել։

Նախագծի հաջողությունը, Ռոջեր Օգանեսյանի խոսքով մեծամասամբ կախված է լինելու բուն դիաբետիկներից, եթե մարդը գիտի, որ դիաբետ ունի, նա պետք է գնա հետազոտության։

«Յուրաքանչյուրը կարծում է, թե կուրությունը կարող է սպառնալ ցանկացածին, բայց ոչ իրեն։ Իրականում դիաբետիկների մեկ երրորդի մոտ դիաբետիկ ռետինոպաթիա կա ու այդ հիվանդությամբ յուրաքանչյուր երորրդի մոտ վաղ թե ուշ կզարգանա կուրություն։ Դրա համար էլ , եթե դիաբետ ունեք, պարտադիր ստուգեք աչքերը։ Ու եթե ձեր ընտանիքում որեւէ մեկը դիաբետ ունի, դա նշանակում է, որ դուք էլ դրա զարգացման բարձր ռիսկի խմբում եք, ու պետք է ուշադիր լինեք ձեր առողջության ու ձեր տեսողության հանդեպ»,- ասում է մասնագետը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook